* * *
Երեկոյան տարբեր սենյակներում նույն վեճն է գնում: Ժամը 7-ին շատերը միացրել են իրենց ռադիոընդունիչներն ու «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներով փորձում են իմանալ, թե քաղաքում ի՞նչ է կատարվում: Լսողներից մեկն էլ ես եմ: Հրամանատարական կազմից ոմանք շրջում են սենյակներով ու բացատրում, որ թշնամական ալիքներ չի կարելի լսել: Պարզվում է, որ այս հաղորդաշարը իրականությունը ներկայացնում է խեղաթյուրված, ընդդիմադիրների համար ձեռնտու տարբերակով: Պատճառաբանությունն էլ այն է, որ հաղորդումն ամերիկյան է, իսկ ամերիկացիները, իբր, Հայաստանում հեղաշրջում են կազմակերպում:
Պարզվում է, որ իրական տեղեկատվություն ստանալու համար պետք է հեռուստացույց նայել ու ամենաճիշտը հանրային հեռուստատեսությունն է: Սա արվում է ոչ այնքան խորհրդի, որքան պարտադրանքի տեսքով:
Այժմ ստիպված եմ «Ազատություն» ռադիոկայանի լուրերը լսել թաքուն, ինչ-որ մի տեղ փակված, թաքնված: Ժամը 3-ին ու ժամը 7-ին ամեն օր ստիպված եմ նոր բացատրություն հնարել, թե որտեղ եմ եղել:
* * *
Փոստատարին նախ իմ ներկայությամբ խիստ զգուշացվեց, որ որևէ մեկին ընդդիմադիր թերթ չպետք է բերի: Զգուշացնողը խոսելու ընթացքում խիստ ու բարկացած հայացքով ինձ էր նայում, իսկ ես խորամանկ ժպտում ու ձայն չէի հանում: Այնուհետև փոստատարին պարզապես արգելվեց զորամաս մտնել, զորամասը «զրկվեց» թերթերից:
Իրականում ես ունեմ պահուստային մի քանի մեթոդ ինձ անհրաժեշտ թերթերը ստանալու և ամեն օր ստանում եմ մի խումբ «ընդդիմադիր» թերթեր, թաքուն ընթերցում եմ դրանք: Հուսով եմ, որ այդ մեթոդները չեն բացահայտվի ու ես կշարունակեմ թերթեր ստանալ, տեղեկանալ թե երկրում իրականում ինչ է կատարվում, այլ ոչ թե սահմանափակվել հեռուստատեսային լուրերով ու սպաների հաղորդած տարօրինակ, իրականությանը չհամապատասխանող, չարությամբ փայլող լուրերով:
* * *
Սենյակը, որտեղ աշխատում եմ, դառնում է գաղտնի շտաբ: Որքան ցանկանում եմ հեռու մնալ քաղաքական քննարկումներից, զորամասի հրամանատարությունը իր գործունեությամբ ինձ ակամա ավելի է դրդում դրան:
Զորամասի միակ բացահայտ «ընդդիմադիրը», Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, համակիրը ես եմ: Էլի շատերը կան, բայց նրանք զգուշանալով, վախենալով, իրենց չեն բացահայտում: Այդպիսիք կան թե սպայական, թե զինվորական կազմում:
Նրանք իրենք էլ իրար մասին չգիտեն: Նրանցից ամեն մեկը կարծում էր, որ միայն ինքն ու ես ենք զորամասում այդ համոզմունքների տեր: Այդ կասկածները ես ցրում եմ, սակայն խոստումիս համաձայն նրանց իրար մոտ չեմ բացահայտում: Թեև մի քանիսն արդեն իրար մասին գիտեն, իրար հետ էլ կիսվում մտորումներով, թարմ լուրերով:
Այս մարդկանցից ամեն մեկը գալիս է իր ստացած թարմ լուրերն հաղորդելու, ինձնից այլ լուրեր ստանալու համար: Արդյունքում ունեմ ինֆորմացիայի 4 աղբյուր, որոնք են ընդդիմադիր մամուլը, «Ազատություն» ռադիոկայանը, իմ հարազատները՝ հեռախոսի միջոցով և այս «ընդդիմադիր թիմը», որի գոյության մասին միայն ես գիտեմ: Իրականում կա ևս երեք աղբյուր, որոնք են իշխանական հեռուստատեսությունը, իշխանական մամուլը և ոչ ընդդիմադիր սպաները, ովքեր ինձ հետ պարբերաբար քաղաքական զրույցներ են անցկացնում, տեղեկացնում քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես «բարբարոս ժողովրդի» Ազատության հրապարակում կատարած «բարբարոսությունների» մասին, հույսով, որ ինձ կարող են «ճիշտ» ուղու վրա բերել, փոխել իմ քաղաքական հայացքները:
Փաստորեն ստիպված եմ ամբողջ ժամանակ «զտել» այս բազմազան տեղեկատվությունը, որպեսզի ինձնից սխալ լուրեր դուրս չգա:
Այսպիսով, ես ինձ փոքր ինչ բավարարված եմ զգում, որ թեև Ազատության հրապարակում չեմ, բայց էլի ինչ-որ բան անում եմ: Խորը մտածելու դեպքում հասկանում եմ, որ արածս իրականում ոչինչ է, որ սա ընդամենը ինքս ինձ մխիթարելու միջոց է:
* * *
Զորամասում սկսվում են խոսակցություններ ընդդիմության իրական գործունեության մասին, զինվորներն իրար հաղորդում են, թե քաղաքում ինչ հուժկու շարժում է, որ շարժումը լրիվ խաղաղ բնույթի է, որ հեռուստատեսության լուրերը սուտ են:
Հրամանատարական կազմը սկզբից չի հասկանում, թե այս լուրերը որտեղից են տարածվում: Չէ՞ որ զորամասի ամբողջական մեկուսացումն ապահովված է: Սակայն շուտով ինչ-որ մարդիկ ասում են, որ նրանց այդ լուրերը հասել են Արտակից: Արտակը ես եմ, այդ մասին ասողների հետ երբևէ քաղաքականությունից չեմ խոսել ու չգիտեմ, թե իրական մատնիչն ով է: Իմ «համախոհների» շղթան արդեն մեծ է, ես արդեն չեմ կարող իմանալ, թե կոնկրետ ում դեպքում եմ սխալվել: Բռնածս ուղղությունից հետ կանգնելն արդեն ուշ եմ համարում:
Սկսվում է «դաստիարակչական» ու «բացատրական» զրույցների հերթական շարքը:
Համախոհ սպաներից մեկը որպես գաղտնիք փոխանցում է, որ արդեն կա նախնական որոշում ինձ «ճաղերի ետևն ուղարկելու» մասին: Մանրամասներին նա էլ ծանոթ չի:
Անշուշտ սա ընկճում ու վախեցնում է, բայց մյուս կողմից հասկանում եմ կամ հավատում, որ այդպիսի բան չի լինելու, որ սա ընդամենը հոգեբանական ճնշում է: Կարծում եմ, որ ինչ-որ մեկն այդ խոսակցությունը որոշակի նեղ շրջանում շրջանառության մեջ է դրել վստահ, որ այն ինձ կհասնի, ես կվախենամ, «գործունեությունս» կդադարեցնեմ:
Հետևաբար հիմա համար մեկ խնդիրը չընկճվելը, սթափ մնալը, չվախենալն է, հարազատներիս հետ հեռախոսազրույցներում իմ ընկճվածությունը, իրական հոգեվիճակը ցույց չտալը, բարեկամներիս ոգևորիչ խոսքեր ասելը ու կոչ անելը, որ պայքարից ետ չկանգնեն:
Այդ անելիս ինձ զգում եմ դավաճանի դերում: Չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվել, որ ես էլ Ազատության հրապարակում չեմ:
Էջանիշներ