Ուշադրություն.
Նախապես ուզում եմ ներողություն խնդրել այս նյութը տեղադրելու համար: Այն հում է: Դեռ պետք է մշակվի: Այն կիսատ է: Հնարավոր է, որ լրիվ կփոխվի: Հնարավոր է, որ այն ամենևին չունի գեղարվեստական արժեք: Սակայն այստեղ որոշ չափով կբացահայտվի ոչ միայն իմ կյանքն այս օրերին, այլև այն, որ քոչարյանասերժական քարոզչությունն իրապես կարողացավ հասնել ժողովրդի որոշակի խավերի միջև թշնամության ստեղծմանը: Ինչևէ, եթե հետաքրքրում է, կարդացեք:
16. Արտակարգ դրություն
Թեև ես ողջ ժողովածուն անվանել եմ «բանակային օրագիր», բայց թերևս ամենից ավելի օրագրային տեսք կստանա այս գլուխը: Այսպիսով, այս տողերը գրելիս կարող եմ փաստել, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվելիք ՀՀ նախագահական ընտրություններն արդեն անցյալում են: Ընտրություններում «հաղթեց» վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը սկսեց հզոր միջոցառումների շղթա, համաժողովրդական ընդվզում: Այս ամենին, անշուշտ, ընթերցողս ծանոթ է, այնպես որ չեմ կարծում, թե կարիք կա կանգ առնել իրականության նկարագրության վրա: Ավելի հրատապ է նկարագրել այդ օրերի բանակային կյանքը, որը կանեմ օրագրային կարճ հաղորդագրությունների տեսքով:
* * *
Զորամասում կտրուկ ավելանում են պատասխանատու-հերթապահները, զորամասի ներսում մտցվում է պարեկային ծառայություն: Զորամասի բոլոր արտաքին պատերը հսկվում են զույգ-զույգ զինծառայողների կողմից: Մանրամասները չի հաղորդվում, բայց ասում են, որ հարձակում է սպասվում զորամասի վրա՝ զենք-զինամթերքը գողանալու նպատակով: Ասում են, որ այդ հարձակումը նախապատրաստում են ընդդիմադիրները: Այս պնդումներին վերաբերվում եմ, անշուշտ, քմծիծաղով:
* * *
Հերթական օրն է: Աշխատանքային ժամն ավարտված է, իսկ հրամանատարական կազմը չի շտապում տուն գնալ: Զորամասը նրանք լքում են միայն կեսգիշերն անց:
* * *
Այսօրվանից զորամասում, ինչպես և Հայաստանի Հանրապետության շատ ու շատ այլ զորամասերում «արտակարգ իրավիճակ» է: Զորամասի բոլոր սպաները այսուհետ չեն լքելու զորամասը: Իմ տեղեկություններով նախնական հրամանով տասն օր շարունակ նրանք զօրուգիշեր լինելու են զորամասում: Զորամասը փոթորկում է: Չգիտես, թե որտեղից զորամաս լուրեր են հասնում, որ քաղաքի կենտրոնում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, ուժայինները գրոհել են ժողովրդի վրա, ծեծում են, կան կրակոցներ ուժայինների և երկրապահների միջև: Հեռախոսազանգերով պարզում եմ, որ լուրերը մտացածին են, սակայն զորամասում խոսակցությունները շարունակվում են տարածվել նոր թափով, հաշվի չառնելով իմ հերքումները: Մթնոլորտը շիկացած է:
Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ լուրեր զորամաս տեղ են հասել ժամանակից շուտ՝ դեռ իրադարձությունը տեղի չունեցած: Անհանգիստ եմ, սպասում եմ իրավիճակի վատ զարգացման:
* * *
Այսօր զինվորներից մեկի հետ լուրջ բախում ունեցա: Պատճառը քաղաքականության մասին զրույցն էր: Կարողացա ժամանակին ինձ տիրապետել, վիճակը հարթեցի: Քիչ անց ուրախ զրուցելով իրար հետ սուրճ էինք խմում: Բայց վիճակն իրոք լարված է, բոլորը նյարդայնացած են: Ամենուր վիճաբանություններ ու կռիվներ են՝ ամենատարբեր առիթներով: Այդ վիճաբանություններից ու կռիվներից անմասն չեմ մնում:
* * *
Շատերը ցույց են տալիս իրենց մարդկային արժեքների բացակայությունը, իրենց մանր մարդ լինելու փաստը: Ինձ հաճախ ուղեկցում են թշնամական կամ ատելությամբ լի հայացքով: Հետևիցս բացականչում են «Ընդդիմություն», «Օպոզիցիա», «Պարտված», «Լևոնական», «ՀՀՇական»: Սրանցից շատերը համարում են, որ «արտակարգ իրավիճակի» մեղավորը ես եմ ու լարվում են իմ դեմ: Սա իհարկե ազդում է իմ տրամադրության ու հոգեվիճակի վրա: Սակայն առայժմ ինձ տիրապետում եմ: Միշտ քայլում եմ հանգիստ, հպարտ, գլուխս բարձր: Սադրանքներին չեմ ենթարկվում: Հստակ գիտակցում եմ, որ դեպքերի մեծ մասում իմ արձագանքը բերելու է լուրջ բախումների, անգամ ծեծկռտուքի: Ես դրան չեմ գնում, քանի որ գիտեմ, որ դրա անհրաժեշտությունը, կարիքը չկա:
* * *
Ինձ տարբեր մարդիկ կանչում ու փորձում են բացատրել, որ Տեր-Պետրոսյանը պարտվել է, Սերժ Սարգսյանը բացահայտ հաղթանակ տարել առանց որևէ ընտրախախտումի: Լսում եմ բացահայտ արհամարհական ու ծաղրական ժպիտը դեմքիս: «Ձեր բերա՞ծ ստորագրությունները հիշում եք», - հարցնում եմ արհամարհական: Լռում են, չգիտեն ինչ պատասխանել: Միայն մեր զորամասում հավաքվեց ավելի քան 700 մարդու ստորագրություն, անձնագրային տվյալներ, այլ մանրամասներ՝ ի օգուտ վարչապետի: Մեզնից ոչ մեկը չի հասկանում դրա նշանակություն, թե կոնկրետ ինչ եղանակով են օգտագործվելու այդ ցուցակները, բայց հասկանում ենք, որ այստեղ ինչ-որ անօրինական բան կա: «Իսկ հրամանատարության քարոզչությունը հիշու՞մ ես», - շարունակում եմ հարցնել՝ նույն արհամարհական ժպիտը դեմքիս: Չէ որ ընդամենը մի քանի օր է անցել այն օրից, երբ մեզ «բացատրում էին», ուղղորդում, թե ում է պետք նախագահ ընտրել և ում չի կարելի: Դա այն դեպքում, երբ օրենքը հստակ ասում է, որ զինծառայողները քարոզչության իրավունք չունեն: Նրանցից ամեն մեկը լավ պետք է հիշի, թե զինվորներին ընտրատեղամաս տանելիս երբ բացատրում էին ընտրությանը մասնակցելու ձևը, «պարտադրական» հիշեցնում էին ընտրացուցակում Սերժ Սարգսյանի համարը: Եվ այսքանն էլ բավական է, որպեսզի փաստենք, որ ընտրություններն անցել են խախտումներով: Իմ ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ ողջ բանակում այս օրենքները նույն ձևով խախտվել են: Նրանք նորից լռում են:
Ավելացվել է 28 վայրկյան անց
* * *
Խոսակցություն է տարածվում, թե իբր հնարավոր է, որ մեր զորամասից ժողովրդի դեմ զորք հանեն: Շատերը, կարծես թե, դրան վերաբերվում են որպես շատ սովորական երևույթի: Չեն մարում նաև խոսակցություններն այն մասին, որ ընդդիմությունը կարող է հարձակվել զորամասի վրա՝ զենքերը գողանալու նպատակով:
Շատ խիստ խոսում է սպաներից մեկը, կոչումով գնդապետ.
- Ես տղամարդու խոսք եմ տալիս, եթե զորամաս որևէ մեկը զինված մտնի, առաջինը նրա վրա ես կկրակեմ ու չեմ թողնի, որ որևէ մեկը զորամասի վրա հարձակվի: ԲԱՅՑ... եթե այստեղից որևէ մեկդ զինված դուրս եկաք ժողովրդի դեմ գնալու համար, նրա վրա հարձակվելու նպատակով, դրա վրա առաջին կրակողն էլ եմ ես լինելու: Այստեղից ոչ մեկը ժողովրդի դեմ չպիտի դուրս գա: Թող իրենք իրենց հարցերը լուծեն, մենք չեզոք ենք մնալու: Ես իմ խոսքն ասացի:
Այս հայտարարությունն ուղեկցվում էր խիստ հայհոյանքներով, զգացվում էր, որ հայտարարության հեղինակը լուրջ է տրամադրված:
Բոլորը շփոթված լռեցին: Ես ուրախ ժպտացի:
Այո՛, բանակում կարգին մարդիկ կան:
* * *
Զորամասում պատրաստվում են, որ երկրում արտակարգ իրավիճակ մտցնելուն պես պահակային խմբեր ուղարկեն ինչ-որ կամուրջներ հսկելու համար: Ասում են, խոսում այն մասին, որ իբր նրանց գործն այն է լինելու, որ հսկեն, որ ընդդիմությունն այդ կամուրջները չպայթեցնի: Ես կարծում եմ, որ այդ խոսակցություններն այստեղ տարածում են մարդկանց մեջ վախ ու ատելություն սերմանելու համար: Այդ կարծիքս հենց հաջորդ օրը Ազատության հրապարակում հաստատելու է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը ու ինձ այդ մասին լուրեր են հասնելու:
Իսկ ատելությունն արդեն կա: Ինձ ուղղված ատելությամբ լի հայացքները շատանում են: Բոլորին արդեն ձանձրացրել է այս կարգավիճակը և նրանք, բնականաբար, մեղավոր են փնտրում: Ես զգում եմ, որ այս ամենը արդեն իմ հոգեկան աշխարհի վրա էլ է ազդում, փորձում եմ ամուր մնալ: Դեռ ստացվում է:
Իսկ երկրում արտակարգ իրավիճակ դեռ չեն մտցրել: Ընդդիմությունն ու ժողովորդը, իմ տեղեկություններով, խաղաղ ցույցեր են անցկացնում, մինչդեռ իշխանական լրատվությունն անընդհատ ահազանգում է, որ այդ ցույցերը խաղաղ չեն, ցուցարարները զինված են, հանցագործ են և այլն:
Զորամասում ևս այդ կածիքն է գերիշխում: Նաև ասում են, որ այդ ցույցերին մասնակցում են որոշակի գումարի դիմաց: Չեմ դիմանում: Ամեն մեկին, ով ինձ սկսում է դա բացատրել, ստիպված եմ լինում բացատրել, որ այնտեղ իմ ընկերներից ու հարազատներից շատերն էլ այս օրերին, որ նրանցից ոչ մեկը գումարի համար չի այնտեղ գնում, որ նրանք գումար չեն ստանում, որ նրանք խաղաղ մարդիկ են, զինված չեն ու անօրինական գործողությունների չեն պատրաստվում դիմել: Խոսակիցներիս շատերը այդ ամենը լսելով ոչ թե հասկանում այլ լրացուցիչ ատելությամբ լցվում իմ նկատմամբ.
- Քո ծանոթներին զանգի ասա, որ տուն գնան, հերիք է օրենքը խախտեն ու մեր երկիրը տանեն կործանման, - ասում են ինձ:
- Նրանք ընդամենը օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից ու ոչ մեկը՝ ես կամ ուրիշը, իրավունք չունի նրանց տուն ուղարկել, - պատասխանում եմ հանգիստ, ինչի արդյունքում ինձ ուղղված հայացքն ավելի թշնամական է դառնում:
Երազում եմ Ազատության հրապարակ գնալու, մտերիմներիս կողքին կանգնելու, բռունցքս վեր բարձրացնելու ու «Ազատությու՛ն» գոչելու մասին:
* * *
Ինձ կանչում է հրամանատարներից մեկն ու ասում, որ հեռախոսս պետք է իրեն հանձնեմ:
- Կարող ես բոլոր հեռախոսահամարները ու անձնական տվյալները մեջից ջնջել, հեռախոսդ անջատել ու ինձ տալ, - ասում է:
Այս քանի օրը անընդհատ քմծիծաղ եմ տալիս, սրանց բոլոր արարքները ծիծաղելի ու սպասելի են: Դրանք, իրականում, թույլ մարդկանց արարքներ են: Նորից քմծիծաղում եմ ու չեմ սպասում լրացուցիչ բացատրությունների, դիմում եմ նրան.
- Պարոն փոխգնդապետ, եթե կարծում եք, որ ես այստեղի իրավիճակի մասին պետք է դուրս ինֆորմացիա փոխանցեմ, կամ դրսում տիրող իրավիճակի մասին ինֆորմացիա ստանամ, չարաչար սխալվում եք: Հեռախոսն ինձ լրիվ ուրիշ բանի համար է անհրաժեշտ՝ հարազատներիս հետ կապ հաստատելու համար: Իսկ եթե ես ուզեմ այդպիսի ինֆորմացիա ստանալ կամ փոխանցել, հավատացնում եմ, հեռախոսս Ձեզ հանձնելուց հետո էլ դրա ճանապարհը կգտնեմ: Այնպես որ եկեք համաձայնվեք, որ հեռախոսս պետք չի, որ հանձնեմ: Ավելի լավ է հիշեք իմ բնութագիրը ու մտածեք, պե՞տք է ինձ վստահել, թե՞ ոչ:
- Լա՛վ, պահիր մոտդ, - ասում է:
Էջանիշներ