Սիլվայի «Գիշեր է» երգն իսկապես վատը չէր։ Կարծում եմ՝ ըստ արժանվույն էր հաջողության հասել, ու թվում էր՝ խոստումնալից սկիզբ է նորելուկ երգչուհու համար։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Սիլվան էլ համարյա բոլորի պես, որոշակի հաջողություն ու հայտնիություն ձեռք բերելով, ի վերջո ձուլվեց առկա աստղիկների գորշ զանգվածին ու կորավ դրա մեջ որպես անհատականություն... Ցավոք, մեր էստրադայում սա արդեն վաղուց տխուր օրինաչափություն է դարձել...
Շատ երգեր չեմ լսել, բայց մի քանիսն էս թեմայում լսեցի ու... իսկապես հիասթափվելու բան է։ Պարզունակ, ծեծված բառեր, պարզունակ, անհետաքրքիր, չհիշվող մեղեդիներ՝ հազարավորներից չտարբերվող, չտպավորվող։
wem ջան, ինչքան հասկացա, դու ուղղակի շփոթում ես պարզն ու պարզունակը։ Պարզի դեմ կարծեմ ոչ մեկը դեռ չի բողոքել։ Պարզությունը միշտ էլ դրական հատկանիշ է համարվել, մինչդեռ պարզունակությունը՝ միանշանակ բացասական։ Եթե տարբերությունը չգիտես, բառարանում կարող ես նայել ու համոզվել։
Կարծում եմ՝ եթե երգի բառերը լսում ու հասկանոմ ես երգը լսելիս, ապա դրանք չեն կարող նշանակություն չունենալ։ Ուրիշ բան, եթե էնպիսի լեզվով է, որը չես հասկանում, երաժշտությունն էլ հավանում ես, ու բառերը չեն խանգարում լիարժեք հաճույք ստանալուն։ Ինչ–որ առումով համաձայն եմ, որ եթե երաժշտությունը շատ լավը լինի, կարող ես մի քիչ աչք փակել անհաջող բառերի վրա, բայց ախր էդ դեպքում պիտի իրոք շատ–շատ լավը լինի երաժշտությունը, ինչը կոնկրետ Սիլվա Հակոբյանի երգերի դեպքում չեմ նկատել. հիմնականում բառերին համարժեք պարզունակ երաժշտություն ունեն նրա երգերը։
Իսկ "My Heart Will Go On" երգի բառերը գուցե կարելի է պարզունակ համարել, չեմ վիճում, համենայնդեպս, առանձնապես խորիմաստ ու հետաքրքիր չեն։ Բայց փոխարենը երաժշտությունն էնքան լավն է ու հիշվող, որ բառերի պարզունակությունը ներելի է։ Ու համոզված եմ, որ էդ երգի հաջողության գրավականը բնավ պարզունակ ու շատերի համար հասանելի բառերը չեն, այլ հենց երաժշտությունը։ Համենայնդեպս, բառերի մեջ իմաստի հաշվին սարքովի հանգավանկային հարմարեցումներ չկան։ Իսկ մեր էստրադայի աստղերի երգերի տեքստերի մոտ իննսուն տոկոսը, եթե ոչ ավելին, հենց էդ էժանագին սկզբունքի վրա է հիմնված. բազմիցս ծեծված, անհետաքրքիր, շաբլոն բառակույտեր՝ամեն գնով արհեստականորեն հանգավորված։ Որ ուշադիր լինես, համարյա բոլոր հանգերը մի քանի ստանդարտ բառերի վրա են հիմնված (սեր–մեր–տեր–հույսեր և այլն), դրանից ավելիին մեր երգ գրողների երևակայությունն ու բառապաշարը կարծես չի հերիքում։
Էջանիշներ