Rammer-ի խոսքերից
( շարունակություն )
Այսպես. ո՞ր մեկիս մանուկ հասակում, երբ մի բան անընդհատ կրկնել ենք, մեծերը չեն ասել, թե` ՙՏժվժիկը սարքեցիր՚: Բաներ կան, որ երբ արվում են մանուկ հասակում, նույնիսկ հաճելիորեն ու ժպիտով են ընկալվում շրջապատի կողմից, իսկ երբ նույնն անում է հասուն մարդը, դա դառնում է զզվելի եւ մերժելի: Դա մենք տեսնում ենք ներկա Հայաստանում ամեն քայլափոխի: Այդ մասին շատ դիպուկ ասաց Նիկոլ Փաշինյանը` 2008-ի փետրվարյան հանրահավաքում, թե` եթե մեր շախմատիստները հաղթում են, ապա դա Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, եթե մի բան կառուցվում է, ապա դա Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, եթե մի բան լինում է Հայաստանում, ապա դա Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, ուրեմն հոկտեմբերի 27-ն է՞լ նրա ձեռքի գործն է: Մենք սովոր ենք ամեն լավ բան ստորաքարշորեն վերագրել ղեկավարությանը: Այդպես ավելի քան 10 տարի վարվում է հայկական հեռուստատեսությունը, երբ ուղեղներ է լվանում` ցույց տալով Երեւանում իրականացվող տպավորիչ շինարարությունը` դա համարելով օրվա իշխանության խելամիտ քաղաքականության արդյունքը: Մինչդեռ առնվազն սրիկա է պետք լինել` այդպես լկտիաբար ստելու համար. ցանկացած մարդ, որի ուղեղն աշխատում է, կհասկանա, որ օրվա իշխանությունը շատ քիչ դեր ունի այդտեղ, քանի որ անգամ ցանկացած թուրք, մոնղոլ, պարսիկ կառավարիչ կկառուցապատեր, եթե ստիպված չլիներ գումարները պատերազմող երկրի սահմանների վրա ծախսելու: Այսինքն` այդ կառուցապատումը ոչ թե քոչարյանների շնորհքն էր, այլ Խաղաղության: Զինադադարից հետո պատերազմի վրա ծախսվող հարյուր միլիոնավոր գումարների մի մասն այժմ հնարավոր էր ուղղել դեպի տնտեսություն: Իշխանությունները ՙՏժվժիկի՚ պես պահանջում են, որ մենք շնորհակալ լինենք իրենցից: Եվ դրա համար չեն խորշում ամենազզվելի կեղծիքն անել ժողովրդի առջեւ. նրանք առավոտից երեկո ցուցադրում են պատերազմող երկրի` 1990-1994 թվականների կադրեր եւ համեմատում չպատերազմող, այսինքն` պատերազմի վրա հսկայական միջոցներ չծախսող երկրի` 2000-ականների կադրերի հետ: Ես առաջարկում եմ նույն տրամաբնությամբ ավելի ազնիվ համեմատություն: Ցույց տալ քոչարյանների, սարգսյանների կարողությունը, նրանց հագուկապը, վարքը 1990-1994 թվականներին եւ նույնը 2000-ականներին: Կտեսնեք, որ եթե ամբողջ երկրում կենսամակարդակը բարցրացել է ինչ-որ X տոկոսով, ապա իրենցը` հազար անգամ X տոկոսով: Առաջարկում եմ ցուցադրել 1990-1994 թվականների որեւէ վարորդի կենսամակարդակը եւ 2000-ականների նրա մակարդակը. կտեսնեք, որ առաջընթացը չնչին է, մինչդեռ աներեւակայելի է տարբերությունը, եթե նույն վարորդը իշխողների ցեղից է: Մի դեպքում վարորդն ընդամենը հացի հերթ չի կանգնում, իսկ մյուս դեպքում, երբ վարորդն այդ ցեղից է, դարձել է միլիոնատեր ու պատգամավոր, դարձել է իր տգիտությամբ տասնյակ հազարավոր գիտունների երեխաների ճակատագիրը տնօրինող: Ատրպետի այս նովելի հենց առաջին տողերում այդպես էլ գրված է. ՙՆերսես ախպարն այնպես մոլորվել, այնպես հուսահատվել էր, որ ամեն բան` ապրելը, կյանքն անգամ աչքից ընկել էր՚: Մարդու այս հոգեվիճակը, որ ներկա հայաստանցուն է բնորոշ, Ատրպետը նկարագրել է դեռ 100 տարի առաջ:
Հոգեբանական մեկ այլ շերտ է երախտիք-երախտագիտությունը: Սա հետապնդող գաղափար է եղել Ատրպետի համար: Նա այդ թեմային անդրադարձել է բազմիցս, նույնիսկ ՙԵրախտիք՚ վերնագրով առանձին պատմվածք ունի, ուր վերջաբանը նույնպես այնպիսին է, ինչպիսին ՙՏժվժիկում՚: Հերոսը` Ղասըմը, կտրում է սեփական ձեռքն ու նետում Միր-Մուրթուզայի դեմքին` ասելով. ՙԻնձ պետք չէ քո ազատած թեւը… ոչ էլ քո մուննաթը: Երանի թե տասը տարի առաջ դահիճը կտրեր, եւ այնքան ժամանակ պարտավորված չլինեի քեզ ծառայելու: Մի թեւ պահելու համար ես այսքան չեմ կարող ստորանալ՚: Այս մուսուլմանն է իսկական քրիստոնյան, քանի որ Քրիստոսի Ավետարանում է գրված. ՙԱվելի լավ է, որ կորչի մարմնիդ մի անդամը, քան ամբողջ մարմինդ այրվի հավիտենական գեհենում՚: Հայաստանում կառուցվում է հենց այն հոգեբանության մոդելը, որ 100 տարի առաջ ցուցանել է Ատրպետը: Մենք կորցրել ենք երախտիքի, երախտագիտության, երախտամոռության չափորոշիչները. հայկական էլիտան ամեն բան լղոզել է` ջնջելով բոլոր սահմանները, քաոս մտցնելով հայաստանցու հոգում ու մտքում, մինչդեռ աշխարհի բոլոր կրոններում Աստծո առաջին գործը քաոսի վերացումն է եղել, համակարգումը, դասդասումը: Իսկ մարդ արարածը քաոսից փախչելու, ազատագրվելու մեխանիզմ ունի դրված իր ներսում: Արժեհամակարգի, չափորոշիչների այս նողկալի քաոսն է արտագաղթի հիմնապատճառը. այլապես ավելի վատ ժամանակներ էլ են եղել, սակայն ժողովուրդը չի լքել իր հայրենիքը, հակառակը` ներգաղթել է:
Հերթով անցեք հայկական հեռուստատեսության ալիքների վրայով, թերթեք հայկական մամուլը եւ կտեսնեք, թե մեզ ինչ հոգեբանության են վարժեցնում. որ այսինչ գյուղում բացվող ջրագծի համար շնորհակալ լինենք ինչ-որ մի անհասկացողի, որ այսինչ դպրոցում տեղադրված համակարգիչների համար շնորհակալ լինենք հերթական թալանչուն, որ այսինչ երգչի համերգը լսելու համար շնորհակալ լինենք հերթական մաֆիոզ կառույցին: Ավելին` մեր ուղեղները լվանում են, որ շնորհակալ լինենք այս կամ այն ապաշնորհին, որ այսօր պետություն, ազատագրված տարածքներ, բանակ ու նման թերի ու հիվանդ բաներ ունենք. մինչդեռ շնորհակալ պիտի լինեինք առաջին հերթին Արեւմտյան ազատ աշխարհին ու Անդրեյ Սախարովին, Հելսինկյան կոմիտեներին ու Միխայիլ Գորբաչովին, ռազմի դաշտում մատաղ եղած մեր հերոսներին ու այն ժամանակվա Հայաստանի ղեկավարներից ընդամենը մի քանիսին, որ այսօր գոնե այսքանը կա: Մենք կդառնանք աշխարհի ամենախայտառակ երկիրը, եթե օրվա իշխանություններին վերջնականապես հաջողվի հոգեբանական իր թաթար-մոնղոլական այս մոդելն ամրակայել:
Էջանիշներ