( շարունակություն )
Տեսե°ք, թե վերեւում մեջբերված հատվածում ինչ վարքականոն է պարտադրում Նիկողոս-աղան պատվի մասին: Այսօր էլ ստիպում են, որ մեզ համար պատիվ հասկացությունը սկսվի եւ ավարտվի նրանով, որ ծառայություններ մատուցենք հարստացածներին: Իհարկե, Ատրպետի հիմնական հերոսի` Ներսես-ախպարի էթիկայի ընկալումն այլ է. Ներսես-ախպարի համար դա պատվի վիրավորանք է, անարգում է, նա ուզում է, որ ՙգետինը ճեղքվի, եւ ինքը մեջն ընկնի՚: Ո՞ր մեկիս հայտնի չէ այս հոգեվիճակը, ո՞ր մեկս չենք բախվել էթիկական ընկալման այս հակադրությանը: Հիմա ընտրությունը մերն է` մենք կա°մ հավատարիմ ենք մնում մերօրյա ներսեսախպարների` հայ մարդու էթիկային, կա°մ` համակերպվում նիկողոսաղաների պարտադրածին:
Այս հատույթն այնքան գարշելի է, որ վերլուծելն անգամ զզվելի է, ուստի թույլ տվեք` չշարունակել:
Դ. ՙՏԺՎԺԻԿԻ՚ ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹԸ
Շատ համառոտ նաեւ էսթետիկայի` գեղագիտության մասին: Անշուշտ, այս կողմն ավելի հստակ երեւում է ֆիլմում, քան բուն նովելում: Մեր պետության էսթետիկական մոդելի հետ նույնությունը` ՙՏժվժիկում՚ առկա մոդելի հետ եւս ակներեւ է: Ներկա իշխանությունների գեղագիտության մասին պատկերացում կազմելու համար հեռու գնալ պետք չէ: Բավական է միայն նայել հասարակությանը ընչաքաղցության դատապարտելուց իշխանությունների ստացած այն հաճույքը, որ արտահայտվում է ցածրակարգ համերգների, տոնախմբությունների, սերիալների ծաղրով: Ծաղրվում, մերժվում են ոչ թե երեւույթները, այլ պարտադրված էսթետիկական ընկալումներին չինտեգրվածները. նրանք, ովքեր այլ գեղագիտության կրողներ են: Այսպես. բամբասասեր հասարակությունը ոչ միայն չի լռեցնում իր մեկ անգամ արածը երեսով տվող Նիկողոս-աղային, այլեւ ինքն է հաճույքով տրվում այդ հորձանուտին` դա համարելով իրոք բարեգործություն, երախտիք: Գլխիվայր շրջված են գեղեցիկի պատկերացումները: Մինչդեռ քրիստոնեական մոտեցման դեպքում գեղագիտությունն այլ պետք է լիներ, պետք է հասարակությունը պահեր ավետարանական այն խոսքը, թե ողորմություն անելիս ձեզնից առաջ ծնծղաներ մի° հնչեցրեք, այլ տվեք գաղտնապես, եւ ձեր Երկնավոր Հայրը կփոխհատուցի հայտնապես: Իսկ հասարակությունն արդարացնում է Նիկողոս-աղայի վարքը, ինչպես այսօրվա թալանչիությունն է ներկայացվում որպես հիացմունքի արժանի ՙբաշարել՚, այսօրվա ընտրակաշառքն է ընդունվում որպես բնական օրինաչափություն: Հետաքրքիր է, որ ազգային ավետարանի դեր ստանձնած ՙՍամվել՚ վեպում, երբ հայրասպանը սպանում է նաեւ մորը, բազմության միջից լսելի են լինում ուրախաձայն աղաղակներ` արժանի¯ էր, մինչդեռ երբ Ներսես-ախպարը ճեղքում է ստրկության իր շղթան, այսինքն` թոքը շպրտում է Ներսես-աղայի դեմքին` ասելով. ՙԱհա, ա°ռ քո թոքը եւ ձայնդ կտրե°՚,- բազմությունը պապանձվում է: Պետք է խոստովանել, որ գեղագիտության քրիստոնեական` արեւմտյան տիպը չէ այսօր մերը: Պետք է խոստովանել, որ ՙՏժվժիկի՚ գեղագիտության մոդելն է ընտրված որպես այսօրվա Հայաստանի Հանրապետության գեղագիտական մոդել, ինչը հատուկ է դարձյալ ամբողջատիրական համակարգերին. հիշու՞մ եք խորհրդային ժամանակների երգի այն տողը, ուր ասվում է, թե այսքան ուրախ կյանքը Լենինն ու Ստալինն են տվել: Այսօրվա մեր ՙայսքան ուրախ կյանքն՚ էլ տվել են Ռոբն ու Սերժը` իրենց տոհմա-ցեղային կլաններով, օլիգարխները, սափրագլուխները, նրանց ստրկության վաճառված օպորտունիստներն ու հաճախորդները` անկախ այն բանից, թե այսօր իշխանության կամ ընդդիմության ճամբարում են խաղում:
ԱՄՓՈՓՈՒՄ
Որպես ամփոփում ասեմ, որ, իրոք, այս գործը 100 տարի սպասել էր: Ինձ համար գոնե այդպես է: Ավետարանում ասված է. ՙԿլսեք եւ չեք լսի, կնայեք եւ չեք տեսնի՚: Եթե գոնե հիմա տեսանք, ապա ցավով պարտավոր ենք եզրակացնել.
1. Ամո°թ է մի ամբողջ ժողովրդի համար, որ 100 տարի անց էլ ոչինչ չի փոխվել, երբ ի տարբերություն 100 տարի առաջվա` ունենք պետականություն:
2. Ամո°թ է մի ամբողջ ժողովրդի համար, որ իր իշխողներն իր միջի տգետներն են:
3. Մահավճռի պես վտանգավոր է ազգի եւ պետության գոյության տեսանկյունից, եթե տգետներին հաջողվի Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես արմատավորել ընտրված տժվժիկյան ժամանակների սոցիալական ու հոգեբանական, էթիկական ու էսթետիկական, քաղաքական ու տնտեսական մոդելները:
4. Պարտավոր ենք մեր միջից ծնել Ներսես-ախպարների, ովքեր չեն վարանի այդ տժվժիկը սրանց երեսին տալու: Ավելին` պարտավոր ենք ամբողջ հասարակությամբ դառնալ Ներսես-ախպար, այլապես խեղճի գլխին բամփելու են այնքան, մինչեւ երկրում մարդ չմնա, մինչեւ պետականությունը կործանվի:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Էջանիշներ