ԱՊԱԳԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Ժամանակակից հասարակության մեջ բիզնեսի նշանակությունն անուրանալի է: Բիզնեսը ժամանակակից մարդու կրոնն է, ուր “անհավատների” դեմ վարվող պատերազմներին փոխարինել է շուկայական մրցակցությունը: Արևմուտքում արիստոկրատների դինաստիական ամբարտավանությունն իր տեղը զիջեց ձեռնարկատիրական էգոիզմին և շահույթի մոլուցքին: Համարվում է, որ բուրժական պետության գործառույթներից մեկն էլ այդ էգոիզմը սանձելն է և այն ենթարկելը հասարակության ընդհանուր շահերին: Դեռ Ա. Սմիթն էր նկատել, որ կապիտալիստների նպատակը ոչ թե մրցակցությունն է՝ ազատ շուկան, այլ շահույթի մաքսիմալացումը:
Եթե մեզ հարց տանք՝ ի՞նչ ծրագրով է զարգացել հայկական “կապիտալիզմը”, ապա պետք է պատասխանենք՝ խորհրդային քաղտնտեսական ձեռնարկներից վերցված մոդելներով: Եթե հիշում եք, այդ դասագրքերում կապիտալիստները բնութագրվում են որպես ագահ և հանցագործ մարդիկ, իսկ բուրժուական պետությունը ոչ միայն չի սանձում նրանց էգոիզմը, այլ ընդհակառակը՝ ճնշում է շահագործվողների ելույթները: Որքան էր այդ պնդումներում ճշմարտությունը, թողնենք այդ դասագրքերի հեղինակների խղճին. կարևորն այն է, որ ամբողջատիրական համակարգից հոգնած խորհրդային մարդիկ պատրաստ էին փոխանակել կոմունիստական “դրախտը” կապիտալիստական “դժոխքով”: Մնում էր այդ ծրագիրն իրագործել, ինչը հետևողականորեն արվում է հետխորհրդային բոլոր տարիներին: Ահա թե ինչու մեր կապիտալիստ-օլիգարխները կարծես իջել են խորհրդային Հասարակագիտություն դպրոցական դասագրքի էջերի ծաղրանկարներից: Բայց կան նաև շեղումներ այդ ծրագրից:
Նախ և առաջ նկատենք, որ դասական բուժուական պետության մոդելում իշխանությունը բաշխված է կուսակցական տարբեր խմբերի միջև. Հայաստանում այն կենտրոնացած է նախագահի և նրա շուրջ համախմբված փոքրիկ խմբի ձեռքում՝ ձևավորվել է “իշխանական մոնոլիտ”: Փորձագետներն անվանում են տարբեր՝ ոմանք 15, մյուսները՝ 50 ընտանիքների անուններ:
Նրանք բոլորը մոնոպոլիստներ են, իրենց ձեռքում կենտրոնացրել են ներմուծման կամ արտադրության որևէ ճյուղ, որը նրանց հնարավորություն է տալիս ստանալ գերշահույթներ, բայց խուսափել հարկեր վճարելուց: Իրենց այդ դիրքին նրանք պարտական չեն իրենց ձեռնարկատիրական տաղանդներին: Իշխանությունը պարզապես նրանց նշանակել է մոնոպոլիստ. դու բենզին ես բերում, դու՝ շաքարավազ և այլն: Սխեման այնքան էր դուր եկել իշխանություններին, որ նույնիսկ շոու աստղերն էին սկսել “նշանակովի” լինել: Չափանիշը երկու դեպքում էլ նույնն էր՝ իշխանության նկատմամբ հավատարմությունը:
Համապատասխանաբար, իշխանությունն է որոշում, թե որքան հարկ պետք է մուծի օլիգարխը, որքան՝ “ստվերային” կասսան՝ “պատրիմոնիում”: Պատրիմոնիում էր կոչվում այն գանձարանը, որ հիմնել էր Հուլիոս Կեսարը և որի առանձնահատկությունն այն էր, որ այդ գանձարանից արված ծախսերի համար նա հաշվետու չէր սենատի առջև: “Պատրիմոնիումը” դարձավ կայսերական իշխանության ֆինանսական հիմքը և այդ պատճառով Հայաստանի տիպի հասարակությունները սոցիոլոգները և տնտեսագետները անվանում են “պատրիոմոնիալ”:
Քանի որ այդ “կապիտալիստների” շահույթները և գերշահույթները երաշխավորված են իշխանության կողմից, ապա ոչ մի ազատ շուկայի՝ մրցակցության մասին խոսելն ավելորդ է: Հենց այս պատճառով էլ այդ “ընտրյալների” ցուցակը վերջին 15 տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել:
Իսկ ինչպե՞ս կարող է գործել “չլիցենզավորված” բիզնեսմենը: Այդ ռեժիմն անվանում են “խորհրդատվական ռեժիմ”, քանզի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար նրանք թույլտվություն պետք է ստանան իշխանությունների կողմից “լիցենզավորված” ոչ-ձևական, հիմնականում՝ քրեականացված կառույցներից և միայն դրանից հետո ստանալ նաև ձևական համաձայնություն:
Այսպիսով, հայկական բիզնեսը կախված է գործող իշխանություններից և ձգտում է ձուլվել նրան. ձեռնարկատերը ձգտում է դառնալ դեպուտատ, նախարար և այլն: Սա այն լոբբինգը չէ, որ մեզ հայտնի է Արևմտյան համակարգից: Սա համակարգային սկզբունք է. հասարակական շահերը փոխարինվում են մի քանի ընտանիքների էգոիստական շահերով: Լրագրողներն այն անվանեցին “կլանային համակարգ, իսկ նախագահության թեկնածուներից մեկը՝ “մոնղոլ-թաթարական ավազակապետություն”:
Խոշոր կապիտալի և պետական իշխանության միաձուլումը տեղի ունեցավ արտոնության մեխանիզմի շնորհիվ: Ձեռնարկատերերի մի մասը պատրաստ էր իր վրա վերցնել կենտրոնական իշխանության գործառույթները, օրինակ՝ ընտրությունների ժամանակ, և իշխանության նկատմամբ իրենց հավատարմության փոխարեն ստացան քաղաքական, ադմինիստրատիվ և բյուրոկրատական հովանավորություններ: Նախագահական իշխանությունը դարձավ պատրոնաժային, իսկ ձեռնարկատերերը՝ պատրոնի հաճախորդներ:
Հայաստանում կան բազմաթիվ բիզնես կազմակերպություններ, որոնք ներկայացնում են միջին և մանր բիզնեսի խմբերի շահերը: Սակայն իշխանությունները չեն աշխատում այդ կազմակերպությունների հետ, գերադասելով “անհատական” մոտեցումը:
Իշխանական “մոնոլիտը” սկսում է երերալ միայն ընտրությունների ժամանակ, երբ պատրոն-հաճախորդ հարաբերություններում բալանսը խախտվում է և խնդրողի դերում հանդես է գալիս “պատրոնը”: Իշխանությունը դառնում է բազմաբևեռ և առաջանում են խնդիրներ: Երբ աջակցությունը անբավարար է իշխանություններին վերարտադրվելու համար, նա դիմում է կոշտ ուժին՝ գնդակահարում է բողոքողների, ինչպես արդեն եղել է:
Իշխանություններն իրենք սահմանել են կոշտ կանոններ. ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Հենց այդ պատճառով դրանք կրում են անզիջում բնույթ: Դրան հարկավոր է ավելացնել լեգիտիմության պակասը:
Եթե բացառենք ընտրակաշառքի ազդեցության տակ քվեարկած ընտրողներին, ապա պետք է նշենք, որ ընդիմությունը ստանում է ձայների ճնշող մեծամասնությունը: Մյուս կողմից, իշխանությունների կողմից ձայներ հավաքելու ավելի “օրինական” ձև ստեղծված չէ: Այսինքն ոչ միայն լեգիտիմության պակաս կա, այլ նաև առկա է իշխանությունների լեգիտիմության անընդհատ անկում մինչև զրոյական մակարդակ:
Բայց լեգիտիմության բացակայությունը խնդիր չէ իշխանությունների համար, քանզի վաղուց արդեն քաղաքական պայքար չկա, այլ միայն՝ տնտեսական, միասնությունը ոչ թե գաղափարական է, այլ՝ կոռուպցիոն և ընտանեկան-կլանային:
Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը խիստ խորհրդանշական սահմանագիծ էր. սա նշանակում էր, որ իրական կուսակցական քաղաքականության վերջին փշրանքներն իշխանությունները վերացրել են. այլևս կա միայն մի կուսակցություն՝ իշխանական կլանի “ձեռնարկատիրական” կուսակցությունը: Սակայն ամենաբնորոշը Հանրապետական կուսակցությունն է, որի անդամներին համախմբողը փոխադարձ կոռուպցիոն և ընտանեկան-կլանային շահերն են, ամրապնդվող “դինաստիական” ամուսնությունների միջոցով: Նման համակարգում պետությունը դիտվում է, որպես կապիտալիստական շահույթ բերող ձեռնարկություն, իսկ ժողովուրդը՝ շահագործման և կեղեքման ենթակա բազմություն: Պետության գաղափարի նման այլասերումը համարժեք է հակասահմանադրական հեղաշրջմանը, երբ վերջնականապես ոչ-ձևական կանոնները, օլիգարխների կարտելային համաձայնությունը լիովին և անշրջելի փոխարինում են ձևական օրենքներին:
Իշխանական “մոնոլիտը” բաղկացած է տարաբնույթ վերնախավային խմբերից, որոնց շահերը տարբեր են: Թվում է, որ դա պետք է ընտրությունների ժամանակ հարուցի քաղաքական մրցակցություն: Բայց նրանք չեն պայքարում, քանզի կարծում են, որ մնացած խմբերը չեն պաշտպանի իրենց, իրենք կմնան փոքրամասնություն, իսկ նախագահը ուժայինների և այլ ռեսուրսների միջոցով կպատժի նրանց “դավաճանության” համար: Սա, իհարկե, որոշակի կայունության գործոն է:
Բայց սա միայն թվացյալ կայունություն է: Հենց նախագահը կորցնում է իր հեղինակությունը, վերնախավային խմբերը սկսում են մտածել իրենց այնպիսի ապագայի մասին, երբ գործող նախագահը չի լինի պատժող և պարգևատրող բարձրագույն ատյանը, փորձում են կռահել, թե որ քաղաքական գործիչը կզբաղեցնի այդ տեղը և կլինի այդ՝ պատժող և պարգևատրող գործառույթի կրողը:
Պատրոնաժային նախագահությունը “մոնոլիտ” է, պայքարի արդյունքում խմբերից մեկն ունենալու է ամեն ինչ, մյուսները՝ ոչինչ. նույնիսկ գյուղապետերը, առանց բացառության, պետք է լինեն իշխող կլանին հավատարիմ: Սա մրցակցություն չէ, այլ՝ իսկական քաղաքացիական պատերազմ: Այստեղից այն տհաճ երևույթը, որ անվանում են “առնետավազք”, երբ նախկին “վասալները” մեկ գիշերվա մեջ փոխում են իրենց “գույնը”: Ընտրությունների ժամանակ մյուս վերնախավային խմբերի համար իրադրությունն այնքան հուսահատական է և ճգնաժամային, և ամեն ինչ կորցնելու վտանգն՝ այնքան մեծ, որ անխուսափելիորեն ծնում է հեղափոխական իրադրություն:
Այս իրադրությունում, ռենեգատ՝ “հավատուրաց” խումբը սկսում է օգտագործել այն ռեսուրսները, որոնք մինչ այդ օգտագործվում էին նախագահին աջակցելու համար: Դա կարող է լինել հսկողությունը հեռուստատեսային նորությունների վրա, քրեական գործերի հարուցումը, բիզնեսի ֆինանսական աջակցությունը և այլն:
Հայկական բռնապետությունը, ինչպես բազմաթիվ այլ ժամանակակից բռնապետություններ, “ռեյտինգային բռնապետություն” է: ԶԼՄ-ները կանոնավոր կերպով հրապարակում են քաղաքական ուժերի ռեյտինգները, որոնք խիստ հակասական են, համարյա միշտ՝ վստահություն չներշնչող: Հատկապես այդ “ռեյտինգները” կարևոր են ընդիմության համար, քանզի իշխանությունների սպառնալու հարմար միջոց են: Որոշակի ռեյտինգը նրանց թույլ է տալիս մեծ զանգվածներին դուրս բերել փողոց: Ընդդիմությունը զանգվածային ելույթները կարող է օգտագործել երկակի. կամ պետական և կառավարական հաստատությունները զավթելու համար, ինչպես դա եղավ 1996 թ.-ին, այնպես էլ իշխանափոխության անխուսափելիությունը ցուցադրելու համար, ինչպես 2003 կամ 2008-ին:
Իշխանափոխության ձգտող խմբերը կարող են ակտիվանալ ինչպես սոցիալական դժգոհության աճին զուգընթաց, այնպես էլ տարաբնույթ հայրենասիրական լոզունգների ներքո, ինչպես դա եղավ 1997-1998 թ.-ին: Հեղափոխության, ինչպես իշխանափոխության բանաձևն, արդեն 200 տարի նույնն է՝ “Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ցանկանում”: Թվացյալ սիմետրիկ այս պայմանը իրականում ասիմետրիկ է. նույնիսկ համընդհանուր սոցիալական դժգոհության պայմաններում իշխանափոխությունն անհնար է, եթե վերնախավը տրոհված չէ, իմա՝ “մոնոլիտը” սասանված չէ:
Հեղափոխական իրադրությունում նախագահի հեղինակությունը “թրջված” է, բայց մեր պայմաններում դա դեռ վճռական փաստարկ չէ, եթե ուժայինները միակամ աջակցում են նախագահին: Մյուս կողմից, եթե սկսում է աշխատել “հայրենասիրական” գործոնը, հիմնական վերնախավային խումբը՝ բանակը, Ազգային անվտանգությունը կարող են երես թեքել գործող նախագահից և փորձել բերել իրենց դրածոյին, ինչպես դա եղավ Վ. Պուտինի դեպքում: Երեք “գունավոր” հեղափոխությունների ժամանակ էլ, սկսած որոշակի պահից, ուժայինները, օրինակ, սկսեցին կոմպրոմատ մատակարարել ընդիմությանը:
Հայաստանում սոցիալական դժգոհությունն անընդհատ աճում է, սրվում է նաև տարբեր տնտեսական խմբերի դեռևս անդրկուլիսային պայքարը: Ղարաբաղյան խնդրի անհաջող զարգացման սցենարի դեպքում կարող է աշխատել նաև “հայրենասիրական” գործոնը. ՀՅԴ-ն արդեն խոսում է իշխանափոխության մասին: Սակայն եթե կրկնվելու է 1998 թ-ի սցենարը, ապա հասարակության և պետության առանցքային՝ մոնոպոլիստական տնտեսության և օլիգարխիական կառավարման խնդիրը չի լուծվելու, կամ լինելու են կոսմետիկական բարելավումներ, ինչը փորձում էր անել նաև Տիգրան Սարգսյանը:
Օլիգարխական համակարգի հիմնական հենարանը, սոցիալական անարդարության քաղաքական պատվարը Հանրապետական “կուսակցությունն” է: Դժվար է պատկերացնել, որ այդ կլան-կազմակերպությունը ինքնակամ կվերափոխվի, հետևաբար արմատական բարեփոխումների հաջողության երաշխիքը Հանրապետական “կուսակցության” լուծարումն է, իսկ նրա անդամներին քաղաքական գործունեության իրավունքից զրկելը: Հաշվի առնելով, որ այդ “կուսակցության” գործունեությունն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես հակասահմանադրական, ապա իդեալական սցենարում այդ հարցը պետք է քննարկի և լուծի Սահմանադրական դատարանը: Սակայն առկա իրավիճակում ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը չի դիմի այդ արմատական քայլին, հետևաբար ուրվագծվում են ապագա այլ՝ սոցիալական հեղափոխության կոնտուրները:
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ
Էջանիշներ