Օրենք Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին
Եթե երեկ ընդունված “Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում” արագացված հատուկ կարգով փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով ավազակապետական բուրգը վերջնականապես ապացուցեց, որ մահու չափ վախենում է ժողովրդից, ապա ԱԺ ուղարկված “Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծով ապացուցեց, որ վախենում է անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստվերից:

Ավազակապետության առաջնորդների նախաձեռնությամբ խորհրդարան ուղարկված “Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” օրինագիծը` ուղղված հատուկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, որը երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ դակեց, իրականում օրենք է Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին: Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է օրենքում ընդունել հետեւյալ փոփոխությունները, որ եթե պաշտոնաթող նախագահը կատարում է այսպես կոչված հակաօրինական գործողություններ, ապա հատուկ պետական պահպանությունն իրականացնող խմբի ծառայողը, ում իրավասություն է տրվում` գնահատական տալ, թե նախկին նախագահը հակաօրինական գործողություն է ծավալում, թե ոչ, դիմում է խմբի ղեկավարին: Վերջինս էլ անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին, տվյալ դեպքում ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանին, որը նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն է, որն էլ որոշում է նախկին նախագահի պետական պահպանությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Օրենքի մյուս փոփոխությամբ պաշտոնաթող նախագահին հնարավորություն է տրվում հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին: Այսինքն, տվյալ դեպքում քանի որ հանրահավաքների խնդիրն է եւ անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ, ինչպես նշվեց պաշտոնապես, չեն ցանկանում մասնակցել այսպես անվանված ապօրինի գործողությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան սահմաններից դուրս, հասարակական վայրերում ի վիճակի չեն ապահովելու ՀՀ առաջին նախագահի անվտանգությունը, ապա թող նախագահը բարի լինի, հրաժարվի այդ ծառայությունից եւ գնա ծավալելու իր քաղաքական, հասարակական գործունեությունը:

Երեկ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ սա Պակիստանում գեներալ Մուշարաֆի կողմից նախկին վարչապետ, արդեն իսկ սպանված Բհուտոյի մոդելի դե յուրե ամրագրումն է: “Ինչի մասին է խոսքը: Եթե հիշում ենք, գեներալ Մուշարաֆը Բհուտոյի անվտանգության նակատառումներով նրա տան շուրջը կանգնեցրեց անվտանգության ուժեր, զորք եւ պատճառաբանեց, որ դա արել է Բհուտոյի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բայց իրականում խնդիրն այլ կերպ էր, որովհետեւ Բհուտոն ղեկավարում էր ընդդիմադիր շարժումը եւ ակտիվ հանրահավաքներ էր անցկացնում Պակիստանի տարբեր վարչական շրջաններում, այդ թվում եւ մայրաքաղաքում: Հետագայում, ըստ էության, այսպիսին էր իրավիճակը. Բհուտոն կամ մերժում է գեներալ Մուշարաֆի այդ “անվտանգության” միջոցառումները եւ դուրս է գալիս հանրահավաքների կամ դադարեցնում է քաղաքական ակտիվությունը եւ մնում է այդ պաշարված ամրոցի մեջ: Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը: Հիմա այս օրենքով գրեթե նույն բանն է ասվում”,- երեկ ասում էր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, եթե իշխանությունն անկեղծ լիներ, ապա օրենքը պետք է կոչեր Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին պետական մակարդակով անվտանգության ապահովումից հրաժարվելու մասին օրենք: Սույն օրինագծի կապակցությամբ “Ժառանգություն” խմբակցությունը կառավարություն է ուղարկելու մի շարք առաջարկներ, քանի որ գտնում է, որ պաշտոնաթող նախագահը ցմահ ենթակա է պետական պահպանության, որովհետեւ նա տնօրինում է պետական գաղտնիքների եւ հետեւաբար, չպետք է որեւէ մեկի համար ստեղծվի հնարավորություն, որպեսզի նա հրաժարվի պետական պահպանությունից եւ հնարավորություն ստանա այդ պետական գաղտնիքը փոխանցել մեկ ուրիշին: Դա, սակայն, ավազակապետությանը, բնականաբար, չի հետաքրքրում: Նրանք տվյալ դեպքում բոլորովին այլ խնդիր ունեն` ամեն ինչ անել, որ առաջին նախագահը հնարավորություն չունենա տանից դուրս գալ եւ հանրահավաքներ կազմակերպել: Այսինքն, սույն օրենքով, Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես նշանակվում է տնային կալանք:



Ի դեպ, մինչ սույն օրենքը երկրորդ ընթերցմամբ եւս Ազգային ժողովը կդակի, այս ամենը դեռ օրենք չդարձած, արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ըստ էության կիրառվել է մարտի 1-ին, Ազատության հրապարակում իշխանությունների սարքած վայրագություններից հետո: Հիշեցնենք, որ Ս.Ս.-ի եւ Ռ.Ք.-ի հրահանգով Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա ոստիկանության հարձակվելուց հետո, երբ ժողովուրդը հավաքվել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում, նույն Գրիշա Սարկիսյանը իր խմբով կալանքի տակ էր պահում ՀՀ առաջին նախագահին ու պաշտոնապես հայտարարվում էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս գա իր տնից, պետական պահպանության ծառայությունը պատասխանատու չէ նրա անվտանգության համար: Այսինքն, ուզում է, թող հրաժարվի ծառայությունից, դուրս գա ու եթե նրան, ասենք, սադրիչներից մեկը Ս.Ս.-ի կամ Ռ.Ք.-ի հրահանգով խփի, ոչ ոք պատասխանատու չէ դրա համար:

http://www.payqar.org/am/80/item/386/