Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՌԻԹ ԵՆ
ՀՀ Ոստիկանությունում կատարվելիք կադրային փոփոխությունների մասին տեղեկություններն աստիճանաբար ավելի ու ավելի կոնկրետ ուրվագծեր են ձեռք բերում: Այդ տեղեկությունների համաձայն, Հայկ Հարությունյանի փոխարեն ոստիկանապետի պաշտոնում հայտնվելու է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, պաշտոնանկ են արվելու Աշոտ Գիզիրյանը, Գրիգորի Սարկիսյանը, Արարատ Մահտեսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հետաքրքիրն այն է, որ կադրային այս փոփոխություններին զուգահեռ նաեւ «մեկնաբանություններ են շրջանառվում»` իբր Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ անել բոլոր նրանց, ովքեր մարտի 1-2-ին բռնություններ են կիրառել ժողովրդի նկատմամբ: Ենթատեքստը հասկանալի է. իբր` մարտի 1-ի դեպքերի միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանը դեմ է եղել դրան ու հիմա հերթով բոլորին պատժում է: Շա՛տ հուզիչ պատմություն է:
Սկսենք նրանից, որ եթե Սերժ Սարգսյանն իսկապես որոշել է պատժել մարտի 1-ի մեղավորներին, առաջին հերթին պիտի ձերբակալի Ռոբերտ Քոչարյանին, հետո պիտի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ նշանակի, այնուհետեւ պիտի հրաժարական տա եւ ինքն իրեն ձերբակալի: Խնդիրը բարձրաստիճան ոստիկանները չեն: Նրանք այսպես թե այնպես վաղ թե ուշ պատժվելու են, ընդ որում` ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Եվ այս առումով նրանց պաշտոնանկ անելը ոչ թե պատիժ է, այլ երկնային պարգեւ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը սեփական կաշին (մեղմ ասած) փրկելու համար որոշել է զոհաբերել մի քանի գեներալներ, ընդ որում` ընտրությունը շատ խնամքով է կատարել: Ասենք` Գրիգորի Սարկիսյանն անձամբ է ղեկավարել Ազատության հրապարակի «կոլցո» օպերացիան, հետո հայտնվել է օմբուդսմենի զեկույցում, եւ բնականաբար` նրան պաշտոնանկ անելը «սուրբ գործ է»: Արարատ Մահտեսյանն էլ է «աչքի ընկել»` ոչ միայն ագրեսիվ գործողություններով, այլեւ ագրեսիվ հայտարարություններով: Եվ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելով, մտադիր է նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր կատարում է մարտի 1-ի մեղավորներին պատժելու պահանջը:
Իրականում Սերժ Սարգսյանը նման ցանկություն եւ մտադրություն չունի: Եվ դա, ի դեպ, միանգամայն հասկանալի է: Եթե այսօր ժողովրդի վրա կրակողներին պաշտոնանկ ես անում, վաղը մյուս ոստիկաններն այլեւս չեն կրակի ժողովրդի վրա: Իսկ Սերժ Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ այսօր իր իշխանությունը կարող է պահպանել միայն ժողովրդի վրա կրակելու պատրաստ ոստիկանների միջոցով: Այլ կերպ ասած, որ օրը ոստիկանները հրաժարվեն կրակել ժողովրդի վրա, նույն օրը Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հրաժարական տալ: Այդ մարդը Հայաստանում ուրիշ հենարան չունի: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ոստիկանական համակարգի կադրային փոփոխությունները բոլորովին այլ նպատակ են հետապնդում:
Խոսքը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի «կադրերից» ազատվելու եւ սեփական կադրերին նշանակելու մասին է: Սերժ Սարգսյանը պարզապես օգտագործում է մարտի 1-ի առիթը եւ միաժամանակ երկու հարց է լուծում. ազատվում է Քոչարյանի «կադրերից» եւ ձեւացնում է, թե «մեղավորներին է պատժում»: Այո, ընդամենը ձեւացնում է: Դրա համար էլ Հայկ Հարությունյանը, որը մարտի 1-ի հետ կապված կարողացավ գոնե անձնապես «աչքի չընկնել», պաշտոնանկ է արվում, իսկ Ալիկ Սարգսյանը, որը շատ լավ «աչքի ընկավ» Արտաշատի դեպքերի ժամանակ, նշանակվում է ոստիկանապետ:
Ի դեպ, պաշտոնանկ արված այս ոստիկանները թող չմտածեն, թե պաշտոնանկ արվելով «պրծնելու են»: Տեղի է ունեցել զանգվածային տեռոր, տասը մարդ զոհվել է, 200-ը` վիրավորվել, իսկ քրեական հանցանքը, որքան մեզ հայտնի է, ենթադրում է ոչ թե վարչական, այլ քրեական պատիժ: Ընդ որում« քրեական պատժից չեն խուսափելու նաեւ հրաման տվողները (սրանք ըստ երեւույթին «կանցնեն» որպես կազմակերպիչներ):
Այնպես որ, Սերժ Սարգսյանն ընդամենը իր դեմ հետագայում ցուցմունք տվողներին է ազատում աշխատանքից:
Մ. Նշանյան
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հայեր, էսքան հետախուզվողի կալանքի տակ գտնվողի ու էլ չգիտեմ ինչերի մեջ, մի հոգի տեսնում եք, որ մի հոգու սպանության մեջ մեղադրվում է, կամ գոնե սպանության կասկածով ձերբակալվել է:ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է ՉՈՐՍ ՀՈԳԻ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող` ՚Մարտի 1-իՙ քրեական գործի շրջանակներում, նախնական կալանքի տակ է գտնվում 49 մեղադրյալ, եւս 33 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:
Մայիսի 29-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 58 քրեական գործ՝ 64 անձի վերաբերյալ, որոնցից 24-ով՝ 24 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է եւ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Կայացված դատավճիռներով 24 անձանցից 9-ը դատապարտվել են ազատազրկման՝ 1-ից 3 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 15 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:
Ըստ դատախազության հաղորդագրության` հետախուզման մեջ է գտնվում 4 մեղադրյալ՝ Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը, Վիրաբ Մանուկյանը, Համլետ Հովհաննիսյանը:
Ասում են՝ խանութների, քաղաքապետարանի, մեքենաների ավերումը, զոհերը ԼՏՊ-ին ձեռնտու էր և նրա կազմակերպածն էր, բա եթե պետք էին, ինչո՞ւ օրինակ փետրվարի 26-ին նա ժողովրդին կոչ չարեց գնալ գրավելու քաղաքապետարանը, հեռուստաաշտարակը կամ ազգային ժողովի շենքը, ինչպես դա 96-ին արեց Վազգեն Մանուկյանը: Ճիշտ է այն ժամանակ զոհեր չեղան, քանի որ ԼՏՊ-ն չհրամայեց կրակել ժողովրդի վրա, բայց այս անգամ ամենայն հավանականության կլիներ, քանի որ ՌՔ-ն ու ՍՍ-ն էին հրաման տվողը, և եթե նրանք խաղաղ ժողովրդի վրա կրակելու հրաման տվեցին, ապա որևէ պետական կառույցի վրա ոտնձգություն կատարող ժողովրդի վրա, չեմ կարծում՝ չկրակեին:
Ավելացվել է 49 վայրկյան անց
Էս գրառումը ուրիշ թեմայում արեցի, հետո զգացի, որ թեմայից շեղվել եմ, դրա համար տեղափոխեցի ստեղ:
Վերջին խմբագրող՝ Brigada: 31.05.2008, 14:44: Պատճառ: Գրառման ավելացում
Зимой и летом одним цветом
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
Մերձիշխանական պնակալեզների համար երանելի ժամանակներ են: Իշխանությունների աչքը մտնելու համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում. պետք է ընդամենը հայտարարել, որ «մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին միայն ընդդիմությանը»: Որեւէ հեռուստաընկերության եթերից կամ որեւէ իշխանական թերթի էջերում արտասանում ես այս նախադասությունը եւ սուսուփուս սպասում. ոնց էլ լինի` ռեժիմը կգնահատի ու պարգեւից-բանից կտա:
Բայց հետաքրքիրն այն է, որ ընդդիմախոսները «կուտը ուտում են» ու սկսում բացատրել, որ մարտի 1-ի դեպքերն իրականում ռեժիմին էին ձեռնտու: Իրականում այս թեմայով բանավիճելն անիմաստ է: Պետք է ընդամենը ճշտել, թե դիմացինն ի՞նչ նկատի ունի «մարտի 1-ի դեպքեր» ասելով: Ակնհայտորեն, խոսքը տասը զոհերի եւ մոտ 200 վիրավորների մասին է: Բնականաբար, որպեսզի պարզվի, թե ում էին ձեռնտու այդ սպանությունները, նախ պետք է պարզել, թե ովքե՞ր են դրանք իրականացրել: Այս հարցի պատասխանն, ի դեպ, բոլորը գիտեն: Սպանություններն իրականացրել են ոստիկանության եւ «սպեցնազի» ուժերը, գուցե նաեւ` շենքերի տանիքներում դիրքավորված «սնայպերները»: Մի խոսքով` «իշխանական կողմը»: Իսկ այդ դեպքում հաջորդ հարցն է ծագում. ինչպե՞ս եղավ, որ «իշխանական կողմն» իրականացրեց այնպիսի գործողություններ, որոնք «ձեռնտու էին միայն ընդդիմությանը»: Սպեցնազն է՞լ էր հոգեխանգարմունքի մեջ:
Ի վերջո ի՞նչ է ռեժիմն ուզում համոզել հասարակությանը, ո՞րն է հիմնական «մեսիջը»: Ուզում է համոզել, որ «շատ էլ լա՞վ ենք արել, որ կրակել ենք»: Այո, վերջնական նպատակը դա է, դրա համար էլ մարտի 1-ից անմիջապես հետո սկսեցին խոսել «հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի» մասին, հետո հանրապետության տարբեր ջրավազաններից սկսեցին «հանել» այդ զենքը... Բայց օպերացիան ձախողվեց: Աղվան Հովսեփյանի մտերիմների «սվարկա արած» երկաթի կտորներից բացի ուրիշ բան չհայտնաբերվեց: Իսկ ամեն ինչի մեջ ժողովրդին մեղադրելը «վիզ պետք էր»: Ու Նունե Եսայանը միամիտ-միամիտ հենց այդպես էլ ասաց: Հետո հասկացավ, թե ինչ հիմարություն է ասել, ու այնքան խելամտություն ունեցավ, որ սսկվեց ու մի կողմ քաշվեց: Դրանից հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե ժողովուրդը, ճիշտ է, այնքան էլ զինված չի եղել (որեւէ ցուցարարի մոտ այդպես էլ զենք չէր հայտնաբերվել), բայց այնուամենայնիվ հրահրել է, որ ոստիկանությունն ուժի դիմի: Երեւի գնացել-կանգնել են ոստիկանական շարքերի առջեւ ու սկսել լեզու հանել: Ու քանի որ այս «վարկածը» նույնպես բանի պետք չէր, հիմա արդեն վերացական դատողություններ են անում, թե «դա ձեռնտու էր միայն ընդդիմությանը»:
Այս ամենն, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու մարտի 1-ի օպերացիայի անմիջական կատարողներ զանազան գրիշներին, խաչատուրովներին կամ մահտեսյաններին չի վերաբերում: Նրանք այսպես թե այնպես դատարանի առջեւ մանրամասն ցուցմունքներ են տալու այս ամենի մասին: Խոսքն այս դեպքում նրանց մասին է, ովքեր, անմիջական մասնակցություն չունենալով մարտի 1-ի դեպքերին, այսօր փորձում են ռեժիմի հանցանքներն արդարացնել ու դրա շնորհիվ պաշտոնի կամ բիզնեսի տիրանալ: Սրանք հաստատ ավելի քիչ չեն, քան մարտի 1-ին ժողովրդի վրա կրակողները, եւ սրանց հանցանքն, ի դեպ, նույնքան ծանր է (եթե ոչ ավելի): Ի՞նչ տարբերություն. մեկը, հանցավոր հրաման կատարելով, կրակում է ժողովրդի վրա, մեկ ուրիշը միանգամայն կամավոր արդարացնում է այդ հանցավոր հրամանը տվողներին: Երկու դեպքում էլ կատարվում է հանցագործություն շահադիտական նպատակներով, երկու դեպքում էլ հետեւանքը մարդկային զոհերն են:
Ինչո՞ւ ենք ասում այս ամենը: Պարզապես ուզում ենք արդեն այսօր արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ի դեպքերի մասին խոսելիս արդարացնում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, դրանով իսկ կատարում են ճիշտ նույն հանցագործությունը եւ վաղ թե ուշ դատարանի դահլիճում կանգնելու են նրանց կողքին: Հիմա ենք ասում, որպեսզի հետո չբողոքեն, թե «տեղյակ չենք եղել»:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Չի՛
Ո՞Վ Է ՍՏՈՒՄ
ՀՀ գլխ. դատախազությունը ջանադրաբար եւ պաշտոնապես հայտարարում էր, թե մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ որեւէ քաղաքացի Մյասնիկյանի արձանի շրջակայքում եւ դրան հարող տարածքներում վրաերթի չի ենթարկվել:
Եւ որպես իր ասածի ապացույց մատնանշում էր առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներն այն մասին, որ մայրաքաղաքի այդ հատվածից վրաերթի ենթարկված որեւէ քաղաքացի հիվանդանոց չի տեղափոխվել: Սակայն շուտով հրապարակվեց տեսաձայնագրություն, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է փշալարի կցորդով ոստիկանական ջիփը Պարոնյան փողոցի վրա բարձր արագությամբ հարվածում մի քաղաքացու եւ 3 անիվներով անցնում նրա վրայով: Երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հաստատել է, որ վրաերթի ենթարկված ոչ մի քաղաքացի հիվանդանոց չի տեղափոխվել: Ուրեմն կա՛մ վրաերթից հետո վիրավորը շորերը թափ է տվել ու գնացել տուն, կա՛մ պետական մարմիններից մեկը ակնհայտորեն ստում է:
ՀԺ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հրատարակված է Մայիս 30, 2008
Ռոբերտ Ա.ՍարգսյանՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԻ 1
Նախորդ համանուն հրապարակման մեջ անդրադարձել էինք մարտի 1-ի լուսադեմին կատարված դեպքերին: Այժմ կփորձենք ականատեսի աչքերով ներկայացնել լուսադեմին հաջորդած ողբերգությունը: Կրկին զերծ ենք մնում ականատեսի անունը հրապարակելուց:
«Առավոտյան Ազատության հրապարակի վրանային քաղաքի բռնի տապալումից հետո, ես, - պատմում է ընկերս, - միառժամանակ ապահով տեղում պատսպարվելուց եւ վերքերս մշակելուց հետո, իմանալով, որ ժողովուրդը հավաքվել է ֆրանսիական դեսպանատան մոտ (ինձ ընկերս ասաց, երբ նրան զանգեցի), գնացի այնտեղ: Իմ այնտեղ հասնելուց մի տասնհինգ-քսան րոպե հետո, արդեն 11-ի կողմերը, ոստիկանությունը հարձակվեց մեզ վրա: Դեռ էնտեղ շատ մարդ չկար, բայց մենք ուզում էինք հավաքվել, որ մեր Նախագահն էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանը, գար ու ասեր, թե հետո ինչ ենք անելու ու ընդհանրապես ինչ ա լինելու: Էդ պատճառով եւ նաեւ նրա համար, որ մենք ուրիշ տեղ չունեինք գնալու, համ էլ ոնց պտտվեիր ոստիկանները ձերբակալելու էին, մենք սկսեցինք ինքնապաշտպանվել: Մենք պաշտպանվում էինք դատարկ ձեռքերով ու մի անցորդի պայուսակից թափված քալ տանձերով: Էդտեղ վիրավորներ էլ եղան, մի տղա, որ կանգնած էր քարից ծաղկամանի վրա, մեկ էլ ինքն իրան ընկավ: Մտածեցինք, որ կարող ա հոգեկան ա: Այնինչ իրա ասելով առավոտվա` Օպերայում գլխին ստացած դուբինկայի հարվածից մի անգամից շոկի մեջ էր ընկել: Էդ տղուն դրինք շտապօգնության մեքենան ու իրան տարան` ինքը Արարատի շրջանից էր: Ոստիկանները հետ քաշվեցին արդեն 12-ի կողմերը, երբ ժողովուրդն ավելի էր շատացել ու ժողովրդին կիսեցին: Էդպես ուրիշ շատ բաներ չեմ հիշում, ընդամենը մի քանի դրվագներ են մեջս տպավորվել: Առաջինը` «Վիլիսի» հետ կապված պատմությունն ա: Էդ «Վիլիսը» գրեթե ինձ գցում էր տակը: Իմ մոտ կանգնած կնոջը ուզում էի հրեի մի կողմ, բայց չհասցրի...ավտոն քցեց տակը, ու տեսա ոնց էդ կնոջ բերանից արուն էկավ: «Վիլիսը» հասավ մինչեւ թատրոնի մոտ (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի.- Ռ.Ա.Ս.): Մինչեւ հասա էդտեղ արդեն վառում էին: Ծանոթ տղերքից մեկի ավտոն բրթեցինք մի կողմ, որ չվառվի: Հետո էն մյուս «Վիլիսի» վառվելն եմ հիշում: Մի տղա կար` թիկնապահի նման մարզված ու սափրած գլխով, անընդհատ ժողովրդին ոնց որ դրդեր, որ հարձակվեին ոստիկանների վրա: Ինքը ուզում էր ոստիկանության «Վիլիսը» վառեր` մենք չթողինք, ասինք քեզ ինչ ա արել, մեքենա ա, թող մնա: Մենք չգիտեինք որ էդ «Վիլիսը» լիցքավորված ա գազով ու բենզինով ու էդ ձեւով բերել-կանգնացրել էին ժողովրդի մեջ: Հետո մեկը խելքի գցեց, ասեց, որ գազի բալոնները, բենզինի բաքը բացեք` թող մեջի վառելիքը թափվի: Մենք հենց ըտենց էլ արինք: Բայց էդ թիկնապահի տեսքով տղան վերջը վառած բենզինով պլաստմասսե շիշը գցեց ավտոյի մեջ ու փախավ: Մենք էլ չկարողացանք մեքենան հանգցնենք: Խանութների թալանի հետ կապված մի կարեւոր բան ասեմ: Ուրեմն ես Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց հատման մասում էի: Էն խանութը, որ ասին իբր մենք ենք թալանել` իրականում ոստիկաններով շրջապատված էր, իսկ երբ ոստիկանները իջան Ամիրյանի կողմը, մենք տեսանք, որ խանութը արդեն ջարդուխուրդ արած ա. դե ժողովուրդն էլ առավոտվանից սոված էր. մտան էդ խանութներից ուտելու բան-ման վերցրին, բայց անձամբ ես ու իմ հետի տղաներից մի երկուսը մի քանի շիշ կոնյակ ջահելների ձեռից վերցրինք ասինք` մի խմեք, ընդհանրապես ձեռ մի տվեք, ձեզ պետք չի: Մենք անգամ էդ խանութի ուտելիքին էլ ձեռք չտվինք, որովհետեւ հարամ բան մեզ պետք չեր, մենք էլ դրա համար չէինք գնացել էդտեղ: Ժողովրդի վրա սկսեցին կրակել ժամը իննի կողմերը: Կրակում էին զինվորների մեջ շախմատաձեւ շարված մարդիկ` երեւի սպաներ էին: Մեր ձեռքը ոչինչ չկար: Առաջին զոհերից Քլոյան Գոռն էր` ինքը զոհվավ մարտական նռնակի պայթյունից: Մենք գրեթե իրար մոտ էինք: Գոռի վերքը աճուկի կողմից էր. չէին կարողացել գտնել վերքը ու արյունահոսությունից մահացավ, որի մասին իմացանք արդեն գիշերվա երեքի կողմերը: Գոռի վիրավորվելուց հետո տղանների մի մասը գնաց տներով` դե տեսան, որ ուղիղ նշանով կրակում են հերիք չի, դեռ նռնակներ էլ են գցում մեր վրա, որոնք երկու տեսակի էին` գազային ու մարտական: Ովքեր որ մնացինք` հավաքվանք Մյասնիկյանի արձանի մոտ կրակ արինք, ասինք մնանք մինչեւ լույսը բացվի, բայց որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Նախագահն ասում ա գնացեք տներով, մենք կամաց-կամաց գնացինք»: Ծանոթս, ով երկար համոզելուց հետո համաձայնեց պատմել իր տեսածը, ամբողջ խոսակցության ընթացքում մարմնով մեկ ցնցվում էր ու անընդհատ ասում էր` կներես շատ բան չեմ կարողանում պատմել, որովհետեւ ամեն անգամ հիշելուց սարսափում եմ ու սկսում եմ նյարդային ցնցումների մեջ ընկնել: Էնպես որ, նյութական վնաս հաշվարկողներին խորհուրդ կտամ նաեւ մարտի 1-ի գիշերը Մյասնիկյանի արձանի մոտ ու դրան հարող տարածքում գտնվող մարդկանց բարոյական վնասն ու առողջության կորուստը եւս չմոռանան հաշվել ու հաշվարկել: Հ.Գ. Մեր բաժանվելուց հետո ծանոթս ասեց, որ չնայած անունը չի նշվելու, սակայն վերջում կարող եմ գրել «Գրված է ճիշտ, որի համար ստորագրում եմ» եւ ապագայում կարող են սա եւս դարձնել քրեական գործի եւս մի թերթ: Ես իր տեղը ստորագրում եմ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հերթական ստահոտ բանբասանք, ըստ՝«իշխանամերձ շրջանակների հավաստի տեղեկկությունների»: Այսպիսի ամպագոռգոռ ստահոտ լուրերով խարխլում եք ձեր սեփական երկրի պետականության հիմքերը: Շարունակեք նույն ոճով... եւ ձեր կոտրած գերանը՝ կոտրվելու է հենց ձեր գլխին: Շարունակեք...
Ավելացվել է 19 րոպե անց
Անկախ այն հանգամանքից թե ովքեր են կանգնած իշխանության գլուխ, անձամբ չեմ արդարացնում մարտի 1-ի դեպքերի մասնակիցների գործելակերպը, նրանք վաստակեցին այն: Ցանկացած այլ ամենա- դեմոկրատական պետությունում, այդպիսի ցուցարարների նկատմամբ կըվարվէին նույն կերպ, դեռ ավելին: Բավական է գլուխ արդուկեք այդ դեպքերի կապակցությամբ: Մարկ կոչեցյալները չարաչար սխալվում են, որովհետեւ նրանք ազատություն եւ ժողովրդավարություն ասելով, հասկանում են թե ինչ որ լեզուն կտրեց կարելի է արտահայտել հրապարակավ: Ամենա զարհուրելին այն հանգամանքն է որ դուք փորձում եք հերոսացնել այլանդակված ամբոխի ծնունդ հանցագործերին(անկասկած ամբոխի մեջ եղել են ազնիվ հայրենասերներ), սակայն մոլորված:
Վերջին խմբագրող՝ սիսար: 07.06.2008, 06:49: Պատճառ: Գրառման ավելացում
Խնդրում եմ գեթ մեկ օրինակ, փաստարկներովՕրինակ Վրաստանը մտնո՞ւմ է «ամենադեմոկրատական» երկրների մեջ
Չէ՞, հմ... հա, չէ, չի մտնում: Այնտեղ ցույց ցրելուց մարդ չեն սպանում: Իսկ ցրելուց հետո նախագահը հրաժարական է տալիս։ Կոնկրետ օրինակ եմ խնդրում
Ինչ վերաբերվում է մոլորվածությանը: Վաղո՞ւց է օգտագործում ես ՌՔ-ի ու Տաթևի հանճար մտքերըի՞նչ է նշանակում մոլորված
ինչի՞ց են մարդիկ մոլորվել : Ասենք, իրականում Հայաստանում կյանքը մեղր ա, բայց մարդիկ մոլորված, հիմար-հիմար կարծում են, որ ամեն ինչ մեղմ ասած այնքան էլ մեղր չի՞: Ասենք երեկ Մատենադարանի մոտ մի քանի հաստավզով մի 40-ին մոտ մարդու ծեծելը, մեքենա խցկելն ու անհայտ ուղղությամբ տանելը աչքի՞ս ա երևացել
Ախր... լիքը հիմնավորումներ կան, չգիտես որը ասես, որը թողնես
Գեթ մեկ հիմնավորում եմ խնդրում մոլորվածության: Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ չէ: Նրա վրա ամեն օր ամեն կերպ լուտանք թափելը մեղմ ասած էֆֆեկտ չունի, մի պարզ պատճառով, որ շատերը նրա նկատմամբ այնքան էլ լավ չեն: Ու հենց էս պատճառով, մի հատ պարզ հարց տվեք ինքներդ ձեզ, հարգելի «իշխան»ամետ փոքրամասնություն: Եթե ժողովուրդը գնում է ձեր ձևակերպմամբ «տականք, զզվանք, հրեամասոն» ու էլ եսիմ ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից, մի՞թե այդքան դժվար է հասկանալ, թե ինչքա՞ն է ժողովուրդը ատում ու զզվում Սերյոժա-Քոչարյանից:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 07.06.2008, 07:49:
ԳԻտես, հարգելիս։ Ընդդիմադիրները նրանք, չեն, ովքեր նստած են տանը, ու իրենց համարում են ընդդիմադիր։ Ընդիիմադիրը պետք է աշխատի։ Ընդդիմադրի հիմնական բնութագրական հատկանիշը այն է, որ նա պետք է արտահայտի իր բողոքը ընդդեմ իշխանությունների։ Իսկ բողոքը միայն խոսքերով չեն արտահայտում, այլ նայեվ կոնկրետ գործերով։ Դրանք են հանրահավաքները, երթերը, և բողոքի այլ ակցիաները։ Բոլոր նորմալ երկրներում նման միջողառումները համարվում են օրինաչափ և նույնիսկ պարտադիր։ Հայաստանում մարդկանց բողոքի ձայնը փորձեցին կտրեցնել, բայց իսկական ընդդիմադիրը նրանք են, ովքեր այդքան շուտ չեն հանձնվի, և կշարունակեն պայքարը հունիսի 20-ին։
Այսպիսով. դու ճիշտ ես, Հայաստանում կա 2 ընդդիմություն.
1. Ընդդիմություն, որը գործում է
2, Ընդիիմություն, որը միայն խոսում է
Մի քանի ամիս առաջ 2-րդ կատեգորիայի ընդդիմության մեջ էին մտնում նաև "ԱԽՔ"-ը և "դատարկ դհոլը", բայց ժամանակը ցույց տվեց, որ "ԱԽՔ"-ը ոչ միայն հրաժարվեց իր ընդդիմադրի կոչումից, այլ նաև դուրս եկավ ժողովրդի դեմ, իսկ "դատարկ դհոլը" վերջնականապես ծակվեց։ Այս երկու դեպքերն էլ կանխատեսվել էին Լևեն Տեր-Պետրոսյանի կողմից։
Ավելացվել է 16 րոպե անց
Շատ ճիշտ էս ու շատ դիպուկ ա ասված։
Ավելացվել է 17 րոպե անց
Շատ ճիշտ ես ու շատ դիպուկ ա ասված։
Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 07.06.2008, 09:36: Պատճառ: Գրառման ավելացում
Ինչո՞ւ եք համեմատում այլ պետությունների հետ. եթե ուրիշ պետությունում գլխատում են բոլոր ցուցարարներին անխտիր, ուրեմն մենք պետք է համեմատվենք նրանց հետ և շնորհակալությու՞ն հայտնենք մեր իշխանությանը մեր 10 զոհերի համար: Ո՛չ:
Կամ, եթե համեմատվելու գայթակղությունը մեծ է, խնդրեմ, համեմատեք 1996 թվականի ազգային ժողովի մոտ կատարվածի հետ: Ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում էր զոհերի հավանականությունը մեծ, երբ ցուցարարները գրոհում են որևէ պետական կառույցի վրա, թե՞՝ խաղաղ հանրահավաքի ընթացքում:
Արդյո՞ք ճիշտ է, երբ այդ տարիների մասին խոսելիս հիշատակվում է միայն հացի և կարագի հերթերը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՄԻԱՍԻՆ ԲՈՒԺԵՆՔ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
[19:01] 06 Հունիսի, 2008
Շատերն են ցնցվել Արթուր Ավագյանի լուսանկարից, որն արվել է հիվանդանոցում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը:
Արթուր Ավագյանը իշխանությունների կազմակերպած մարտիմեկյան ՚փայլուն օպերացիայիՙ տուժածներից է. հիշում է, թե ինչպես աչքի առջեւով լուսավոր մի բան արագ ընթացքով անցավ: Հետո գլուխը սկսեց ցնցվել այնպես, կարծես՝ ուր որ է պոկվելու է: Ապա հիշում է, որ երկու ձեռքով ամուր բռնել էր գլուխն ու ամբողջ ուժով գոռացել` հույսով, որ ցնցումները կդադարեն, հետո զգացել էր, որ բերանն ինչ-որ բան է լցվում: Թքել էր սեփական ատամներն ու արյունը: Դրանից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել:
Ըստ ՚Արմենիաՙ բժշկական կենտրոնի աշխատակիցների, նրան գտել են Մարզահամերգային համալիրի մոտակայքից եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ Արթուրը ենթարկվել է ծանր եւ 7 ժամ տեւած վիրահատության: Նրա կյանքը բժիշկներին հրաշքով է հաջողվել փրկել: Սարսափելի է նրա վնասվածքների բնութագիրը. ՚Պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք, (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային և թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված եւ ջնջխված վերք: Վերին ծնոտի արվեոլար ելունի ու մարմնի աջից 8,7,6,5,4,3 ատամների շրջանում (հրազենային, բեկորային), ստորին ծնոտի հրազենային բեկորային կոտրվածք, աջ մենթալ շրջանի 6,5,4 ատամների լրիվ տեղախախտ: Կատարվել է ստորին ծնոտի օսթեոսինթեզըՙ:
Արթուր Ավագյանը մարտի 1-ին ընկերներին փնտրելով ժամը 20-ի սահմաններում հայտնվել էր Լուսավորիչ- Զաքյան խաչմերուկի ՚մսաղացումՙ:
Այսօր Արթուրի կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում, բայց նա զրկված է լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից, որովհետեւ բացի դեռ չսպիացած եւ ժամանակ առ ժամանակ բորբոքվող վերքերի պլաստիկ վիրահատության անհրաժեշտությունից, նա նաեւ ավելի լուրջ խնդիրներ ունի, կապված լեզվի` ուտելու եւ խոսելու հետ: Անհրաժեշտ է մասնագիտական լուրջ բուժօգնություն, որպեսզի հաղթահարի հոգեբանական սթրեսը եւ վերականգնի առողջությունը: Մինչեւ մարտիմեկյան իրադարձությունները Արթուրը զբաղվում էր սպորտով` ըմբշամարտով, ուներ աշխատանք: Լինելով կենսախինդ անձնավորություն` այսօր նա իր սիրած գործով զբաղվելու հնարավորությունից զրկված է, բավականին հոռետես է նաեւ հետագա կյանքը դասավորելու առումով:
Արթուր Ավագյանը ծնվել է 1986 թվականին: Մասնագիտությամբ ոսկերիչ է: Երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել եւ չի զբաղվել: Այսօր նա ոչ միայն չի կարող զբաղվել իր սիրած սպորտով, այլեւ չի կարող աշխատել, որովհետեւ մասնագիտության բերումով պետք է անընդհատ գտնվի փոշոտ պայմաններում, իսկ դեռեւս չսպիացած վերքերը հնարավորություն չեն տալիս նրան աշխատել: Արթուր Ավագյանը միայնակ է իր խնդիրները լուծելու հարցում եւ զրկված` գոյությունը պահպանելու հնարավորությունից:
Ավագյանի առողջությամբ չեն հետաքրքրվել իշխանությունները, այն մարդիկ, ում պլանավորած եւ իրականացրած ՚օպերացիայիՙ արդյունքում երիտասարդը դարձել է հաշմանդամ:
Քանի դեռ Արթուրը չի կարող իրեն զգալ լիարժեք մարդ, որը ի վիճակի է հոգալ սեփական խնդիրները, մարտի 1-ը շարունակվում է:
Մարտի 1-ը շարունակվում է այնքան, քանի դեռ մեր կողքին անտարբերության են մատնված Արթուրը եւ նրա նման մարտի 1-ին տուժածները, քանի դեռ չի բացահայտվել հանցագործությունը եւ սեփական ժողովրդի վրա կրակողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Ա1+ ը սեփական նախաձեռնությամբ հորդորում, խնդրում ու դիմում է առաջին հերթին բժիշկ-մասնագետներին Հայաստանում եւ արտերկրում, ովքեր կարող են խորհուրդներ տալ կամ ստանձնել Արթուրին լիովին բուժելու դժվարին գործը: Բայց այս գործը նաեւ ֆինանսական աջակցություն է պահանջում:
Օգնենք Արթուրին ազատվել այունալի իրադարձությունները հիշեցնող սպիներից: Օգնենք հայ հասարակությանը՝ ապաքինվել մարտիմեկյան ողբերգությունից:
Օգնել ցանկացողների համար մենք կբացենք հաշվեհամար: Հետեւեք մեր լրատվությանը:
Ա1+
Շարունակեք արդարացնել այս արնախումներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ