ՀԵՏՈՒՅՔԱԽԱՂԵՐ

Ճիշտն ասած, կառավարության ցուցաբերած «բարի կամքի» մասին խոսակցությունները շարունակում են ինձ նյարդայնացնել, եւ ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային: Խնդիրը նման խոսակցությունների անբովանդակալից լինելն է: Բարի կամք թե չար կամք, բայց Հայաստանում կա հստակ խնդիր եւ հստակ օրակարգ: Հայաստանում եղել է մարտի 1, եղել են մարդկային զոհեր: Ինչ-որ մեկը պետք է դրա պատասխանատվությունը կրի անպատճառ, առանց այլեւայլությունների: Ինչ-որ մեկը պետք է հստակ մեղավոր ճանաչվի այս դեպքերի համար: Դա կարող է լինել կա՛մ իշխանությունը, կա՛մ ընդդիմությունը: Երրորդ տարբերակ այստեղ ես չեմ տեսնում: Չի կարող երրորդ ուժը մեղավոր լինել այս բանի մեջ, եւ չի կարող նաեւ ոչ մեկը մեղավոր չլինել: Եւ ի՞նչ է առաջարկվում այս պայմաններում: Քաղաքական ուժերի բախման պատճառով մարդիկ են զոհվել՝ շարքային քաղաքացիներ: Եւ դրանից հետո, վիդիտե լի, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է նստեն ու խորաթա անեն դեսից ու դենից, ասես ոչ ոք պատասխանատու չէ մարդկանց կյանքերի համար:

Կառավարությունն ունի իր վարկածը տեղի ունեցածի առնչությամբ եւ իր մեղադրյալներին: Կառավարության «բարի կամքը» այդ մեղադրյալների նկատմամբ ոչ մեկին չի հետաքրքրում: Հետաքրքրում է այլ բան: Եթե կառավարությունը ունի բավականաչափ եւ հստակ ապացույցներ այդ մարդկանց, այսինքն` մեր՝ ընդդիմության մեղավորության մասով, թող բարի լինի այդ ապացույցները տեսանելի դարձնի: Կառավարության վարկածը պետք է անպատճառ ապացուցվի, կամ կառավարությունը ինքը պետք է պատասխանատվություն կրի եւ հեռանա որպես մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած կառավարություն: Ընդ որում, պաշտոնական վարկածը պետք է ապացուցվի մի քանի ձեւերով: Նախ՝ դատական գործընթացով: Բայց քանի որ բոլորին քաջ հայտնի է, որ դատական մարմիններին Հայաստանում քիչ են վստահում, եւ հաշվի առնելով գործի կարեւորությունը` պետք է գործի դրվեն նաեւ այլ մեխանիզմներ: Դատավարությունների արդյունքները պետք է համոզիչ լինեն: Դրա համար կառավարությունը պետք է հստակ, միանշանակ եւ համոզիչ պատասխան տա թեկուզ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում հնչեցրած բոլոր հարցադրումներին` կապված իրադարձությունների պաշտոնական վարկածի հետ, սրան գումարած եւ այն բազմաթիվ հարցադրումները նույն վարկածի հետ կապված, որ հնչեցվել են ՀՀ քաղաքացիների կողմից եւ տպագրվել են ԶԼՄ-ներում: Բացի այդ, կառավարությունը պետք է ներկայացնի համոզիչ նյութական ապացույցներ իր պաշտպանած վարկածի վերաբերյալ, օրինակ` տեսագրություններ: Ասենք, շատ հետաքրքիր կլիներ տեսնել ոստիկանության կողմից մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին իբր ներկայացված խուզարկման պահանջի տեսագրությունը, նաեւ մարտի 1-ի երեկոյան ցուցարարների կողմից զենք օգտագործելու տեսագրությունները եւ այլն: Բացի այդ, պետք է ապահովվի դատավարությունների հրապարակայնության բարձրագույն աստիճանը: Օրինակ, դատական նիստերը պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով առանց մոնտաժի, որպեսզի բոլորը համոզվեն, որ ներկայացված մեղադրանքները ապացուցելի են: Հակառակ դեպքում, եթե կառավարությունը ի զորու չէ ապացուցել սեփական վարկածի ճշմարտացիությունը եւ համոզիչ լինելը, նա պետք է հրաժարական տա, եւ ինքը հանդես գա մեղադրյալի կարգավիճակում: Սա է միակ տրամաբանական ելքը: Բայց կարծում եմ` միայն Մարս մոլորակի բնակիչներին դեռեւս պարզ չէ, թե ինչու կառավարությունը մինչ այժմ չի կատարել թվարկված գործողությունները, իսկ դրա փոխարեն նրա ներկայացուցիչները «բարի կամքի» հետույքախաղեր են տալիս:

www.hzh.am