Շարունակեմ խաղի կանոնների նկարագրությունը։
Ինչպես արդեն ասացի, խաղացողները հերթով մեկական կետ են դնում դաշտի հորիզոնական ու ուղղաձիգ գծերի հատման կետերում։ Ասենք մի խաղացողը կապույտ կետեր է դնում, մյուսը՝ կարմիր։
  • Հենց որ խաղացողներից մեկը կարողանում է իր դրած հարևան կետերով (հարևան են համարվում միևնույն վանդակի գագաթներ հանդիսացող կետերը) փակ կոնտուր կազմել, որը պարունակում է հակառակորդի գոնե մեկ կետ, ապա գծում է այդ կոնտուրը և նրանում պարունակվող հակառակորդի կետերի քանակով միավորներ է ստանում։
  • Արդեն գծված կոնտուրի ներսում կետեր դնել չի թույլատրվում։
  • Չի թույլատրվում կոնտուրի գիծը հատող կոնտուր գծել։
  • Ենթադրենք կապույտով խաղացողը կոնտուր է գծել ու շրջապատել է հակառակորդի մի քանի կետեր։ Կարմիրով խաղացողը կարող է կապույտով խաղացողի այդ կոնտուրը շրջապատող կոնտուր գծել։ Այդ դեպքում կարմիրով խաղացողը կարմիր կոնտուրի ներսի բոլոր կետերի(այդ թվում՝ կապույտ կոնտուրի կետերի) քանակով միավորներ կստանա, իսկ շրջապատված կապույտ կոնտուրում ընկած կարմիր կետերը կազատվեն՝դրանց քանակով կապույտներից միավորներ կհանվեն։
  • Կոնտուր կազմելիս պարտադիր չէ օգտագործել բոլոր սեփական կետերը։
  • Եթե կա կոնտուրը գծելու մի քանի տարբերակ, ապա պետք է ընտրել դրանցից ամենամեծ մակերես զբաղեցնողը։
  • Չի թույլատրվում դեռևս փակ կոնտուր չկազմող կետերով գիծ գծել։
  • Տեսականորեն խաղը կարելի է խաղալ անսահման դաշտում և խաղը կարող է անվերջ շարունակվել, բայց պրակտիկայում դաշտը սահմանափակ է, և օգտագործում են խաղի ավարտի հետևյալ պայմաններից որևէ մեկը.
  1. խաղում են այնքան, մինչև դաշտը վերջանա ու էլ կետեր դնել հնարավոր չլինի (կամ էլ անիմաստ լինի)։ Հաղթում է նա, ով ավելի շատ միավորներ ունի։ Այսինքն՝ ով ավելի շատ հակառակորդի կետեր է շրջապատել։ Խաղն ավելի ճշգրիտ դարձնելու համար կարելի է խաղալ շախմատի ժամացույցով։ Մնացածը նույն ձևով։
  2. Խաղում են մինչև առաջին կոնտուրի գծելը։ Բնականաբար հաղթում է կոնտուրը գծողը։