Մի անսովոր խոսակցության եմ ուզում ձեզ հրավիրել, մի նյութի, որի մասին բոլորս գերադասում ենք չխոսել, ասես, չկա, գոյություն չունի: Եվ այս առումով անգիտության մեջ կորած ենք:
Հաճախ եմ կանգնած եղել մահամերձ հիվանդի կողքին, և այդ գիտելիքի պակասը զգացել, ինձ անուժ ու անկարող զգացել. ի՞նչ խոսեմ, ին՞չ ասեմ, խաբել ու կեղծել երբեք չեմ սիրել, բայց ի՞նչ անեմ: Ընդունված տրադիցիան պարտադրում է հոգսաշատ դեմքով հույս տալ, նորանոր դեղեր նշանակել, նորանոր բժիշկների կանչել, ցավազրկող դեղեր նշանակել և մահամերձին "ապուշի" տեղ դրած ստե~լ, ստե~լ, ստե~լ...: Միակ ուղենիշը, որ ունեի իմ արսենալում, Լև Տոլստոյի "Իվան Իլյիչի մահը" փայլուն պատմվածքն էր, որը խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորիդ: Բայց քիչ էր, խիստ քիչ, իմ բնագիտական և բժշկական պահանջը մնում էր չբավարարված...
Ապա եկան տարիներ, երբ ես ամբողջությամբ մտա քրիստոնեկան մտածողության, նաև աղոթքի մեջ: Ընդունեցի բոլոր աքսիոմատիկ դրույթները, հետմահու կյանքի բոլոր տարբերակները, որոնք հաճախ հակասում էին իմ կենսասեր ու անկախ, իմ ազատ ու անվախ բնությանը, բայց ընդունեցի... ճիշտ համարելով, բառացիորեն լցրեցի ինձ ու լցվեցի, խորացա ու ընդունեցի... Այդպես, երկարատև աղոթքով ու քրիստոնեական գիտակցությամբ ճանապարհեցի շատ հարազատ մարդու... թվաց, թե այն է, որ կա:
Բայց էությունս բավարարված չէր...
Շատ եմ փնտրել այս հարցի պատասխանը, վերջապես գտա այս հեղինակին... ինձ մոտ է նրա հայացքը կյանքի և մահու խնդիրների վերաբերյալ... Եվ հանկարծ հասկացա, որ այս գիտելիքը պետք է կազմի առողջագիտության մասը, Կյանքի գիտելիքի մասը, և ես, հենց ես, խնդիր ունեմ ներկայացնել այն հանրությանը, նրա պատրաստ հատվածին:
Եվ այսպես. ինչպես ապրել Կյանքը հարցի կողքին դնում ենք մի արտասովոր հարց. ինչպես պատրաստվել "ճիշտ" մահվան, ինչ գիտակցությամբ մոտենալ այդ պահին, ինչ հոգեվիճակով և ինչ "սպասումներով", մի- խոսքով, առանց վախի խոսենք մահվան մասին, քանի-որ ամենաանարժան բանը մարդու համար վախն է:
Էջանիշներ