Իհարկե: Համոզելու բան չկա, հենց այդպես էլ կլինի: Բոլոր հայկական անուններն էլ հենց այդպես են առաջացել: Օրինակ՝ «գեղեցիկ« բառը հայերենում եղել է, գուցե փոխառություն է եղել, չգիտեմ, հետո մի օր մի հայ գյուղացի որոշել է իր աղջկա անունը Գեղեցիկ դնել, ու հասարակ գոյականը դարձել է հատուկ գոյական: Եթե հարևանդ իր երեխայի անունը Կոնֆետ դնի, ու նրան հետևեն շատ ուրիշ հարևաններ, Կոնֆետը համապատասխան տարածում ստանալուց հետո կսկսի համարվել մաքուր հայկական անուն: Պարզապես ավելացնեմ մի բան. հիմա դա քեզ խորթ ու տարօրինակ է թվում, որովհետև դեռ շատ ուժեղ է «կոնֆետ» հասարակ անվան օտար-փոխառված լինելու զգացողությունդ, բայց մի մոռացիր, որ հայերենի գրեթե բոլոր բառերն էլ անցել են այդ ճանապարհով: Եթե գա մի օր, երբ «կոնֆետը» այլևս որպես ռուսաբանություն այդքան սուր չընկալվի, ապա փոքրիկ Կոնֆետիկն էլ կսկսի համարվել բնիկ հայկական անուն կրող աղջիկ (կամ տղա) : Ի վերջո՝ երբ պարոն Մամիկոնյանը իր տղայի անունը դնում էր Վահան, նա արդեն չէր մտածում, որ վահանը այն բառն է, որով իր թշնամի ասորի զինվորը նկարագրում էր այն մեծ ու կլոր պաշտպանական առարկան, ու ինքն էլ, այլ հարմար բառ չլինելու պատճառով, ստիպված սկսեց օգտագործել այդ օտար ու խորթ բառը: Ոչ իհարկե, բառը արդեն մտել էր հայերենի մեջ ու բազում հարյուրամյակներ գործածվում էր, ու պարոն Մամիկոնյանն էլ իր տղային կոչեց Վահան, որպեսզի նա վահանի նման պաշտպան ու ամրակուռ դառնա: Նույն կերպ՝ եթե հարևանդ որոշի իր տղային կոչել «Մկրատ» կամ «Դարպաս», որպեսզի տղան սրամիտ կամ անխոցելի լինի (երկուսն էլ պարսկական փոխառություններ են), այդ անունը համարվելու է իսկական հայկական անուն (բնականաբար՝ եզակի չլինելու, այլ տարածում ստանալու դեպքում):
Էջանիշներ