Սիրելի "Դար" ակումբ, սիրելի հայ երիտասարդություն, այս թեման բացում եմ
"Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում, քանզի օրվա կյանքի մեջ է բոլոր գիտությունների և կարելությունների ՍԻՆԹԵԶԸ:
Միասին հայենք այն Մեծ Գաղտնիքը, որ Կյանք է կոչվում... Այս դեպքում` Իմ Կյանքը, որտեղ կգտնեք ինչ-որ բան ձեր կյանքից և ձեր օրերից...
Այսօր կտեղադրեմ վերջին մի քանի օրերի գրառումները, ապա` հուսամ ամեն օր:
Այսօրս` 2 մարտի 2008թ., չի ավարտվում:
Չի ավարտվելու և որպես դաս` հնչելու է հետագա ապրելիք օրերի մեջ:
Չի ավարտվի ցավը - մինչև չդառնա գիտակցության արթնացման գործոն, սպեղանի` մեր պատմության համար ...
Բայց չէ~, չէ~, չէ~... դեռ չեմ կարող կշտամբել Քեզ, թթու խոսք ասել – Անգետս, Զավակս, Ծնողս, - քո թարմ վերքերի վրա ընկնում է իմ աղի արցունքը: Ես պինդ ոսոկոր եմ, փորձ ունեմ, - այն ժամին ու տարիներին, երբ դու անտարբեր ես եղել քո Կյանքին ու Ապագային – ես տվայտել եմ, և այսօր էլ դիմանում եմ քո Ցավին:
Անգետս, Զավակս, Ծնողս, - ախր ելել ես, ուզում ես տաս օրվա մեջ կյանք փոխես, բայց արդեն տա՜ս տարի, քսա՜ն տարի մի ընտանիք քեզ ասել է - որ կյանքը փոխում են ամե՜ն վայրկյան, ամե՜ն ժամ ու ամե՜ն օր, որ դրանք տարի դառնան, կյանք դառնան, հավերժություն: Անգետս, միամիտս` տաս օրվա մեջ կյանք փոխել կլինի՞:
Անգետս, Զավակս, Ծնողս.- պետք է առաջնորդ ու ուսուցիչ ունենալ, որ կօգնի քեզ` հասնելու քո սրտի մեջ գրված Գաղտնի Օրենքին: Ախր ԱՌՈՂՋ ԿԱՅՆՔԸ և ԱՌՈՂՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ հենց այնպես` իրեն-իրեն չեն ստեղծվում: Անգետս, ախր լուցկու հատիկն էլ առանց ծրագրի չի ստեղծվում, իսկ քո Կյանքի Պլանը գրված է քո սրտի մեջ, քո Գաղտնի Օրենքի մեջ, որը դեռ չես ճանաչել: Անգետս, ի՞նչ հույս ունեիր, որ իշխանության համար կռիվ տվող երկու թևերից մեկը – որ նույն բարոյականությունն ու նույն գիտակցությունն ունի,- կարող է քեզ կյանք պարգևել: Ախր ի՞նչ նոր իմաստություն էիր տեսել այդ հնի, անցածի, քարացածի մեջ, անգետս :
Վիրավորս, Զավակս, Ծնողս, եթե սիրտդ լցված էր տաս-տասնհինգ տարվա նվաստացումից` ոչ մի պարպում և ոչ մի պոռթկում չէր օգնի քեզ, - որտե՞ղ է քո Պոռթկումի Ծրագիրը, որտե՞ղ է քո վերասլաց ուղին: Դու կյանքի ծրագիր չունեիր, դու անառաջնորդ էիր այս դառը ժամին...
Զավակս, Ծնողս, անգետս, - պատրաստ եղի՜ր նշտարիս ցավին, քեզ ասելու եմ այն, ինչ չես սպասում: ԱՄԲՈՂՋՈՎԻՆ, ԼԻՈՎԻՆ և ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ` ԱՐԺԱՆԻ ԵՍ ԱՅՍ ԴԱՌԸ ՕՐՎԱՆ, ԱՅՍ ՕՐԸ ՔՈ ՎԱՍՏԱԿՆ Է: Եվ մեղավորներ փնտրիր ՄԻԱՅՆ ՔՈ ՄԵՋ, ՄԻԱՅՆ ՔՈ ՄԵՋ , ՄԻԱՅՆ ՔՈ ՄԵՋ – մյուս մեղավորները, որ գիտես` դու ես ծնել ու սնել – նրանք քո անգիտության արտացոլանքն են:
Զավակս, Ծնողս, անգետս, երեք օր առաջ արդեն միտք ունեի, արդեն պատրաստ էի ասելու, որ ծրագիր չունեցող զավակներդ պետք է իջնեն հարթակից, որ դու նոր առաջնորդներ փնտրես կամ եղածներին կրթես- բարձրացներ, - բայց ուշացա` եկավ մեկը մարտի:
Այսուհետ Քո հետ եմ ուզում լինել և ուղեկցելու Քեզ, Սիրելի Հոգի, ոչ մի վայրկյան այլևս չեմ թողնելու Քեզ: Քո նման մանկանը` անչափահասին, անհնար է մենակ թողնել այս խառնակ ժամանակների մեջ... Քո հետ եմ լինելու – քո կողմից միշտ, ամեն օր, քսան տարի մերժված հոգիս` չի նեղանում քեզանից, չէ որ դու` ՄԵԾ ԱՆՉԱՓԱՀԱՍ,
Իմ ՄԵԾ, ՊԱՇՏԵԼԻ, ԱՄԵՆԱԳԵՏ, ԱՄԵՆԱԶՈՐ ԾՆՈՂՆ ես:
Խաղաղաղությու~ն Քեզ...
Այսօրս` 3 մարտի 2008թ., ավարտվում է:
Այսօր առավուտյան ԴՆ Ֆորումում բացեցի նոր թեմա` «Առավոտյան էսքիզներ»: Մերոնք դժգոհում են, որ վերջերս գրառումներս ծանրացել են, քաղաքականությունը ներս է սողոսկում և Կյանքը` համապատասխանաբար նվազում: Երևի թե ճիշտ են: Միայն Կյանքը կարող է ապաքինել մեր վիրավոր երկիրը, ուրեմն ` ամեն օր բարի առավոտ եմ հնչեցնելու ԴՆ Ֆորումում:
Այսօր առավոտյան կողմ գնացի «Երիտասրդություն» մետրոյի կողքին գործող բաց գրախանութ. Զորավարի «Հատընտիրը» չունեմ, ուզում էի գնել: Բայց ընդամենը մեկ-երկու գրավաճառ էր աշխատում: Աբովյանի վրա խաղաղ էր ու գարնանային: Ամեն ինչ այնպես էր` կարծես ոչինչ չի պատահել... Ժողովրդյան կյանքը ջրի վտակ է, դեմը բացեցիր` մեկ - երկու րոպե պղտորվում է, ապա զուլալվում ու շարունակում է ընթացքը, կարծես արգելքը չի եղել: Բայց ասեմ, որ ջուրը հիշողություն ունի, ջուրը ոչինչ չի մոռանում... Սա էներգո-ինֆորմացիոն հատկություն է...
Այսօր որոշեցի «Արշալույս»-ը ուղարկել վաղեմի հակառակորդիս` իր կրթահամալիրի կրթության մեջ ներդնելու համար, նամակը նախապատրաստեցի: Անքեն եմ ուղարկելու, ոչ ոք մեր գործին այնքան օգուտ չի տվել, որքան այս հակառակորդը, նրա դրած արգելքները հաղթահարելով ենք մենք հզորացել: Ուրեմն` նա հակառակ բևեռն է, առանց որի չկա առաջադիմություն: Ողջույնս ուժեղ և հզոր հակառակորդին, նրա դիմադրությունը ավելի օգտակար է եղել, քան անկամ ու թույլ բարեկամի օրհնությունը:
Միջազգային կյանքից, իհարկե, ինձ այսօր հետաքրքրում էր Ռուսաստանի նախագահի ընտրությունը: Սիրում եմ ռուս մշակույթը և լեզուն, և, իհարկե, ցանկանում եմ, որ նա ունենա լավ առաջնորդ: Բայց այսօր անհանգստություն ունեմ. Ռուսաստանի ներկա ղեկավարությունը, , որն անկասկած սիրված է ժողովրդի կողմից, արդյոք չի չարաշահում վարչական ռեսուրսը. չէ՞ որ ռուս չինովնիկությունը հակված է ուռճանալու և ժողովրդի պարանոցին նստելու, և դա արդյոք երբևէ չի՞ բերի Ռուսաստանի ապակայունացման... Բոլոր դեպքերում ջերմ մաղթանքներ հղենք բարեկամ երկրին և սիրելի մշակույթին :
Սիրելի ֆորում, գիտեք թուլությունս` ամեն օր հետևելու մեր Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությանը: Բնական է, որ այսօր տխուր ու լարված էր Տաթևիկ Բաղդասարյանը – ավերված է Երևանի կենտրոնը, զոհեր, թախիծ, մեղադրանքներ... Եվ սպասում էի, որ Հայլուրից հետո մի հավուր պատշաճի մշակութային շեշտ կլինի – մի դասական ֆիլմ ` բարձր ու վեհ հերոսներով, կամ մի համերգ , որ կարող է վեհ խոհեր ու Հայրենիքի զգացում ծնել, մի քիչ ապաքինել հուզված հանրությանը...
Բայց ո~չ, անուղղելի է մեր պաշտելի Հանրայինը: Մի քանի րոպե առաջ ցույց է տալիս ավերված մեր մայրաքաղաքը (պատճառ- հետևանքին չեմ անդրադառնում) և....անմիջապես` թրիլլեր` «Դիվահարը»` ինչ- որ սատանայական պատմություն, ապա մարտաֆիլմ` տղայի մասին, որ դարձել էր.... սպանող մեքենա: Եվ այսպես է ամբողջ աշխարհում, [b]այս աշխարհի հիմարացած հանրությունները չեն նկատում կապ` մահ սփռող մշակույթի և նրա ծնած հետևանքների միջև: Երբեք այդքան ինձ համար ողբալի չի եղել երկրում վարվող հակամշակութային քաղաքականությունը, որքան այսօր:
Սիրելի ֆորում` չենք գցի մեր տրամադրությունը, մարտաֆիլմերը չեն զոմբիացնի մեզ և մեր երիտասարդությանը, պայծառ սրտով կշարունակենք Նոր երկիր, Նոր Մշակույթ, Նոր Գիտակցություն կերտելու մեր ուղին:
Այսօրս` 4 մարտի 2008թ., ավարտվում է:
Այսօրս խորհրդածությունների օր էր: Մարդը, Ազգը, Հայաստանը – կանգնած տարիների ու դարերի խաչմերուկում. - ու՞ր են գնալու: Երկփեղկված համայնքը մի ծանր վերլուծություն է անում` ի՜նչ է եղել, ինչպե՜ս է եղել, ո՜վ և ովքե՜ր են եղել: Ո՜վ վերլուծողներ, դուք կարող եք գտնել այդպես բոլոր «մեղավորներին», դուք այդպես նույնիսկ կարող եք ճշմարտանաման լինել, բայց վերջին հաշվով սնանկ է լինելու ձեր ջանքը...Քանզի վերլուծության ժամն անցել է, եկել է ՍԻՆԹԵԶԻ ԺԱՄԸ...
Բոլոր հանագմանքները և իրադարձությունները, պատճառներն ու հետևանքները հանգում են մի հիմնական պատճառի – պակասել է Մարդու, Ազգի և Մարդկության Սերն ու Էթիկան: Օ~, վերլուծողներ, արդեն ամեն ինչ ասացի` էլ ի՞նչ ունեք վերլուծելու:
Երբ Սիրո ու Կարեկցանքի ջերմ ալիքը բարձրանա մեր սրտի մեջ, երբ այդ ալիքը վեր հանի Տիեզերական Գիտելիքը, երբ մենք նայենք մեր սրտի խորքը, ԵՐԲ ԵՍ ՆԱՅԵՄ ԻՄ ՍՐՏԻ ԽՈՐՔԸ` այնժամ կտեսնեմ, որ ԵՍ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ, և ամեն երկպառակություն կավարտվի մեր մեջ:
Այն ինչ կատարվում է` պատմական միստերիա է – ԱՊԱԳԱՆ Է ԾՆՎՈՒՄ :
«Ապագան չի առնվում, այն սովորում են», - ասում է Զորավարը, և դու` Համայնք, որ ձգտում ես բարոյական ու մարդկային ազատագրության, ե՞րբ ես նստելու Ապագայի Կրթության:
Այսօրս` 5 մարտի, 2008թ., ավարտվում է:
Չնայած օրը պայծառ էր, արևային, բայց ինձ համար այն դժվար անցավ: Երկրում լարվածություն կար, լարվածություն կար հայ պաշտոնեության, ՀՀ նախագահի դեմքին... Հանդուրժողանակություն, ահա այն մեծագույն որակը, որ կարող է ունենալ մարդը: Այսօր մի պահի ես հանդուրժողական չեղա: Բնությունը նորից ինձ փորձեց և պարզվեց , որ իմ... էվոլյուցիան շատ դանդաղ է ընթանում...և որքան հեռու է մարդկայինն ու կատարյալը: Մինչդեռ օրն այնքան խաղաղ էր սկսվել:
Այսօր Հայաստանում նշում էին ռազմական և քաղաքական հայտնի գործչի ծննդյան օրը: Հարգանք նրա հիշատակին, փառք նրա զենքին... Սակայն ոգեկոչման արարողություններին մեջ ինչ- որ անբնական բան կար, ինչ որ լարվածություն կար... Գործիչը եղել է 1996թ. նախագահական ընտրություններում չընտրվածին նախագահեցնող ուժը, ըստ էության` ռազմական հեղաշրջմյան հեղինակը: Նրա ուժային ազդեցության տակ են անցել 1998 և 1999թթ ընտրությունները, որոնց իներցիան շարունակվել է 2003 և 2008թթ. ընտրություններին: Ահա` 1996-ից մինչև այսօր մի գաղտնի լարվածություն էր մնացել, և որպեսզի ապաքինվենք` մենք մինչև վերջ պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ...
Մեծ ցավ է գիտակցել , որ մեր զինվորները` 18-19տարեկան, մայրաքաղաքում բախվում էին մեր ժողովրդի հետ: Ցավալի, ցավալի իրողություն: Մենք չունենք այլ ճանապարհ, քան փոխել մեր ներքին ազգային որակները և մեր պետականության որակը: Մենք կանգնած ենք ներքին, անարյուն, էթիկական հեղափոխության շեմին, որ պետք է կատարվի մեր մեջ: Բոլոր տեսակի վեճերը, փաստարկները, քաղաքական քայլերը, բոլոր տեսակի արտաքին և ներքին ազդակները ԻԶՈՒՐ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵԹԵ ՉԼԻՆԻ ԱԶԳԻ և ՆՐԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ, ՈԳԵԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Իսկ արտաքին արբիտրները պահ չեն կորցնում. Գուցե և նրանց փաստարկներում կան իրավական ճիշտ մոտեցումներ, բայց նրանց Էթիկան հենվում է սեփական շահի և մերկ կայսերական օգտապաշտության վրա:
Ուրախության ու խաղաղության զգացումը երկրում պակասել է, զնագվածային լրատվության մեջ կա լարվածություն, հայլուրային մադոննան աչքի առջև կորցնում է իր ինքնաավստահ, հայլուրական գեղեցկությունը...
«Ղոչաղ կացեք»` կասեր Թումանյանը մեզ բոլորիս
Մենք էլ մեզ նույնն ասենք:
Բարի գիշեր:
Էջանիշներ