Այսօրս` 14 ապրիլի 2008թ., ավարտվում է:
Երեկ Philosopher-ը մեր կայքերը մի տեղից տեղափոխում էր մեկ ուրիշ տեղ: Այդ պատճառով համացանց դուրս չեկա, և “Այսօրս” առաջին անգամ չհասավ իր ընթերցողին:
Այսօր խմբագրում էի պոեզիաս, հնչում էին նորից հին երգերը… Մի քանի օրից հետո կսկսեմ բանակացել հրատարակության համար:
Այօսր եկել էին Վենետիկի հանձնաժողովից, մի խստահայաց մորաքույր քննության էր ենթարկում մեր ԱԺ նախագահին: Տ.Թորոսյանը ձգտում էր ապացուցել, որ ինքնաբուխ ցույցերը կարող են… այնքան էլ ինքնաբուխ չլինել, այսինքն` լինել կազմակերպված ինչ-ինչ… հանցավոր նպատակներով: Մի խոսքով` տխուր տեսարան էր… Ցանկանանք ունենալ այնպիսի պետականություն, որը գրեթե անտեսանելի աշխատի, իսկ մենք էլ… ինքնաբուխ, առանց…հանցավոր նպատակների, ապրենք մեր կյանքը:
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռանում է. տխուր էր, ձայնը դողում էր: Այս գործիչը շատ է ուզում հավատալ, որ ինքը հետք է թողել պետության պատմության մեջ: Գուցե և թողել է: Բայց նրա գործունեության ընթացքում ես չեմ զգացել ժողովրդի ճակատագրի և մշակույթի այնպիսի խորունկ զգացում, որոնք ազդեին նրա դիվանագիտական աշխատանքի վրա: Մեր երիտասարդ դիվանագիոտությունը խոնարհված տեսանք ստրասբուրգերի առջև:
Մի երկու մշակութային անդրադարձ…
Մարդ միշտ ուզում է երկրի մշակութային կյանքից որսալ ինչ որ պահ, ինչ որ իրադարձություն, որ կարող է թև տալ իրեն, ոգևորել, բայց ցավոք դրանք քիչ են պատահում :
Ահա այս տարի նորից լինելու է երգի համահայկական միջազգային փառատոնը` “Ընծա” անվանումով, Ստեփանակերտում: Փառատոնի գեղ. ղեկավարը տաղանդներով լեցուն, անմոռանալի, հայ երգի ռահվիրա Արթուր Գրիգորյանն է…Մի քանի պատկեր ցույց տվեցին. երգիչ-երգչուհիների աններդաշնակ շարժումներ, մկկացող ձայներ և այս ամենը…. համահայկակա~ն… միջազգայի~ն … փառատո~ն …
Նույն ժամին Նոր ալիքով, հարկատուների փողերով, մի քանի սուբյեկտ եթերում էին և խոսում էին… Հայկոյի, Միշոյի, Սերժոյի, Սաշի, Համոյի … “արվեստի” մասին , որ իրենք “թմով” են աշխատում և իրենց երգերից մարդիկ… “տժժում են”: Այս դեգեներատիվ կերպարանքները Հանրայինի դիվերսիոն մշակութային քաղաքակնության կրողներն են: Այսօր երկրի Նախագահը նշանակում էր կառավարության նոր անդամների…Ինձ ի՞նչ, թե ովքեր են նրանք, եթե ապրելու եմ … Միշոյի~, Սերժոյի~, Սաշի~, Համոյի~…չքնաղ երկրում: Ես արհամարում եմ Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքականությունը…
Այնուհանդերձ մի ուրախալի մշակութային իրադարձություն. Արգամ Այվազյանը ներկայացնում էր չորս գիրք Նախիջևանի մասին: Հայոց բնիկ տարածք… Գողթն գավառ, գողթան երգեր, ձայնեղ գուսաններ, Կոմիտաս ու Արամ Խաչատրյան … Արյունում է հայոց սիրտը, որ մեկ – երկու սերնդի կյանքի ընթացքում հայաթափ եղավ այս հողը և փշրվեցին մեր անմահ կոթողները: Տարիներ առաջ սիրտս այրվել է այդ ցավից, և ահա ներկայացնում եմ բանաստեղծությունը.
ԵՐԳ ԳՈՂԹԱՆ ԵՐԿՐԻ
Գողթան երկի'ր, որտե'ղ ես դու,
Որ ափին ես մայր Արաքսի,
Երգի' երկիր, որտե'ղ ես դու,
Որ իմ սիրտը ձայնդ լսի:
Ախ, որտեղ ես - երգս բերեմ
Ընծա` հողին քո գինեվետ,
Եվ ծնկաչոք այն համբուրեմ
Որդուս և իմ Սաթինկա հետ:
Ու~ր է տունըդ ավանդապահ,
Ինչո'ւ դարձավ համր ու լռին,-
Ահա երգս սառեց մի պահ`
Կարի՞ճ տեսա իմ փանդիռին:
Հնչե~ք, լարե'ր, խոցե~ք, լարե'ր,
Երգե~ք կարոտըս անվախճան,
Հնչե~ք, լարե'ր, խոցե~ք, լարե'ր,
Պատմությունը մեր դավաճան:
Հնչե~ք, լարե'ր, կանչե~ք, լարե'ր,
Հողի կարոտը անվախճան.
Հնչե~ք, լարեր, կոչե~ք, լարե'ր,
Հիշատակներն անդավաճան:
Իմ Սաթենիկ և իմ զավակ,
Լսեք երգս գիշերային,
Շուտով կգա արևածագ,
Եվ լույս կիջնի իմ փանդիռին:
Հնչե~ք, լարե'ր, կանչե~ք, լարե'ր,-
Գողթան երկիր, որտեղ ես դու.
Սերս ու կարոտս են վարարել,
Երգի'ս երկիր, որտեղ ես դու…
Բարի գիշեր :


Մեջբերել
Էջանիշներ