Այսօրս` 16 մարտի 2008թ., ավարտվում է:
Այսօրս զարմանալի լարված էր ու պտղալի: Օրերը թողնում են իրենց դաջվածքը, հնչում են հարցերը` ու՞ր ենք գնում, ու՞ր է գնում մեր երկիրը: Երեկ - մյուս օրը ուզում էի վերլուծություն անել, սակայն մտռքի պտուղը չոր է լինում… Սակայն այս գիշեր զարմանալի լիցք էի ստացել: Առավոտյան` դեռ լույսը չբացված, հասա գրասեղանին, - հարկավոր է սրտի գիտությամբ տալ գնահատականը` Երրորդ հանրապետության, Առաջին նախագահի, Երկրորդ նախագահի, Նորընտիր նախագահի, իշխանության ու ժողովրդի: ԵՎ ՏԵՍՆԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Դիտել սրտի աչքով ու գնահատել, իսկ քննել-դատել չպետք է լինի ասածիդ մեջ: Մի շնչով գրվեց այն, ինչ պիտի գրվեր: Սուր և դառն է այդ նյութը: Եվ լուսավոր է – ապագան է շնչում նրա մեջ: Սիրելի ֆորում, չգիտեմ` երբ եմ այն հասցնելու ձեզ:
Արտաքին շփումներս և տպավորությունները այսօր քիչ էին, միայն մի պահ աչքս ընկավ հեռուստաէկրանին` “Երեսուներկու ատամ” շոուն էր գնում: Գեղագետիս ու բժշկիս ամբողջ էությունը ծառս է լինում այդ կիսագրագետ, հումանիտար լիցքից զուրկ, գռեհկախոս համայնքի դեմ: Այդպիսի տգեղ, ապամշակութային ձագ կարող է ծնել դեգեներացվող պետականության ուղեղային արգանդը: Այդպիսի արգանդում Գեղեցկության սերմը ծիլ չի տալիս… Մեր երիտասարդությանը կոչ եմ անում` Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՐՀԱՄԱՐԵԼ “ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՏԱՄԻ” ԵՐԵՎՈՒՅԹԸ , ձեր պայծառ սիրտը չի կարող շփվել այդ ողբալի միջակության հետ: Ամեն ինչում պետք է լինի գոնե մի պտղունց … ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:
Այսօր Ծաղկազարդի տոնն էր, ժողովուրդն ասում է` Ծառզարդարի տոն: Տոնը հրաշալի է, այն միացնում է մարդկանց: Երբ ժողովուրդը հավաքվում է` անուշ խոսվածքով, երգով ու պարով` դառնում է մի միասնություն: «Ամենափառավորը տեսարանների - դա ժողովն է մի ժողովրդի»- ասում է Զորավարը: Հիշում եմ հեռավոր մանկությունս, հիշում եմ ժողովրդական ուխտագնացությունները, գույնզգույն բազմություններ, առանձին գյուղ-համայնքներ հավաքվում էին, հնչում էր հերոսական զուռնան...Վերականգնել տոները, վերականգնել ուխտագնացությունները...Ահա մի պատկեր` իմ պոեզիայից.
ՈԻԽՏԱՏԵՂԻ
(Գեղարդի վանք)
Արև~, երկի~նք, կանաչ մի ձոր,
Գույն-գույն շնչող մի բազմություն,
Գառնե~ր, աղբյու~ր, սե'ր ու խնձո'ր,
Ծալ-ծալ իջնող ուրախություն:
Այս դեմքերին չկա ոչինչ
Քրիստոնյա խեղճությունից,
Այլ ցոլանքներ ոգու թովիչ
Արևապաշտ մերկությունից:
Գրկում պահած իմ զավակին,
Կանգնած հողին այս դարավոր,
Սիրտս բացել եմ ամենքին,
Ես` երջանիկ մի ուխտավոր:
- Սպասեցե~ք, սիրելինե’ր,
Եղբայրաբար մեզ մեջ առեք,
Ես ձեզ այնքան սեր եմ բերել,
Ուր գնում եք` մե'զ էլ տարե~ք...
Այս ծերունուց առնեմ շվի,
Դնեմ շուրթին իմ լույս մանկան,
Թող մեղեդի ապա ծնվի`
Սիրո~, հացի~, անմահությա~ն:
Ծաղկազարդի տոնի մի քանի հեռուստապատկերում տեսա մթագնող տարրեր: Չկա ավելի խեղճ բան, երբ ժողովրդական տոնի բառապաշարի մեջ թափանցում է ավետարանական- դոգմատիկ տեքստեր… Եվ ասում են ` Գալի~ս է Դավիթի որդին … Ի՞նչ կա որ, գուցե և կարելի է մեջբերել Ավետարանից այս խոսքերը, բայց կրոնական շունչը կարծես մթագնում է ժողովրդական տոնը: Վկայում եմ` մեր բնիկ համայնքներում, հայի բանահյուսության և մտածողության մեջ այս խոսքերը չկան, նա իր` բնիկ տաղիկով ու խաղիկով է ուրախանում… Իսկ երբ մի մանուկ – մի աղջնակ` տատի հորդորով երգեց մի հոգևոր- կրոնական երգ` սիրտս սառեց տխրությունից:
Չէ~, չէ~, չէ~ , հազար անգամ` չէ~, մեր մանուկներին մի~ ասեք Հիսուսի մասին, կրոն մի~ դասավանդեք, Նրա անունը այդքան վաղ մի~ տվեք, կրոնական երգեր մի~ սովորեցրեք – թող նրանք ապրեն մայրենի բառ ու բանի, բարբառի ու խոսվածքի, ազատության ու արևի մեջ և իրենք մի օր կհասնեն Բնության Արարչության գիտակցությանը:
Սիրելի ֆորում, ահա ՄԵՐ ԱՌՋԵՎ ՇՈՂԱՐՁԱԿՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ` ԳԱՐՆԱՆ ԶԳԵՍՏ ՀԱԳԱԾ և Ի՞ՆՉ ԿԱ ԱՎԵԼԻ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑ ԱՐԱՐՉԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ, ՔԱՆ ՈՒՌԵՆՈՒ ՃՅՈՒՂԻ ԼԻՔԸ և ՊԱՅԹՈՂ ԲՈՂԲՈՋԸ:
Ողջու~յն, ԿՅԱՆՔ, որքա՜ն գեղեցիկ ես Դու:
Բարի գիշեր:
Էջանիշներ