Մարտի 1-ի զոհերի ծնողները մտադիր են հացադուլ անել
«Մենք շատ ենք անհանգստացած։
Արդեն մեկ ամիս է անցել, ինչ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր թափ պետք է հաղորդել Մարտի 1-ի բացահայտման գործին, սակայն ոչ մի շարժ դեռ չի արվել։ Չմտածեն հանկարծ, որ մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին այդ հայտարարությամբ, և մենք այլևս չենք պայքարի ու հետևողական չենք լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը։
Ալլա Խաչատրյանը ասում է, որ իր հետ համակարծիք են զոհվածների ծնողները, մասնավորապես՝ Դավիթ Պետրոսյանի մայր Ջեմա Բարդումյանը առաջարկում է հենց հիմա նստել նստացույցի։ Սակայն Ալլա Խաչատրյանի խորհրդով՝ 10 զոհերի ծնողները որոշել են սպասել ևս երկու շաբաթ, ապա կդիմեն հացադուլի։
Ալլա Խաչատրյանին զայարցնում է այն փաստը, որ գործի բացահայտմանն ուղղված որևէ քայլ ՀՔԾ-ի քննչական խումբը չի իրականացնում, այլ միայն իմիտացիա է ստեղծում։ «Ես, չլինելով իրավաբան, պարզ տեսնում եմ՝ ինչ քայլեր պետք է արվեն, ում պետք է հարցաքննեն, ու ես կասկածի չեմ ենթարկում խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասնագիտական հմտությունները։ Եթե նա շարունակելու է ոչինչ չանել, թող հրաժարվի այդ պարտականությունից։
Հունիսի վերջին Հայաստան են գալու նաև Ֆիշերն և Պրեսկոտը, նրանց մենք հանդիպելու ենք, և հարցելու՝ ո՞ւմ եք ողջունում և ինչո՞ւ, քանի որ գործի բացահայտմանն ուղղված որևէ քայլ չեն անում»,- ասում է Ալլա Խաչատրյանը։
Էջանիշներ