ԹԱԶԱ ՀԱՎԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԾԱԾ ԵՐԿԱԹԵ ՁՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Պարզվում է` մարդիկ կան, որ չափահաս են, տառաճանաչ, նույնիսկ ակնարկում են, որ իրենք քաղաքականությունից ու պետությունից բան են հասկանում, բայց նրանց Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը չհիմնավորված է թվում: Խնդիր չկա, ցանկացած մարդ կարող է ցանկացած բանի վրա կասկածել եւ չհասկանալ: Բայց բացատրում ես, մանրամասն ես բացատրում, ծամում, բերանն ես դնում, օրինակ ես ծառայում, գրողը տանի, բայց մարտավարությունը, միեւնույն է, անհասկանալի է նրանց համար: Պրոբլեմը այն է, որ այդ մարդիկ ոչ թե քո բացատրածին են առարկում, այլ, անկախ քո բացատրելուց եւ օրինակ ծառայելուց, մնում են էն իրենց սկզբնական դիրքորոշմանը. նրանց չհիմնավորված է թվում եւ վերջ: Որքան ուզում ես հիմնավորիր, միեւնույն է, նրանց հաստ գլուխների մեջ չեն տեղավորվում քո հիմնավորումները: Ու էսքանից հետո նրանք զարմանում են, որ իրենց գործունեության վերաբերյալ կասկածներ են արտահայտվում, կասկածներ են հնչում, որ իրենք ծառայում են ավազակապետությանը: Ընդհանրապես, այսօրինակ կասկածների վրա զարմացողներին ասեմ. եթե հրապարակային մակարդակում ընդամենը կասկածներ են արտահայտվում, ուրեմն իրականում դրանք կասկածներ չեն, այլ համոզմունք: Ընդ որում, ապացուցելի համոզմունք: Նկատի ունեմ, ոչ միայն կասկածում ենք, այլեւ երբ անհրաժեշտ լինի, նաեւ «դակազատ» կանենք: Բայց սա թողնենք հետագային: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ են առաջարկում Հայ ազգային կոնգրեսին կողքից, «պապուծի» քննադատողները: Անկեղծորեն ցանկացել եմ հասկանալ նրանց ասածը ու պարզել եմ հետեւյալը: Նրանք, ուրեմն, ասում են, որ պետք է ստեղծվի նոր ընդդիմություն: Էս հասկացանք, բայց հարց է ծագում. ի՞նչ պիտի անի այդ նոր ընդդիմությունը, որ չի անում Հայ ազգային կոնգրեսը: Այս հարցի պատասխանը չկա: Այսինքն, էս կետի վրա կանգնել են: Ու շարունակ կրկնում են` նոր ընդդիմություն, նոր ընդդիմություն, եւ այդպես էլ չեն կարողանում ստեղծել: Չեն էլ ստեղծի, որովհետեւ այդօրինակ ընդդիմությունով չափարատակերը լցված են, այդօրինակ ընդդիմություն ու ընդդիմադիրներ էնքան կան, որ Երեւանի փողոցներից կարելի է կովշով հավաքել: Հիասթափեցնեմ. տեսանելի ապագայում Հայաստանում չի լինելու այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը իր կշռով, հեղինակությամբ, վստահելիությամբ որեւէ, թեկուզ հեռավոր կերպով համեմատելի լինի Հայ ազգային կոնգրեսի հետ: Եւ Կոնգրեսը կազմաքանդելու մասին խոսակցությունների կիզակետում հայտնված մարդիկ չեն էլ նկատել, որ այդօրինակ դերակատարման համար չունեն ոչ ինտելեկտուալ, ոչ քաղաքական եւ առավելեւս բարոյական ռեսուրս: Նրանց համար ծայրահեղ հաջողություն է ամիսը երկու անգամ տելեւիզրով երեւալը, եւ այդ հաջողությանը նրանք միշտ չէ, որ կարողանում են հասնել: Զգալի է, չափազանց զգալի, որ ոմանց ցավեցրել է Աշոտ Սարգսյանի վերջին հոդվածում տեղ գտած այն միտքը, թե լուրջ է պետք վերաբերվել այն մարդկանց քննադատություններին, ովքեր մասնակցում են ակցիաների, գործուն ներդրում ունեն պայքարի մեջ, պայքարում են ապօրինությունների եւ ընտրակեղծիքների դեմ: Աշոտ Սարգսյանի այս միտքը, ահա, դուր չի եկել ոմանց: Բա ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը ձեզ համար փխրուն օրիորդների կլո՞ւբ է: Իհարկե, լուրջ պետք է վերաբերվել այն մարդկանց ասածին, ովքեր իրենց կյանքով ու ապրածով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը (ի դեպ, այսօրինակ մարդիկ, ովքեր քննադատական խոսք են հնչեցնում, բարեբախտաբար քիչ չեն): Թե չէ ջահելներ կան, մի հատ «փը՛խկ»-ից էնքան են վախեցել, որ մինչեւ կյանքների վերջը վատ հոտով են բուրելու, երկու տարի իշխանության դեմ կես ծպտուն չեն հանել, հիմա ելել ինչ-որ վերլուծություններ են անում, մտքեր արտահայտում, դուխ են սովորեցնում: Մարդիկ կան` համապատասխան տեղերում հավի կարգավիճակ են ունեցել, հիմա դրսերում երկաթե ձվեր են ածում: Ջահելներ, դուք պետք է ձեր տեղը իմանաք, այլապես կստիպեք, որ մենք ձեզ ցույց տանք այդ տեղը: Հասկացանք չէ՞ իրար:
ՀԳ. Կռահում եմ, որ ոմանք հեռակա հարց կհնչեցնեն` ի՞նչ է, Կոնգրեսը անթերի՞ է: Իհարկե, անթերի չէ, ոչ էլ` անսխալական: Բայց դա նաեւ չի նշանակում, թե սխալ կյանքով ապրածներն ու թերության մարմնացումները պետք է չիմանան իրենց տեղը հայոց պատմության մեջ: Իհարկե, նրանք ազատ են արտահայտել ցանկացած կարծիք ու տեսակետ: Բայց մենք էլ մեր կարծիքներն ու տեսակետներն արտահայտելու իրավունք ունենք, չէ՞:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Փետրվարի 6, 2010
Էջանիշներ