Սերժ Սարգսյանի քարոզարշավի տեսահոլովակից դուրս մնացած կադրերը սկանդալի առիթ են դարձել
YouTube-ում տեղադրված տեսահոլովակը աղմուկ է բարձրացրել հայտնի հայ դերասանի և հռչակավոր մարմնամարզիկի անվան շուրջ:
2008 թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը գովազդող քարոզարշավային տեսահոլովակից դուրս մնացած կադրերում Հայաստանի հայտնի շոումեններից մեկը` Հրանտ Թոխատյանը («Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի վարողը) Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին մի քանի անգամ գ…. է անվանում:
58 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում ներկայիս նախագահ Սարգսյանի կարգախոսի` «Առաջ, Հայաստան» ցուցապաստառի ֆոնին 80-ամյա մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, որը այժմ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է, ասում է. «Նրա (Սերժ Սարգսյանի) ընտրվելուց հետո ժողովուրդը կարող է շատ լավ վիճակի մեջ լինել, և այս պայքարը միայն նրա համար չէ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի, այլ…»: Այնուհետև, չկարողանալով շարունակել միտքը, Ազարյանը զայրացած հեռանում է` ընթացքում հայհոյելով նախագահ Սարգսյանին:
Ազարյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Սարգսյանի քարոզարշավը գովազդող որևէ տեսահոլովակում չի նկարահանվել:
Լեգենդար մարմնամարզիկը «ԱրմենիաՆաուին» հավաստիացրեց, որ այդ կադրը, որում ինքը հայհոյում է, «սարքված է»:
«
Ես տեսանյութը չեմ տեսել, բայց դա անհեթեթություն է, դա անհնար է, ես հարգում եմ մեր նախագահին, սիրում եմ, անհնար է, որ ես նման բան ասած լինեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ալբերտ Ազարյանը` շեշտելով, որ դա արվել է իրեն վարկաբեկելու նպատակով: «Շատերը կան, որ նախանձում են, քանի որ ինձ հարգում են բոլորը և ամեն տեղ: Դա, իհարկե, սարքած բան է»:
Եթե պարզվի, որ տեսահոլովակը կեղծված չէ, ապա այն կամրապնդի Հայաստանում շատերի այն համոզմունքը, թե ճանաչված մարդիկ սատարում են իշխանության ներկայացուցիչներին ավելի շատ սեփական շահերից, քան անձնական համոզմունքներից ելնելով:
«
ԱրմենիաՆաուին» չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Թոխատյանից, քանի որ նրա բջջային հեռախոսն անջատված էր:
Էջանիշներ