1000 դրամների թեմայով`....
Հենց սկզբից ասեմ, որ ես ու ընտանիքս այդ փողը տալու ենք, ու ըստ հնարավորության՝ ավելի շատ ենք տալու քան պահանջվում է, և ջհանդամը թե ինչ որ մի քանի անառակի վաստակ այդ գումարից կարող է մի քանի կոպեկ փախցնել...
Թող տանեն էդ փողը ծախսեն իրենց զավակների բուժման ու վերջում էլ նրանց շիրմաքարերի վրա, քանի որ վերևն աստված կա ու ամեն ինչ տեսնում է:
Իսկ իմ տված փողի եթե նույնիսկ կեսից քիչն էլ, բայց ծառայելու է իր բուն նպատակին՝ բուժելու է մեր վիրավոր ախպերիկներին, մեր զոհված հերոսներին արժանի շիրմաքար է դառնալու և նրանց ընտանիքներին թեկուզ չնչին օգնություն, ապա այդ փողը պետք է տալ:
Գող ավազակներով թող զբաղվեն իհարկե, թող այդ պարտականությունը ունեցող ու այն չկատարողներն էլ արժանանան նույն ճակատագրին, ինչը մաղթեցի զինվորի արյան վրա հարստացողներին, քանի որ աչք փակելով դրա վրա իրենք էլ դառնում են նույնը, կամ գուցե և ավելի վատը...
Բայց Ի՞նչ կապ ունի ինչ որ մեկի նախկին թալանածը կամ մտավախությունը որ ՛՛կարող ա նորից թալանեն՛՛, այն բանի հետ, որ ՀԻՄԱ այդ վիրավոր զինվորը և զոհվածի ընտանիքը ունեն ԻՐԱԿԱՆ օգնության կարիք՝ և ֆինանսական, և բարոյական..., էդ մեծ մեծ խոսացողները նույնը կասեի՞ն, եթե նրանց տեղը լինեին:
Դե բերեք սոց վճար չվճարենք, թող թոշակառուները ինչ որ ստանում են՝ դա էլ չստանան, քանի որ որոշ սոցապ պաշտոնյաներ էլ են գողանում...
Դե եկեք քրիստոնեությունից հրաժարվենք, քանի որ որոշ եկեղեցու սպասավորներ էլ են գողանում...
Ինչու՞ եք ԳԱՂԱՓԱՐԸ իջեցնում անձերի մակարդակի, անձերը անցողիկ են, իսկ գաղափարը մնայուն:
Գիտե՞ք ես ինձ ինչքան ավելի հպարտ կզգայի, երբ առաջին պատերազմի ժամանակ ծանր վիրավոր պառկած էի հոսպիտալում, և իմանայի որ հայրենիքս ու ազգս ինձ իր սուղ միջոցներից հատկացում է արել, կամ ասենք էն բոլորիս հայտնի ՛՛ավելցուկ՛՛ էլեկտրաէներգիայից իմ տանը ձրի լույս են տվել, որ ընտանիքս չսառի... ու ինձ չէր հետաքրքրի, դա բյուջեի՞ց է, թե՞ ժաղովուրդն է տվել: Ես մեկ է՝ հպարտ ու երախտապարտ կզգայի ինձ, քանի որ չեմ էլ մտահոգվել երբևիցէ՝ էդ արյունը որ թափել եմ, պետությա՞ն համար է, թ՞ե ազգիս, իմ համար դա նույնն է եղել ու կա...
Ինձ ու ընտանիքիս դա շատ կօգներ, ես դա չեմ ստացել, բայց ՈՒԶՈՒՄ ԵՄ որ հիմա էն ջահել զինվորը դա ստանա, ուզում եմ հենց ես էլ տամ դա, թքած գեներալի գողացածի վրա, ԵՍ եմ ուզում տամ էդ ջահելին, թող իրեն լավ զգա, հասկանում եք՞ թե չէ...
Էդ ուրեմը ջրի համար փող եք մուծում, որ մեր հայրենի սարերից իջնող՝ մեր սեփականությունն ա..., ԱՊՊԱ-ներ եք մուծում, կարմիր գծեր եք մուծում, ամեն տեսակ հարկեր եք մուծում, որ անհասկանալի է թե ուր են գնում, տարիներ շարունակ մի տեղ ինքնաթիռով թռնելիս 10000դրամ ՕԴԻ ՀԱՐԿ էիք խելոք խելոք մուծում, ու երեխան էլ գիտեր թե դա ուր է գնում, բայց վիրավոր զինվորին ու զոհվածի ընտանիքին 1000 դրամ չեք տալի՞ս արա...
Բայց այնուամենայնիվ կուզենայի ձայնս տեղ հասներ և մի ուղղում կատարվեր այդ օրինագծի մեջ՝ ով չի ուզում այդ փողը տա, թող իրավունք ունենա դիմում գրի ու հրաժարվի վճարելուց: Ես սնահավատ չեմ, բայց ՆԱՎՍՈՎ տված փողը ես էլ այն ժամանակ չէի ուզենա վերցնել: Լիքը մարդ կլինի որ ավել կտա, կգա մեկը մեկին կծածկի ու հալալ ձևով կծառայի իր նպատակին: Ինչքան էլ տեղ հասնի՝ հալալ ա...
Մի երկու խոսք էլ ուզում եմ ուղղել այս նախագիծը քլնգողներին, հազար ու մի ՛՛բա որ սենց...՛՛, ՛՛բա որ նենց...՛՛ չարագուշակ կանխատեսումներ անողներին: Է չծնվեիք էլի, բա որ հիվանդանաիք կարող ա մեռնեիք, էդ ի՞նչ ռիսկի եք դիմել...
Ինձ օրինակ հարցնում են` ինչու եմ ես ինչ որ ժամանակահատվածներ խիստ ակտիվ լինում, լիքը գրառումներ անում , վեճերի մեջ մտնում, բայց հետո կարող է ամիսներով ձեն ծպտուն չհանեմ...
Կա այդպիսի բան , և պատճառն այն է, որ ես ճիշտ չեմ համարում ցանկացած հարցում իրենց էքսպերտի տեղ դրած գրառումներ անողներին։ Մարդ պետք է նախ ինքն իրեն հարց տա` ո՞ր ոլորտում են իր գիտելիքները, փորձը կամ հեղինակությունը իրեն տալիս մասնագիտական և որ ամենակարևորն է` բարոյական իրավունք` մարդկանց վզին փաթաթելու իր մտքերը։
Ոչ պակաս կարևոր է նաև ազնվորեն գիտակցելը` ո՞վ ես դու երկրիդ ու ժողովրդիդ համար։ Քեզ նրա մի մասնի՞կն ես համարում, թե արտոնյալ մեկը , սիրող զավա՞կն ես նրա, թե՞ եսասեր մի "պահանջատեր" միայն, սա քո տու՞նն է արդյոք, թե՞ ժամանակավոր հանգրվանը. ...
Այ օրինակ ես չկարողացա լուռ մնալ, երբ ստահակների մի խումբ մայրաքաղաքիս կենտրոնում զենքով հարցեր էր լուծում ` շահարկելով ազատամարտիկի սուրբ անունը, շատ բանավեճերի մեջ մտա, քանի որ ՈւՆԵՄ այդ իրավունքը ։ Ապրիլյան օրերին էլ ինքս ինձ ասեցի որ անմասն չեմ կարող մնալ, բայց արդեն գործով։ Գրառումս շատ կարճ էր` այն մասին որ ես գնացի....
Ինչու՞։ Որովհետև ես վաղուց պատասխանել եմ այդ հարցին` ո՞վ եմ ես երկրիս համար։ Ես նրա զինվորն եմ...
Սխալ չհասկանաք, ինձ հուզում են հայրենիքիս համար կենսական բոլոր հարցերը ու խնդիրները՝ էկոլոգիան, ապօրինի շինարարությունները, պետական փողերի վատնումը, կաշառակերությունը, աղանդները, անճաշակ մշակույթի հարցերը, կրթության ճղճիմ որակը, բայց ես մի տեսակ չեմ կարողանում այդ հարցերում առաջ ընկնել, քանի որ հաստատ ինձնից ավելի շատ այդ հարցերից հասկացողներ ու մտահոգվողներ կան: Թող այդ մասին բարձրաձայնեն նրանք, ով իրեն այս երկրի մշակն է համարում, շինարարը, տնտեսության զարգացման կամ օրենքի գերակայության պատասխանատուն ու ջատագովը: Ես ընդամենը զինվորն եմ...
Էջանիշներ