Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը, և ինչո՞ւ այժմ
Արիս Ղազինյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Լևոն Տեր-Պետրոսյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն առաջին անգամ քննարկվել էր 2003 թ. նախագահական ընտրությունների շեմին, երբ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Լևոն Զուրաբյանն ակնարկեց Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությունը: Սակայն հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չհամարձակվեց առաջադրել իր թեկնածությունը` քաջ գիտակցելով արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ նախապայմանների բացակայությունը:

Առաջադրման ցանկացած այլ տարբերակ նա ի սկզբանե մերժում էր, քանի որ դա հակասում էր ժողովրդին ուղղված նրա հայտնի հայտարարությանը` «միայն եթե խնդրեք ինձ վերադառնալ»: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված այն ռիսկը, որին նա ենթարկում էր իրեն և իր խոստումը` 2008-ի ընտրություններում առաջադրելով իր թեկնածությունը:

Լևոն Տեր-Պետրոսյան. պետք է նոր որոշո՞ւմ ընդունել
Բանն այն է, որ նախընտրական վիճակը հիշեցնում էր 1997-ը, երբ անտագոնիզմը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու վարչապետ Ռոբերտ Քոչարյանի միջև հասել էր բարձրակետին, և կշեռքի նժարն այս կամ այն կողմ թեքելու համար անհրաժեշտ էր հզոր գործոն: Բոլորը շատ լավ հասկանում էին, որ այդ գործոնը Վազգեն Սարգսյանն էր: Սակայն պաշտպանության ամենակարող նախարարը մի քանի ամիս ընդգծված լռություն պահպանեց և միայն 1998-ի հունվարին որոշեց հայտարարել Քոչարյանին սատարելու մասին, «քանի որ հարցը վերաբերում է Արցախին և ոչ թե անձերի»: Այդ ելույթից հետո պարզ էր, որ առաջին նախագահի հրաժարականը օրերի հարց է:

Տեր-Պետրոսյանի վերադարձը պայմանավորված էր գիտակցմամբ, որ իր ստեղծած իշխանական բուրգի հիմքը անցած 10 տարվա ընթացքում միայն չնչին ձևափոխությունների է ենթարկվել, որոնք չեն կարող կամ չպետք է խոչընդոտեն «սպիտակ ձիու վրա իր վերադարձը»: Բուրգի հիմք ասելով պետք է հասկանալ պատերազմի ու ճգնաժամի տարիներին ձևավորված քրեական-օլիգարխային շերտը, որը սերտաճելով խորհրդային բյուրոկրատիայի հետ` ձևավորել էր նրա «քաղաքական ռեսուրսը»:

Ակնհայտ է, որ այսօր Վազգեն Սարգսյանի նման հզոր գործոն չկա, սակայն կան բազմաթիվ մանր գործոններ, որոնք միասին կարող են ապահովել ցանկալի առավելության էֆեկտ կամ, ինչպես վերլուծաբաններն են ասում` «Վազգենի էֆեկտ»: Այդ ֆունկցիան դեռ կարող է կատարել «Երկրապահ» կամավորական միությունը, եթե հետընտրական շրջանում բացահայտորեն սատարի Տեր-Պետրոսյանին: «Երկրապահի» ներկայացուցիչներ կան բոլոր ուժային կառույցներում, ինչպես նաև իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) ու «Հանրապետություն» կուսակցությունում, որը գլխավորում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որը միացել է առաջին նախագահին:

Առաջին նախագահը լավատեղյակ է, որ իրեն սատարող ռեսուրսը կենտրոնացած է ոչ միայն մունիցիպալ ու ֆինանսական կառույցներում, այլև կառավարությունում: Հանրահայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների զգալի զանգված կա, ըստ էության, բոլոր, ներառյալ` պաշտպանության ու արտաքին գործերի նախարարություններում: Դեռ ավելին` նախագահի աշխատակազմում կան կադրեր, որոնք գրեթե չեն թաքցնում իրենց ընդգծված հարգանքը երկրի նախկին ղեկավարի գործունեության նկատմամբ:

Մեկ այլ բնորոշ օրինակ է առաջին նախագահի դիմումը Սահմանադրական դատարան (ՍԴ) այս ամսվա սկզբին (ընտրությունները հետաձգելու ակնկալիքով): Տեր-Պետրոսյանն աjստեղ տեսնում է անձնական գործոն, քանի որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն աշխատել է իր աշխատակազմում և եղել է 1996-ին իր վերընտրման ջատագովներից:

Տեր-Պետրոսյանի ներկա իշխանական բուրգը ներառում է առևտրային, բանկային, արտադրական կապիտալի ներկայացուցիչներ, սպայական կազմի և տեղական իշխանությունների ղեկավարների որոշակի մասը:

Առաջին նախագահի թեկնածությունը սատարողների մեջ քիչ չեն իշխանական կառույցների ներկայացուցիչները: Եվ այդ աջակցությունն արտահայտվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում: Դեռ անցյալ տարվա վերջից Լոռու մարզի շատ բնակիչների [խանութի] պարտքեր դուրս էին գրվում` Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցելու դիմաց, բնականաբար` փոխադրամիջոց տրամադրելով: Ընդ որում, ինչպես «ԱրմենիաՆաուին» հայտնեց «Երկրապահի» տեղական բաժանմունքի մի անդամ, այդ գործընթացը ղեկավարում էր և շարունակում է ղեկավարել ՀՀ հարկային ծառայության Թումանյանի բաժանմունքի պետ Կարեն Սոֆյանը: Այստեղ կարևորը ոչ թե այս կամ այն ծառայողի դիրքորոշումն է, որքան հակասությունների առկայության փաստը իշխանական կառույցներում:

Այսօր, երբ առաջին նախագահը պայքարում է երեքշաբթի կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու համար, կապահովե՞ն, արդյոք, իշխանությունների կազմում առկա ներքին տեղաշարժերը «ցանկալի առավելության էֆեկտ»:

http://www.armenianow.com