ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Ե


Բենիկ Ծ. Վարդապետը (Եղիազարյան) եղել է Էջմիածնի միաբան և Կոմիտասի մոտ ընկերներից մեկը: Հաջողության չհասնելով իր նախաձեռնած բարենորոգչական շարժման մեջ` նա ինքնակամ կարգալույծ է լինում:

Հայ ժողովուրդ, լավ ուշք դարձրու այս վերնագրին և լսիր ինձ:

Քրիստոսը ամուսնական խնդիրը բոլորովին ազատ ե թողել. ով կամենում ե, պետք ե ամուսնանա. ամուսնանալը լավ ե պոռնկությունից:

Պողոս առաքյալն ասում ե. «Ամեն մարդ թող իր կինն ունենա, վոր չը պոռնկանա»: Նույն առաքյալը. «Ով վոր ժուժկալ մնալ չի կարող, թող ամուսնանա. վորովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան վառվել»:

«Յեպիսկոպոսին վայել ե, որ մի կին ունենա»:

«Ամուսնությունը ամեն կողմից պատվական ե և անկողինը սուրբ»:
«Ամուսնությունը Աստծո արքայության համար առաքինություններ սովորեցնող մի դպրոց ե» (Տերտուղիանոս):

«Ամուրիությունը հակառակ ե բնական օրինաց. յեկեղեցին ընկել ե ծայրահեղության մեջ` բնավ չամուսնանալ» (Ներսես արքեպ. Մելիք-Թանգյան):

«Յեպիսկոպոս, յերեց կամ սարկավագ չը հեռացնեն իրենց կնոջը յերկյուղածության պատճառով. իսկ յեթե համառին, թող կարգալույծ լինեն» ( Առաքելական կանոն 5-րդ հոդված):

«Յեթե յեպիսկոպոսը, յերեցը կամ սարկավագը կը հրաժարվեն ամուսնությունից, մսից, գինուց, վոչ թե ժուժկալության համար, այլ պիղծ համարելով և անարգելով արարչագործությունը, դրանք կամ ուղղվեն կամ կարգալույծ լինեն» (Առաքել. կանոն 46-րդ հոդված):

«Նիկիո տիյեզերական ժողովում վորոշվում ե յեկեղեցականների ամուսնությունը ազատ թողնել, ով կամենում ե թող ամուսնանա» (Սոկ. յեկ. պատմ):

Հայոց յեկեղեցին յեկեղեցականների ամուրիություն չեր ճանաչում մինչև V դարը: Հայոց կաթողիկոսներն ամուսնավոր եյին: Խադ յեպիսկոպոսը, վորին` իբրև սուրբի, յեկեղեցին տոնում ե, ամուսնացած եր: Նրա աղջիկը Ապահունյաց իշխանի կինն եր:
Մեր յեկեղեցին պաշտոնական վորոշում չունի ամուրիության համար: Այդ հակաբնական կանոնը մտել ե մեր յեկեղեցի հունաց ազդեցությամբ:

Ամուրիությունը մտել ե քրիստոնեյական պաշտոնական յեկեղեցու մեջ հեթանոսությունից` Միհրական կրոնից, Հռոմի Վեստալյան կույսերի ամուրիությունից, հնդկական կրոններից:

Իսկ Քրիստոսը կործանել ե բոլոր հեթանոսական կրոնները:

Կուսակրոնությունը հակաբնական ե, և դարձել ե անառակության աղբյուր:
Յերբ յեկեղեցական ամուրիությունը հայոց մեջ մտավ, նույն յեկեղեցու մեջն ել բուն դրեց անառակությունը: Այդ պարզապես յերևում ե յեկեղեցական այն բազմաթիվ պատժական որենքներից, վոր սահմանված են անառակ յեպիսկոպոսների և վարդապետների համար:

Սակայն վերջին ժամանակներում հայոց յեկեղեցու ամուրիությունը լկտի անառակություն ե դարձել, իսկ վանքերը` անառակության շկոլա, վորտեղից անառակությունը ծավալվում ե հայ ժողովրդի մեջ:

Այդ աստիճանի լկտի անառակության դեմ բողոքի ձայներ լսվեցին: Մի քանի տարի առաջ յեկեղեցական ժողովի մի փորձ յեղավ Էջմիածնում: Ժողովականների մեջ ձայներ բարձրացան ամուրիության դեմ, պահանջ դրին վերացնել ամուրիությունը: Թիֆլիսի քահանայությունը իր ժողովներում վորոշել էր ամուրիությանը վերջ տալ և տպագրված վորոշումը ուղարկել էր Եջմիածին:

Սակայն բազմակնության սովոր ամուրիները խեղդեցին այդ ձայները յեվ բարեփոխությունը չանցավ:

Հին վանականությունը ամուրիության հետևանքով և կանանց սակավ այցելությամբ վանքերին տարված եր հակաբնական ախտերով, վորի պատճառով շատերը խեղանդամ եյին դառնում, մեջքի ուղեղի չորացումով (сухотка) և վոտների անդամալուծությամբ քարշ եյին տալիս իրենց թշվառ գոյությունը մինչև վաղահաս գերեզման: Արվամոլությունը ընդունված բարք դարձավ վանքերում և անմեղ ու մոլորված պատանիները հասակ առնելով արյունարբու թշնամի դարձան վանքերին ու վանականներին. Մեղավոր չեն վանքերում դաստիարակություն և ուսումն ստացած տղայքը վոր այսոր թքում են վանականների յերեսին և իրենց պրոպագանդան ուղղում վանական կյանքի դեմ:

Դրանցից մինը` Ճեմարանի մի աշակերտ, պատվի, զգացումի զարգացումով չը կարողացավ տանել ընկերների ակնարկները իր տխուր պատանեկության մասին և Ճեմարանի յերկրորդ հարկի լուսամուտից իրեն ձգեց, ջարդ ու փշուր յեղավ և մեռավ:

Ավելի պակաս մոլի վանականները հակաբնական ախտերից հեռու մնալու համար, ավելի բնականին եյին դիմում: Լեգենդա չե, վոր Եջմիածնի շենքերի պարիսպներից գեշերները, յերբ պարիսպները փակ եյին լինում, պարանով կապած կողովով կանայք եյին քաշվում պարիսպների վրայով դեպի վեր. Լեգենդա չե, վոր յափունջիներում կոլոլված, փափախներով ծածկված կանայք մթանը վանական խցերն եյին մտնում:

Իրականություն ե, վոր 90-ական թվականների նոր սերունդը, ունևորները, Թիֆլիսից հեռագրով անբարո կանայք եյին պատվիրում և «դրախտի գիշերներ» սարքում Վեհարանին կից Լաբյուրինթոս սենյակներում: Բանն այնտեղ հասավ, վոր իր մաքրությունը պահած Տաճատ վարդապետը (հետո վերարկուն հանեց) ատրճանակով եր սպառնում այդպիսիներին և վախեցնում կանանց:

Լենինականի մի քահանա բողոքել եր սինոդին իր վատավարկ կնոջ դեմ և պնդել եր լուծել իր ամուսնությունը. Կինը վրեժ առավ բոլոր վանական ջոջերից. բոլորին այցելեց. Նրան ջոջ սրբերը սիրով ընդունեցին. «մատաղն իր վոտքովն ե եկել»: Յեվ հանկարծ 2-3 ամիս վանականները ժամ չեյին գալիս, հիվանդ եյին: Ի՞նչ էր յեղել, վոչինչ. «քամին տվել, մրսել եյին…»: Այս դեպքի մասին յես ժամանակին գրել եմ, և ավելացրել. «Ամուսնությունը, սերը արգելված ե Եջմիածնի համար, իսկ պոռնկությունը իրավունք ե»:

Ահա մի յեպիսկոպոս, վորի մոտ շաբաթը յերկու անգամ կառքով մի-մի կին եր գալիս մոտակա Ո. գյուղից: Կառքը գալիս վանականները սովոր եյին ասել. «Վանքին հարսը եկավ»: Յեվ այդ ողորմելի «վանքի հարսին» վերջիվերջո ազգականները քարշ տվին տարան Հռիփսիմեյի վանքի պարիսպների տակ և սպանեցին:

Ահա մի յեպիսկոպոս ճանկել եր մի անմեղ սիրուն աղջիկ Նվարդ անունով, իբրև աղախին. նա այդ յեպիսկոպոսի մոտ փչացավ, նրանից ել հիվանդացավ, տեղափոխվեց մի վարդապետի մոտ և ինչ վոր ստացել եր յեպիսկոպոսից, իրավամբ հաղորդեց վարդապետին: Վարդ ու Նվարդ քեֆ արեցին, բայց մի քանի ամսից հետո այդպիսիներին գթացող Եջմիածինը իր «սխալական» վարդապետին Թիֆլիս ուղարկեց բժշկվելու ութն ամսով: Աղջիկը մարդու գնաց. լսեցի, բացվել ե բունը, հայտնողն յեղել ե հիվանդությունը և աղջկան մարդը սրախողխող ե արել:

Ահա մի ուրիշ վարդապետ, վորին Նորր-Բայազեդում մի մեծ ընթրիքի ժամանակ մի զինվորական թուրը հանած փախցրեց սեղանից. վարդապետը վեղարը թողած փողոցն ընկավ ու ազատվեց. ի՞նչ եր յեղել. հենց սեղանի վրա լավ չեր պահել իրեն սպայի կնոջ նկատմամբ:

Նույն վարդապետին յերկու տարի առաջ Կիսլովոդսկի յեկեղեցում պատարագի ժամանակ մի տղամարդ ջարդեց փայտով, նրա խաղերի համար կնոջ հետ: Վարդապետը փախավ տեղից, վեղարը հանեց ղրկեց Եջմիածին, աշխարհականացավ, անցավ Նախիջևան, նշանվեց այս ել անհաջող անցավ, վերստին վանք յեկավ, վեղարն առավ և «Գերագույն Խորհրդի» սիրելին դարձավ:

Ահա մի յեպիսկոպոս, վորին Վաղարշապատի այգիներից մեկում մի գաղթական կնոջ հետ բռնեցին հանցանքի մեջ այգու հարևանները և թքեցին յերեսին:
Նույնի փորում մի յեղան ցցելու փորձն արավ մի տղա «սրբազանի» աղախնոց պատճառով, բայց չը թողին:

Նույն յեպիսկոպոսը ամենահայտնի անբարոյական կանանց ընդունում և ճանապարհ դնելիս, որը ցերեկով, ափաշկարա մի-մի մեշոկ ցորեն դնում կնոջ բերած ծառայի շալակին և ղրկում:

Այս մարդու համար չարաճճի պատանիները մի զատկական նվեր եյին տվել երկտողով ու կպցրել նրա պատին, վոր հետևյալն ե. «Համ աքլոր յես, համ հավ ես,- պառավ տեսնես կամաչես, աղջիկ տեսնես` կը կանչես»: Տարիներ առաջ Եջմիածնում մի խումբ լվացարար ռուս կանայք կային. վանականներն իրենց լվացքի անունով հրավիրում եյին նրանց. բարձրացավ մի մեծ խայտառակություն, գործը հասավ գավառապետին, վորը «բարի յեղավ խնայելու վանականներին, վոր օրենքով արտոնյալ եյին»:

Ահա մի տարեց վարդապետ վորի կյանքը միայն անառակությամբ ե անցել: Յես և Հուսիկ վարդապետը (այժմ յեպիսկ.) վկա յեղանք թե ինչպես իրար ծեծեցին «առաքինի» վարդապետն ու պոռնիկ կինը, վորը պահանջում էր իր բարձերն ու «վարձը»: Յես առ ամոթս սպառնացի կնոջը և հազիվ դուրս քշեցի վանքից:

Ահա մի յեպիսկոպոս` վորին մի աղջկա ազգականները (ինչպես քննության ժամանակ լսվում եր) զարկեցին դաշույնով ուղղակի սրտի մեջ և յեթե դաշույնի ծայրը ուժեղ յեպիսկոպոսի հաստ կողի վրա կոտրված չը լիներ, նա մեռած պիտի լիներ:

Կարծում եմ որինակները, վո՞ր մեկն ասեմ:

Անառակության առատ հունձք եր տալիս և «ամուսնալուծությունը»: Պառակտված ամուսինները դիմում եյին սինոդ և ապահարզան եյին պահանջում. նրանց գործը ձգձգվում եր տարիներով, տասնյակ տարիներով: Խնդրատուներն ստիպված եյին լինում անձամբ Եջմիածին գալ աշխատելու: Յեթե կինը գեղեցիկ եր, գեղեցկությունն եր հաղթում, իրավունք ստանում կրկին ամուսնանալու, յեթե գեղեցիկ չեր և մարդը հարուստ եր, հարստությունն եր արդարանում:

Յեվ սինոդի մեջ աշխատանքները բաժանելիս սինոդականները ամուսնալուծական գործերի սեղանի վրա գլուխ եյին կոտրում, վոր այդ մասն իրենց ընկնի:

Մի ամուսնալուծական գործում սինոդը արդար ե ճանաչում մարդուն. շքեղ կինը շտապում ե Եջմիածին, յերկու որ ու գիշեր հյուր լինում սինոդի նախանդամին և ահա յերրորդ որը նոր վճիռ: Կինն անմեղ ե, իրավունք տալ ամուսնանալու, մարդուն զրկել կրկնամուսնությունից:

Մի ամուսնալուծական գործի համար մի յերիտասարդ կնոջ վիճակվում ե Եջմիածին գալ իր ազգականի և նոր նշանածի հետ. ծանոթ վարդապետներից մինը (այժմ յեպիսկոպոս) խոստումն ե առնում սինոդում աջակցել գործի հաջող յելքին: Փաստերը բացարձակ անմեղ են ճանաչում կնոջ: Կինը հեռանալիս քաղաքավարական պարտք ե համարում մտնել վարդապետի տունը շնորհակալություն անելու: Վարդապետը իր աշխատանքի վարձն ե խնդրում, միամիտ կինն ասում ե. «փող չունիմ մոտս, ուրախությամբ կը գրեմ հորս և նա ձեզ կուղարկի հարյուր ռուբլի»:

- Վո՜չ, իմ խնդրածս փող չե, ասում ե վարդապետը ու չոքելով գրկում գեղեցկուհու վոտները: Սակայն այս անգամ իր սովորական հաշվի մեջ սխալվում ե «կուսակրոն» հերոսը. կինը թքում ե չոքած աղոթավորի աչքի մեջը, գոռում վրան, դուրս գալիս, նշանածուին պատմում, վորը կամենում ե մտնել վանականի մոտ և խեղդել, կինը չի թողնում և բավականանում են մի խայտառակ նամակով, վոր գրում ե տղան «սուրբ հորը»:

Վերջին ժամանակներս անառակությունը սիստեմների ե վերածված: Կան վոր ամուսնացած ծառաներ չեն պահում հարաքաշ դառնում. կան վոր ջահել «աղախիններ» են պահում, շուտ-շուտ մարդու տալիս, կան վոր յերթևեկներ են ընդունում, կան ել, վոր «ազգական», «յեղբոր աղջիկ», «քեռու թոռ» անուններով են սրբագործում պոռնկությունը:

Հայ ազգի թշվառությունը քաղցած, աղքատ գաղթական աղջիկներով ու կանանցով լցրեց վանքը: Ստեղծվեց աղախիների սիստեմը:

Բանն այնպիսի ծավալ ստացավ, վոր Թ.Թադեոսյանը «Հորիզոնում» մի մեծ հոդված գրեց և Եջմիածնին անվանեց «մեծ անառականոց»! Կաթողիկոսն այդ հոդվածի տպավորության տակ մի խիստ հրաման արձակեց «Վանական Խորհրդին» յերեք որվա ընթացքում հեռացնել վանքից բոլոր կանանց և աղջիկներին: Սակայն այդ ջոջերը, վոր այժմ հլու հնազանդություն են պահանջում ստորադրյալ վարդապետներից, և վոչ մեկը «աղախին» հեռացրեց և բանի տեղ չդրեց կաթողիկոսի հրամանը: Այդ 1920թ. եր:

Խրիմյան կաթողիկոսը միշտ դեմ եր արտահայտվում կուսակրոնությունը և ծաղրում: Իզմիրլյան կաթողիկոսն ասում եր. «Իբրև անհատ մը, իբրև Իզմիրլյան կընդունեմ, վոր ամուրիությունը անառակության կը տրամադրե, բայց իբրև կաթողիկոս, չեմ կրնար փոխել այդ կարգը. այդ ազգային ժողովի գործն ե»:

Գևորգ Ե. կաթողիկոսը քահանաների կրկնամուսնություն մտցրեց առանց ազգ-յեկեղ. ժողովի և լավ արեց, վորպեսզի քահանաներին անառակությունից ազատի և զավակներին փրկի գեշ ազդեցություններից:

Անառակության հետ սերտ կապված ե թալանը, գողությունը: Հասկանալի յե թե թալանն ուր ե գնում:

Հայ ժողովուրդ, չարախնդություն չե, վոր ինձ ստիպում ե գրել այս տողերը. յերբե՜ք: Այդպես ել պետք է լիներ, քանի կեղծ կուսակրոնությունը կա, շատ ել չեմ մեղադրում ամուրի անառակներին: Բնախոսականի վերաբերմամբ մարդը նման ե անասունին. նա իր հատուկ մսուրը պիտի ունենա, վոր քիթը չը խոթի ուրիշի մսրի մեջ:

Դո՛ւ, հայ ժողովուրդ, կենդանի յեկեղեցին դու յես, վերջ տուր այս վնասաբեր ամուրիությանը, ինչպես վերջ տվին անգլիական, գերմանական, շվեյցարական և այժմ ռուսական «կենդանի» յեկեղեցիները:

Յես ցավում եմ կեղծիքի վրա, վոր անաբարոյականություն ե, վոր վիրավորում ե ինձ խորապես. ցավում եմ քո տղա ու աղջիկ զավակների վրա, վորոնք տգեղ բարքեր են տանելու վանքերից դեպի կյանք: Պաշտպանիր զավակներիդ պատիվը, բարոյականը, հեռացրու նրանց վանքերից և շտապիր վռնդել գարշ ամուրիությունն այն տեղերից:

Ճշմարիտն եմ ասում, յեթե հարաբերական սրբության մաքրություն կա վանքերում, ելի նրանց մեջն ե, վորոնք տասնյակ տարիներով մի կին ունին, վորդիք ունին, ընտանիք են կազմում, ամուսնավոր են: Նրանք միայն բնական մահով են մեռնելու, մինչդեռ «ամուրի» վանականների 80%-ը վեներական ախտերով են տափ մտնում:

Ամեն տեղից ձայն տուր ու կանչիր, հայ ժողովուրդ:
Թող կորչի ամուրիությունը յեկեղեցուց.
Թող կորչի պղծությունը խցերի, խորանների, տաճարների.
Թող կորչի անառակ վանականությունը:

Բենիկ Ծ.Վարդապետ
Յերևան,
1924թ.



Աղբյուր` Lragir.am