ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ
2008-03-01 04:49Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դևիսը մտահոված է Երևանում իրավիճակի զարգացմամբ` ցուցարարների ցրման ու Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանքի մեջ պահելու կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԽ կենտրոնակայանի մամլո ծառայությունում, ԵԽ գլխավոր քարտուղարի ուղերձում ասվում է. «Ես խիստ մտահոգված եմ Երևանում անվտանգության ուժերի կողմից ցուցարարների ցրման գործողության ընթացքում տուժածների վերաբերյալ տեղեկատվությամբ: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ուժի գործադրման թույլատրելի մակարդակը գերազանցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունը պետք է մանրամասն ուսումնասիրվեն: Խիստ կարևոր է նաև հետագա բռնության ցանկացած այլ փորձերի կանխումը»,- նշվում է գլխավոր քարտուղարի հայտարարությունում: Նա նաև ավելացրել է, որ մտահոգված է Հայաստանի նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`տնային կալանքի տակ գտնվելու մասին տեղեկատվությամբ:
«Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Եթե նրան մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ, ապա մեղադրանքը պետք է պատշաճ հիմնավորում ստանա, և նրան պետք է մեղադրանք ներկայացվի դատական կարգով, ինչպես ցանկացած այլ քաղաքացու: Ժողովրդավարական երկրում քաղաքական ընդդիմախոսների կամայական ձերբակալումն անթույլատրելի է»,-ասվում է հայտարարության մեջ։
www.echannel.am
Էջանիշներ