Շատ լավ հոդված ա
Հաշվի առնել իրականը

ԿԸՀ-ի կողմից երեկ հրապարակված թվերը դժվար թե արտահայտեն մեր քաղաքացիների իրական ընտրությունը: Բայց նույնիսկ այս պաշտոնական թվերը մտորելու տեղիք են տալիս ընտրությունների բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ հիմնական 4 թեկնածուներին եւ նրանց թիմերին: Մասնավորապես, իշխանությունն իր քարոզչությունը կառուցել էր այն թեզի վրա, որ Տեր-Պետրոսյանը ընդդիմության հիմնական թեկնածուն չէ, եւ նա ընտրությունների արդյունքում զբաղեցնելու է 4-րդ, թե 5-րդ տեղը: Այդ թեզն ամրագրելու համար բերվում էին «Գելափի», Ահարոն Ադիբեկյանի, «Քոմռեսի» եւ «Պոպուլուսի» սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ առաջին նախագահն իսկապես «խիստ անհաջողակների» շարքում էր: Բոլոր այդ «հեղինակավոր» ընկերություններն ու սոցիոլոգները սխալվեցին իրենց կանխատեսումներում: Այս առիթով հպարտությամբ կարող եմ նշել, որ պաշտոնական արդյունքներին առավել մոտ էր «Առավոտի» հետ համագործակցող «APR group» սոցիոլոգիական խումբը:

Քարոզչական եւ սոցիոլոգիական վրիպումը հիմնված էր քաղաքագիտական սխալ հաշվարկի վրա, ըստ որի՝ Տեր-Պետրոսյանի էլեկտորատը ինչ-որ «կատաղած», մարգինալ զանգված է, որը շատ մեծ չի կարող լինել: Հենց այդ հաշվարկից ելնելով՝ պետական քարոզիչները առաջին նախագահին անվանում էին «ՀՀՇ առաջնորդ»: Այդ պիտակից նրանք (եթե խելք ունեն) պիտի հրաժարվեն՝ հակառակ դեպքում պարտավոր են ընդունել, որ Հայաստանում կա 350.000-ից ավելի ՀՀՇ-ական, ինչը, կարծում եմ, առավել տհաճ է իշխանությունների համար: Գիտության եւ նույնիսկ լրագրության տեսակետից ճիշտը Տեր-Պետրոսյանին «ընդդիմության առաջնորդ» անվանելն է: 350.000-ը Հայաստանի համար լուրջ թիվ է (իրականում այն, հավանաբար, ավելի մեծ է), եւ կարելի է ենթադրել, որ այդպիսի քանակությամբ մարդիկ քվեարկել են ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում Լեւոնին ու առավել եւս՝ ՀՀՇ-ին, այլ՝ հույս ունենալով այդպիսով ազատվել ներկա իշխանություններից: Սերժ Սարգսյանը, լուրջ մարդ լինելով, պարտավոր է հաշվի նստել այդ հանգամանքի հետ՝ չլսելով պալատական պնակալեզների եւ հանցավոր օլիգարխների հավաստիացումները՝ «շեֆ ջան, սաղ ժողովուրդը քո համար գժվում ա»:

Իհարկե, սխալ է նաեւ հակառակ ծայրահեղությունը: Նախ՝ 850.000 ձայն հնարավոր չէ լցոնել կամ նկարել. դրանց առնվազն կեսը Սերժ Սարգսյանի իրական ձայներն են: Իսկ այդ ընտրողներից ոչ բոլորն են բյուջետային (կախյալ) աշխատողներ, կաշառակերներ, հանցագործներ եւ օլիգարխների «շեստյորկեք»: Իշխանության ընտրազանգվածում կան հազարավոր միանգամայն նորմալ եւ անկախ մարդիկ, որոնց կյանքն այս 10 տարվա ընթացքում իսկապես բարելավվել է, եւ որոնք ուզում են պահպանել ներկայիս status quo-ն: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնպես լուրջ մարդ լինելով, իր «հետընտրական գործողությունները» սկսելիս դա պիտի հաշվի առնի եւ չլսի իրեն շրջապատող «տաք գլուխներին», որոնք ասում են՝ «շեֆ ջան, հիմա սաղ ժողովուրդը ոտքի կկանգնի»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://new.aravot.am/