Նախապես տեղեկություն ունենալով, որ այս ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվում, փորձեցինք նախնական զրույցով այդ մասին տեղեկանալ ընտրատեղամասից դուրս եկող մի ծեր կնոջից: Վերջինս ներկայանալով Լուսիկ տատ, խնդրեց ինձ անցկացնել փողոցը, որովհետեւ ոտքերը սահում են: Իմ այն հարցին թե ինչու է այդ դեպքում մենակ եկել, տատը պարզաբանեց, որ հարսն է բերել, բայց քանի, որ ներսում հերթ է, ինքը քվեարկել է, իսկ հարսը սպասում է, թե երբ է հերթը հասնելու: Փող բաժանաե՞լ են, հարցին նախ տատը զգուշավոր նայեց դեմքիս, ապա տեսնելով, որ լուսանկարում եմ, մի քանի րոպե առաջ քայլել դժվարացող 70-ամյա կինը պարզապես վազելով հեռացավ:
Այդ պահին ընտրատեղամասին էին մոտենում նաեւ երկու հաղթանդամ կանայք, թեւանցուկ բերելով ոտքերն հազիվ քարշ տվող մի ծեր պապիկի: Նրանց մեկնաբանմամբ 90-ին մոտ Արտուշ պապն ինքն է ցանկություն հայտնել գալ ընտրությունների: Տարօրինակն այն էր, որ կանայք ներկայանալով իբրեւ թե պապի աղջիներ, չկարողացան ճիշտ ասել սեփական հոր տարիքը եւ դժվարությամբ հիշեցին ազգանունը:
Ընտրատեղամասում հետաքրքիր պատկեր բացվեց: Ընտրողները նախ մտնում էին մի կաբինետ, որի վերեւում փակցված էր «Սպասարկում» ցուցանակը: Այնտեղ ստանում էին ընտրակաշառք գումարը եւ դուրս գալով ուղեւորվում քվեասենյակ: Նկատելով, որ լուսանկարում եմ, մի քանի տղաներ պարզապես կանգնեցին ֆոտոխցիկի առաջ եւ մեկը մյուսին փոխանցելով, թե «լրագրող է, դուռը փակեք», փակեցին սենյակի դուռը: Իսկ սենյակից դուրս եկողները մեկը մյուսին հարցնում էր .«անձնագիրդ ու փողը վերցրեցիր, հո չմոռացար փողը»:
Քաղաքացիական դիտորդ Սիրանուշ Ղուկասյանը տեղեկացրերց, որ գումար բաժանողները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մարդիկ են՝ տղայի գլխավորությամբ: Նա տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են օրենսգրքի կոպիտ խախտումներով՝ ընտրակաշառքի բաժանում, մարդկանց կուտակումներ մուտքի մոտ եւ քվեասենյակում: Այս ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ 1745 ընտրողից իր քաղաքացիական պարտքն էր հասցրել կատարել 350-ը:
http://e-channel.am/?topic_id=1371
Էջանիշներ