Ընտրության օր. կեսօր. Արդեն տգեղ երևույթներ. հաղորդվում են բռնությունների ու կեղծիքների մասին
«ԱրմենիաՆաուի» լրագրողներ
Այսօր` ընտրատեղամասերը բացվելուց արդեն մի քանի ժամ անց, արդեն տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ու բռնություններ:
• Կոտայքի մարզում, ըստ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տեղեկությունների, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Գուրգեն Եղիազարյանին, նրա որդուն` Համբարձում Եղիազարյանին ու Երջանիկ Աբգարյանին:
Թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր առավոտյան քվեարկեց Երևանում
• Գյումրու թիվ 13/21 ընտրատեղամասում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին բերում ավտոբուսներով, և ինչպես են ՀՀԿ ներկայացուցիչները 5000-ական դրամ վճարում նրանց:
• Վանաձորի թիվ 35 ընտրատարածքում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին հորդորում «բաց» քվեարկել, այսինքն, որ նրանց ընտրությունը տեսանելի լինի (Վանաձորը համարվում է իշխող ՀՀԿ-ի հենակետ):
• Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) թեժ գծի հաղորդման` ՀՀԿ-ն ավտոբուսներով ընտրողներին հասցնում է Երևանի Արարատյան զանգվածի տեղամասեր: ՕԵԿ ներկայացուցիչները նաև ստուգում են տեղեկություններն այն մասին, որ թիվ 3/23 ընտրատեղամասում Սարգսյանի կողմնակիցները ճնշում են գործադրում ընտրողների վրա` հորդորելով քվեարկել հօգուտ իրենց թեկնածուի:
• ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ թիվ 8/8 և 8/9 ընտրատեղամասերում անձնագրում արդեն քվեարկության կնիք ունեցող մարդկանց թույլ են տվել քվեարկել երկրորդ անգամ:
• Երևանի Զավարյան փ. թիվ 6 հասցեում «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի ավտոմեքենայում տեսնելով Տեր-Պետրոսյանի քարոզչական գրականությունը` նրան ծեծել են ու ջարդել նրա տեսախցիկը:
Ըստ ԿԸՀ-ի հայտարարության` ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 11 տոկոսը` 265.533 մարդ:
http://www.armenianow.com/
Էջանիշներ