գյուղի գիշերները
փոքր ժամանակ չէի սիրում գյուղում մնալ
որովհետև գյուղի տան հոտը
չէի սիրում,
երեխաների սենյակի հավերժ
ճռռացող երրորդ պարկետը չէի սիրում,
թախտին մեռնող մեծ տատի մասին
հուշը չէի սիրում,
հիստերիկ աքլորի կոկորդի ելևէջները
չէի սիրում,
վախեցած աչքերով ձու ածելու գործին լծված
ու հետո էլ հիստերիկ աքլորի կողմից
երեք րոպեն մեկ խոշտանգվող
հավերին չէի սիրում,
ագրեսիվ թխսկանին չսիրելու բան
չունեի, իրենից ուղղակի
վախենում էի,
բախչի գլխին գտնվող նախամարդու
զուգարանի հոտը չէի սիրում,
հարևանի, ով նաև պապիս հարազատ
եղբայրն էր, ինը կատուներից առնվազն
յոթին չէի սիրում,
բայց էդ ամենին կդիմանայի,
եթե ինձ ամեն անգամ չքնացնեին
մորաքրոջս կողքին,
ով իր ծակծկող ոտներով քսվում էր իմ
ոտներին, ու ես մտածում էի, որ
ինքը փշոտ ա վարդի պես,
ու ոտքերս միշտ վերմակից
դուրս էի թողնում, որ չկպներ ինձ,
դրա համար էլ առավոտները
փորս ցավում էր:
հետո մենք էրեխեքով երկար քննարկում էինք, թե
ինչի ա մորքուրի ոտները տենց ծակծկող,
դե միակ տառապողը ես չէի,
ու պատասխանը չէինք գտնում, մինչև
մի օր դրա մասին բարձր ասացի
մեծերի մոտ, ու պապաս ու քեռիս սկսեցին
ծիծաղել, իսկ մորքուրս
լաց եղավ:
էդ գիշեր ուզում էի, որ մոտս քնի,
քսվի ոտներիս իր ծակող ոտներով,
բայց չեկավ, ու թեև
հաջորդ առավոտյան փորս չէր ցավում,
մեկ ա ինձ շատ վատ էի զգում:
Էջանիշներ