Ստեփանավանում
Ստեփանավանում լիքը ծանոթներ ունեմ`
Արևածաղիկ ծախող ղարաբաղցի տատին, որ
Ակնոցը քթին ուղղելով ինձ է դիմում`
Բալա ջան, հին գիրք չունե՞ս, բեր կուլոկ սարքեմ:
Ու քաղաքապետարանի (թե՞ քաղաքապետՔարանի)
Դիմաց բնակվող անտեր շունը,
Որ երբեք չի մոռանում վրաս հաչալ,
Լոռի հյուրանոցի անձնակազմը, ճեփ-ճերմակ
Գոգնոցները կապած պատրաստ սպասում են`
Սենյակդ պատրաստե՞նք, մեր աշխատող բալա,
Քանի՞ օր կմնաս, մենակ ես էլի~,
Գոնե անցած անգամվա պես շատ չծխես,
Ջահել ես, մեղք ես
Գրասենյակը, ուր թոթափում եմ քաղաքից բերած անպետք թղթերն ու
Զինվում նորերով: Ու Ալվարդ տոտան,
Որ միշտ լայն ժպիտով հրավիրում է հաց ուտելու:
Բա ո՞րտեղ ես մնալու, ամեն անգամ հետաքրքրվում են բոլորը
Ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը` հյուրանոցում
Ու ամեն անգամ նոկաուտ անում նախնադարյան բացսրտությամբ`
Հյուրն աստծունն է, կգաս մեր տուն:
Իսկ ես նոկաուտից ուշքի եմ գալիս ուրբանիստական
Մենամոլությամբ:
Սենյակ համար երկու, կապույտ սենյակ,
Սպասիր ինձ, չմոռանաս ծխախոտիս ծուխը,
Չմատնես երբեք իմ մենակ գիշերները, ես դեռ գալու եմ…
Էջանիշներ