User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրեվիս Թաունսենդ, քեզ խաբում են

    10 տարի փոստատար աշխատելուց հետո Տրեվիսը մի օր իմացավ ճշմարտությունը: Ճշմարտությունը նրա մոտ եկավ ոչ թե խրթին բանաձևերի, սուրբ գրությունների, մարգարեների տեսքով, այլ՝ ճերմակ խալաթով: Ճշմարտությունը բերողն ուղղեց ակնոցն ու նստեց խոհանոցից բերած քառակուսի, առանց հենակ աթոռին, ձեռքերը խաչեց ու ուշադիր զննելով հիստերիայի մեջ ջղաձգվող Տրեվիսի ճարպոտ դեմքը՝ հարցրեց.
    - Դե՞...
    Տրեվիսը արցունքները մաքրեց իր վանդակավոր վերնաշապկի թևքով ու չգիտես ինչու՝ միանգամից հանգստացավ: Նա միշտ ակնածում էր խալաթավոր մարդկանցից, իսկ եթե խալաթավորը նաև ակնոց էր կրում, Տրեվիսը սկսում էր նախանձել, որովհետև համոզված էր, որ ակնոց կրում են միայն շատ խելացի մարդիկ, իսկ ինքը հեռու էր խելացի լինելուց:
    - Տրե..եվիս,-հանդիսավոր կմկմաց նա, ապա քաջություն հավաքելով մի շնչով շարունակեց,- Տրեվիս Թաունսենդ:
    - Ինչո՞վ ես զբաղվում, Տրեվիս,-ժպտաց ակնոցավորը, ու Տրեվիսը մտածեց, որ լավ կլիներ, եթե նա նույնպես ներկայանար:
    - Փոստատար եմ,-պատասխանեց Տրեվիսը: - Պայուսակս, նայեք, մահճակալի մոտ, մեջը նամակներ են, պետք է ժամանակին հասցնեմ տերերին, նամակներն ուշացնել չի կարելի: Թերթեր կան, ամսագրեր, մարդիկ սպասում են, իսկ եղբորս կինը, նա շատ զզվելին է, չի թողնում, որ ես անկողնուց վեր կենամ, որովհետև երեկ քնելիս ուշադիր չեմ եղել և միզել եմ անկողնուս մեջ: Բայց ես ամեն օր չեմ միզում: Հիմնականում ուշադիր եմ քնում: Բայց նա ինձ միշտ ձեռք է առնում, մենակ նա չէ, բոլորը: Ախր այդ ազգանունը՝ Թաունսենդ... Բժիշկ, դուք բժիշկ եք չէ՞, ինձ ոչ ոք Թաունսենդ չի ասում, բոլորը գոռում են Դաունսենդ, որովհետև եղբորս կինը պատմել է նրանց, որ ես մեկ-մեկ միզում եմ քնած ժամանակ: Բժիշկ, խնդրում եմ, համոզեք նրան, որ թողնի ես գնամ իմ գործերով: Ասեք, որ ես...
    - Լավ,-ընդհատեց խալաթավորը ու շրջվեց դեպի Տրեվիսի եղբայրն ու նրա կինը, ովքեր կանգնած էին դռան մոտ:
    Ջեյմսը՝ Տրեվիսի եղբայրը, մոտեցավ բժշկին և նրա ականջին շշնջաց.
    - Հուսով եմ՝ չեք հավատում նրա ցնդաբանություններին, մենք միշտ լավ ենք վերաբերվել եղբորս: Մորս մահից հետո ես եմ նրան պահել, այդ ժամանակ նա տասնհինգ տարեկան էր: Կինս էլ երբեք նրան չի նեղացրել, բժիշկ:
    - Հասկանում եմ,- գլուխը շարժեց բժիշկը,-հիվանդի մոտ մանիակալ դեպրեսիվ սինդրոմ է: Կբուժենք, մի մտածեք: Հիմա կուզենայի ձեզ հետ առանձին զրուցել մի փոքր: Տրեվիս, հիմա ես կգնամ խոհանոց, թեյ խմելու, դու մի փոքր հանգստացիր, շուտով կգամ:
    - Լավ, բժիշկ,-հառաչեց Տրեվիսը,-բայց շատ չուշանաք, ես նամակներ ունեմ մարդկանց հասցնելու:

    Խոհանոցում Ջեյմսի կինը՝ Սինտիան, չդիմացավ ու սկսեց արտասվել:
    - Բժիշկ, ախր մենք նրան միշտ այնքան լավ ենք վերաբերվել, ամեն ինչ արել ենք, որ իր համար լավ լինի: Ինչու՞ է նա նման բաներ ասում մեր մասին: Երբ ես ամուսնացա Ջեյմսի հետ, Տրեվիսը փակված էր տանը, ու նա խելագարվում էր դրանից: Դե, Ջեյմսը աշխատում էր, վախենում էր եղբորը մենակ դուրս թողնել, թեև մեզ մոտ խաղաղ ավան է, մարդիկ էլ բոլորն իրար ճանաչում են, բայց ամուսինս որոշել էր, որ Տրեվիսի համար ավելի լավ կլինի նստել տանն ու հեռուստացույց դիտել առավոտից իրիկուն: Երբ ես եկա, հասկացա, որ տղային պետք է մի զբաղմունք գտնել, որ նա ավելի է խենթանում՝ տանը փակված: Մի քանի տեղ փորձեցինք նրան տեղավորել, բայց Տրեվիսը ոչ մի տեղ երկար չկարողացավ մնալ, ու մենք ի վերջո նրա համար հորինեցինք այս փոստատարի գործը: Նա, իհարկե, փոստատար չէ, բայց մենք մի քանի թերթ ու ամսագիր գնեցինք, լցրեցինք պայուսակի մեջ, մի քանի ծրար գնեցինք, վրան գրեցինք մեր հարևանների հասցեներն ու տվեցինք իրեն: Նա սկսեց մեծ ուրախությամբ դրանք ամեն առավոտ տանել մեր հարևաններին, որոնց նախօրոք զգուշացրել էինք, որ Տրեվիսն էդպես խաղում է: Նա տասը տարի համոզված է եղել, որ ինքը փոստատար է աշխատում: Ամեն օր առավոտյան նա գնում էր «աշխատանքի», Ջեյմսը նրան աշխատավարձ էր տալիս, որը կրկին ծրարով խցկում էինք նրա պայուսակն ու վրան գրում իր անուն ազգանունը: Ամեն անգամ դա տեսնելիս երեխայի պես ուրախանում էր: Բայց երեկ նա ընկավ ու կոտրեց ոտքը, ու երբ այսօր հասկացավ, որ չի կարողանալու գնալ իր ամենօրյա գործին, հիստերիա սկսվեց մոտը, մենք էլ չիմացանք ինչ անել, մեր ավանում հոգեբույժներ չկան, ստիպված կանչեցինք ձեզ:
    Բժիշկը կում արեց թեյից ու նորից ուղղեց ակնոցը:
    - Շատ ճիշտ եք արել, տիկին Թաունսենդ, մեր հոգեբուժարանում այսօր ես էի հերթապահում, և անմիջապես եկա: Ինչ խոսք, հիվանդին խնամք է անհրաժեշտ, սակայն նաև պետք է նրա գլխում կարգուկանոն հաստատել: Ես վերադառնամ Տրեվիսի մոտ, շնորհակալ եմ թեյի համար:

    - Տրեվիս, ուշադիր լսիր, թե ինչ կասեմ քեզ հիմա.-ասաց բժիշկը՝ նստելով Տրեվիսի մահճակալի մոտ, ով նորից սկսել էր հեկեկալ ու ընթացքում քիթն էր աղմուկով մաքրում վերնաշապկի թևքին: - Նախ, մի խնչիր: Հետո՝ ինչու՞ ես վերնաշապկով պառկած: Ինձ լսիր, Տրեվիս, հիմա ես կհաշվեմ մինչև հինգը ու դու կքնես: Մեկ, աչքերդ ծանրանում են, Տրեվիս, երկու, դու զգում ես, թե ոնց են կոպերդ փակվու՜մ, երեք, ոչ մի բանի մասին չե՜ս մտածում, չո՜րս, դու արդեն քնում ես, հենց ասեմ հինգ, կքնես... հինգ:
    Բժիշկն ինքն աչքերը վաղուց փակել էր ու հանգիստ ձայնով շարունակում էր խոսել. - Տրեվիս, քնած ես, բայց լսում ես ինձ: Ուշադիր ինձ լսիր, այ տղա, դու փոստատար չես, քեզ խաբել են, դու ոչ մի տեղ չես աշխատում, քեզ համար առոք-փառոք ապրում ես, հիմա ի՞նչ ես ղզիկի նման նվնվում, մեծ մարդ ես, ամոթ էլ է, ոտքդ ես կոտրել, տեղդ պառկիր, մինչև կլավանաս էլի, հետաքրքիր մարդ ես տո:

    Եթե նա այդքան տարված չլիներ իր գործով, կնկատեր, որ Տրեվիսը լայն բացված աչքերով ու նույնքան լայն բացված բերանով ապշած իրեն է նայում:

    Ջեյմսն ու Սինտիան խոհանոցում լուռ նստած իրար էին նայում, ամեն մեկը մտովի փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում Տրեվիսի սենյակում, երբ դուռը շատ ուժեղ թակեցին: Ջեյմսն այն բացեց ու ապշած նայեց դրսում կանգնածներին.
    - Շերիֆ ՄակՔարթի, բարով եկաք, Բրեդ, Լորրի, ներս եկեք, տղաներ:
    - Ջեյմս, ողջույն,-գլխարկը մի փոքր բարձրացնելով ասաց շերիֆը:- Լսիր, էս հոգեբուժարանի մեքենան, որ տանդ դիմաց կանգնած է, ո՞վ է եկել:
    - Բժիշկ ենք կանչել Տրեվիսի համար, հիստերիա էր մոտը, ոտքը կոտրել է երեկ, այսօր ուզում էր վեր կենալ անկողնուց, երբ հասկացավ, որ չի կարողանում, միանգամից վատացավ:
    - Հիմա բժիշկն ու՞ր է:
    - Տրեվիսի հետ:
    - Բրեդ, Լորրի,-գլխով ոստիկաններին նշան արեց շերիֆը: Ոստիկանները միանգամից անցան Տրեվիսի սենյակ:
    - Շերիֆ ՄակՔարթի, ի՞նչ է պատահել, ինչու՞ են ոստիկանները գնում Տրեվիսի սենյակ,-խառնվեց Սինտիան:
    - Միսիս Թաունսենդ, քիչ առաջ ահազանգ ստացանք, որ քաղաքի հոգեբուժարանից հոգեկան հիվանդ է փախել հոգեբուժարանի մեքենայով: Իմ պարեկներից մեկն էլ տեսել էր, որ ձեր տան դիմաց այդպիսի մեքենա է կանգնած:
    Մինչ Բրեդն ու Լորրին խալաթավորի ձեռքերը ոլորած դուրս էին բերում Տրեվիսի սենյակից, նա գոռում էր.
    - Տրեվիս, դու փոստատար չե՜ս, դու՜ փոստատար չե՜ս.... Քեզ խաբու՜մ են:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.12.2012), ivy (04.12.2012), Peace (04.12.2012), Sambitbaba (27.04.2013), StrangeLittleGirl (04.12.2012), Արէա (04.12.2012), Նաիրուհի (04.12.2012), Ուլուանա (04.12.2012), Ռուֆուս (04.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •