Բարի գալուստ 
Դուք գտնվում եք փորձարարական լաբորատորիայում:
Խնդրվում է ձեռք չտալ կախարդական սրվակներին ու միստիկ բանաձևերին.... 
Եվ այսպես, առաջին փորձը
ՍԻՐՈ ՓՇՐԱՆՔՆԵՐ
Խենթանում են այսպե՞ս,
Գնդակն ի՞նչ կապ ունի
Մեզ հետ, լռության հետ
Եվ մեր անջատման հետ….
(Պ. Սևակ)
Տանջում ենք իրար
Սիրո պատճառով,
Այն սիրո, որը չպիտի լիներ,
Քանի որ կամ ես,
Սակայն չկաս դու,
Իսկ որտեղ դու կաս,
Ես չկամ երբեք….
Պայթում է սերը փուչիկի նման,
Պղպջակի պես,
Բայց ավիրում է երկուսիս հոգին,
Սիրո փշրված
Մասունքներն ենք մենք
Հավաքում գաղտնի
Ու թաքուն պահում,
Քանզի չկա սեր,
Այն պայթեց, ինչպես
Ամռան անձրևի
Առաջին խոշոր կաթիլն է
Պայթում
Փոշոտ տանիքին….
Ու չի կարելի սիրո հետ կապված
Ինչ-որ բան ասել,
Քանզի չկա սեր`
“ես սիրում եմ քեզ”
“չէ’, սխալ էր դա”
“շատ եմ կարոտում”
“այդ մեկն էլ ճիշտ չէր”
“ես քեզ կսպասեմ…”
“սպասիր, հետո± ինչ…”
Մուրացկանի պես
Հավաքում ենք մենք
Սիրո ծվեններ,
Քանզի չկա սեր…
Կամ գուցե այն կա՞
Ու մի տեղ նստած
Ծիծաղու՞մ է նա`
Մեր հիմար խաղին
Վկա լինելով….
Փշրանքներ սիրո,
Որ հավաքում եմ
Զգույշ, ու ուշադիր
Ստուգում, թե արդյոք
Փշրանքն այդ չունի՞
Ինչ-որ սուր կողմեր,
Ու թե դրանք կան,
Տաշում եմ դրանք,
Բթացնում, մինչև
Փշրանքը դառնա
Մի կլոր բջիջ,
Որ սուր կողմերը
Ցավ չպատճառեն,
Որ… գուցե չզգաս,
Ինչպես եմ ես մեր
Փշրված սիրո
Կտորտանքները
Հավաքում նորից ու…
Նվիրում քեզ:
Էջանիշներ