Մահացու վարակ
Դու վարակ ես, մահացու վարակ: Ես վախենում եմ քեզանից: Դու խցկվում ես ներս իմ մտքերից, անգամ երբ ճգնում եմ հարթեցնել ուղեղիս մանրիկ ծալքերը: Օդի հետ դավաճանաբար անցնում ես ներսս, անգամ երբ քիթս պինդ բռնում եմ ու վզիս երակներն ուռչում են շնչահեղձ լինելուց: Դու թափանցում ես մաշկիս ծակոտիներով, քորի պես, վարակի նման վազում ես երակներովս: Ու ես տնքում եմ ցավից ու հաճույքից: Չէ որ ցավեցնողը դու ես… Բոլոր անոթներովս շտապում ես դեպի այն պոմպը, որը քեզ իր մեջ է քաշում: Տարածել ես մատներդ, երկարած եղունգներով վրա ես պրծնում սրտիս: Կարմիր, բոսոր սիրտս թպրտում է իրեն պատառոտող մատներիդ տակ, ինչպես մի ժամանակ մարմինս էր թպրտում լեզվիդ շարժումներից: Բայց այս անգամ սիրտս մարմնիս պես չի ջահելանա ու վերածնվի: Պատռտում ես: Սիրտս արնաքամ է լինում, բայց դեռ զարկում է: Համառ, զզվելի: Հրաժեշտը երկարացնել պետք չէ: Դադար տուր… Դե… Էլ մի բաբախի… Էլ մի… Հանգիստ… Շուտով չես զգա ոչինչ… Մի զարկիր էլ….Հանգիստ… Վերջինն էր…………
Էջանիշներ