Ուզում եմ լինել
Խելոք ու հանգիստ
Ու մինիմալիստ,
Համբերատար, ճիշտ,
Որ գոհանամ միշտ
Այն ժլատ լույսով,
Որ արձակում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:
Ուզում եմ լինել
Մեծ քառակուսի,
Այլևս երբեք չհենվել ուսիդ,
Ու էլ չնայել վառ լիալուսնին:
Ուզում եմ երբեք
Չբացվեն թևեր,
Ուզում եմ սկսել
Ամեն ինչ տեսնել
Յոթը գույնի մեջ,
Եվ ոչ մի երանգ,
Էլ ոչ մի կրակ,
Ոչ մի սիրո կայծ
Կամ էլ կրքի խայծ
Չդավեն երբեք
Իմ սիրտը հանգած:
Ու էլ ոչ մի բայց,
Էլ ոչ մի հանկարծ,
Ոչ մի խենթ արկած,
Որ ես սովորեմ,
Սովորեմ կամաց
Գոհանալ այն թույլ
Արձակվող լույսով,
Որ շռայլում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:
Էջանիշներ