Ես մի քիչ սխալ էի արտահայտել միտքս. ճիշտ է, տվյալ դեպքում խոսքը հակասությունների մասին չէ, այլ անճշտությունների, իսկ հակասությունները Աստվածաշնչի ներսում են, ոչ թե տարբեր հրատարակությունների միջև։ Բյուր, քո ասած փոքր-ինչ տարբերվող մտքերը հաճախ լրիվ այլ իմաստ են տալիս նախադասություններին, օրինակ՝ իմաստուն օձը դառնում է խորամանկ, Կենաց (Կյանքի) ծառը մի ուրիշ հրատարակության մեջ դառնում է բարու և չարի իմացության ծառ, այն դեպքում, երբ դրանք երկու տարբեր ծառեր են, աստծո որդիները մի ուրիշ տեղ դառնում են աստծո հրեշտակներ, Հուդիթի և այլոց գրքերում մի պետության թագավորը հայտնվում է այդ պետության դեմ կռվող թշնամու բանակի զորավարի դերում... և այլն։Բյուրակն-ի խոսքերից
Ի դեպ, մի անճշտության էլ հանդիպել եմ, երբ թարգմանություն էի անում։ Տեքստը, որը թարգմանում էի, մայրի (кедр) ծառի մասին էր, որն օժտված է հզոր էներգիայով ու արտասովոր բուժիչ հատկություններով։ Տեքստում մեջբերված հատվածներ կային Աստվածաշնչից, որոնց մեջ խոսվում էր մայրու մասին։ Այդ հատվածները, բնականաբար, ես ոչ թե թարգմանում էի, այլ հայերեն Աստվածաշնչում գտնում էի համապատասխան հատվածն ու արտագրում։ Արտագրելիս նկատեցի, որ մայրի բառի փոխարեն եղևնի է գրված, ստուգելու համար մի հատ էլ ռուսերեն Աստվածաշունչը նայեցի. այնտեղ համապատասխան տեղում кедр էր գրված, այսինքն՝ հայերեն Աստվածաշնչում սխալ էր թարգմանված։ Ինչ խոսք, մայրի ծառին անծանոթ մարդու համար շատ հնարավոր է, որ տարբերություն չլինի՝ մայրի է թե եղևնի, վերջիվերջո, երկուսն էլ փշատերև ծառեր են ու արտաքինից գրեթե չեն տարբերվում, բայց բանն այն է, որ եղևնին իր հատկություններով չի կարող համեմատվել մայրու հետ, և բոլորովին պատահական չէ, որ ոչ թե եղևնու, այլ հենց մայրու անունն է Աստվածաշնչում նշվում։ Նորից եմ ասում, չիմացող մարդը դրա վրա ուշադրություն չի էլ դարձնի, բայց իրականում տարբերությունը, հետևաբար անճշտությունը ակնհայտ է։ Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Սողոմոն արքան մայրուց տաճար է կառուցել։ Լիբանանից մայրի բերելու համար նա մեկ ուրիշ արքայի՝ Հերոնին, իր թագավորությունից քսան քաղաք է տալիս։ Քսան քաղաք՝ ինչ-որ շինանյութի դիմաց։ Այնպես որ, համաձայնեք, որ վերոհիշյալ անճշտությունը փոքր համարել չի կարելի։ Իսկ եթե նման անճշտություններ կան, ապա դեռ շատ բան կարելի է սպասել։
Ախր, ճիշտ հասկացեք, ես նպատակ չունեմ ապացուցելու, որ Աստվածաշունչը սխալ գիրք է, դրանում արժեքավոր ու իմաստուն մտքերի առկայությունը ժխտել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ այնտեղ գրված ամեն ինչ պետք է հալած յուղի տեղ ընդունել, հատկապես, որ շատ դեպքերում մարդ ստիպված է լինում ընտրություն կատարել թարգմանիչների կամ հազարավոր տարիների ընթացքում դրանց վրա աշխատած բազմաթիվ մարդկանց մեղքով առաջացած տարբեր «ճշմարտությունների» միջև։ Ախր նմանատիպ օրինակներն այնքան շատ են, ես այդքանի մասին չեմ կարող անընդհատ գրել ու մեկնաբանել... Իմ կարծիքով, եղածն էլ բավական է։
Էջանիշներ