Սպանդանոց Հինգ կամ Մանուկների Խաչակրաց Արշավանքը
Առաջին Գլուխ
Մի քիչ ավել կամ պակաս, բայց այս ամենն իսկապես կատարվել է: Համենայն դեպս պատերազմին վերաբերող մասերը հնարավորինս իրական են: Դրեզդենում մի տղայի իսկապես գնդակահարեցին` իրեն չպատկանող թեյամանը վերցնելու համար: Մեկ ուրիշն իսկապես երդվում էր պատերազմից հետո մարդասպան վարձել եւ սատկացնել իր բոլոր անձնական թշնամիներին: Եւ այսպես շարունակ: Բոլորի անունների փոխել եմ: Ես իսկապես վերադարձա Դրեզդեն 1967-ին Գուգենհայմի ֆոնդի շնորհիվ(Աստված պահապան): Ասես Դեյթոնում լինեի (Օհայո):Ամայի տարածությունն ավելի շատ էր, քան Դեյթոնում:
Ես վերադարձա այնտեղ պատերազմական ընկերոջս` Բեռնարդ Օ'Հեյըրի հետ, եւ մենք շատ արագ լեզու գտանք մի տաքսու վարորդի հետ, որը մեզ տարավ սպանդանոցը, ուր մեզ մի ողջ գիշեր պահել էին որպես ռազմագերիների: Նրա անունը Գերհարդ Մյուլլեր էր: Նա պատմեց, որ որոշ ժամանակ գերի է եղել ամերիկացիների մոտ: Մենք հարցրինք, թե ինչպիսին էր կյանքը կոմունզմի օրոք, եւ ըստ նրա` սկզբում պարզապես սարսափելի էր, որովհետեւ բոլորն ստիպված էին ձիու պես աշխատել ու համ էլ ապրելու տեղը, ուտելիքն ու հագուստն էին քչություն անում: Բայց հիմա անհամեմատ ավելի լավ էր: Հիմա նա ուներ փոքր, հարմարավետ բնակարան, իսկ դուստրը հիանալի կրթություն էր ստանում: Մյուլլերի մայրը մոխրացել էր Դրեզդենի ռմբակոծության ժամանակ: Նրանն էլ այդպես էր ստացվել: Ծննդյան տոների Մյուլլերը բացիկ ուղարկեց Օ'Հեյըրին, եւ ահա, թե ինչ էր այնտեղ գրված.
"Մաղթում եմ քեզ, ընտանիքիդ, ինչպես նաեւ ընկերոջդ ուրախ Ծնունդ ու շնորհավորում եմ նոր Տարին ու հուսով եմ, որ մենք նորից կհանդիպենք տաքսիում, ազատ ու խաղաղ աշխարհում, եթե դիպվածը կամենա":
Դա ինձ շատ էր դուր եկել` "եթե դիպվածը կամենա":
Չէի ուզի իմանայիք, թե այս դժբախտ գիրքն ինչէ նստել վրաս` ժամանակի, փողի ու նյարդերի առումով: Երբ քսաներեք տարի առաջ տուն դարձա Երկրորդ աշխարհամարտից, կարծում էի շատ հեշտ կլինի գրել Դրեզդենի ավերածության մասին, քանի որ ինձնից պահանջվում էր ընդամենը թղթին հանձնել տեսածս: Կարծում էի նաեւ, որ գլուխգործոց կստեղծեմ. նյութն իսկապես էական էր
Բայց այդ ժամանակ Դրեզդենի մասին շատ քիչ բառեր ծնվեցին. համենայն դեպս գիրք հաստատ չէր ստացվի: Եւ հիմա էլ շատ բառեր չեն գալիս, երբ ես արդեն տռան բիձուկ եմ` իր Փել Մելով եւ մեծահասակ որդիներով:
Մտածում եմ` որքան անզոր է հիշողությանս դրեզդենյան հատվածը ու միեւնույն ժամանակ ` որքան գրավիչ էր Դրեզդենը հուշագրությունների համար, եւ միտքս է գալիս հանրահայտ կատակ ոտանավորը.
Մի ջահել կար Ստամբուլից,
Որ դժգոհ էր իր բանից.
- Կարողությունս խլեցիր,
Առողջությունս փլեցիր
Գոնե շռի, տո այ ախմախ!
Մի երգ էլ հիշեցի` այս էր.
Անունս է Յան Յոնսոն,
Նահանգս` Վիսքոնսին,
Այնտեղ ես փայտ եմ սղոցում:
Մարդիկ տեսնում են փողոցն անցնելիս,
Անունս են հարցնում, դե իսկ ես`
Անունս է Յան Յոնսոն,
Նահանգս` Վիսքոնսին...
Եւ այսպես շարունակ, մինչեւ անսահմանություն: Անցնում էին տարիներ, եւ մառդիկ որոնց հանդիպում էի, հաճախ հարցնում էին, թե ինչով եմ զբաղվում, եւ ես, որպես կանոն, պատասխանում էի, որ հիմնականում աշխատում եմ Դրեզդենին նվիրված գրքի վրա:
Մի անգամ այդպես պատասխանեցի կինոարտադրող Հարիսոն Սթարին, եւ նա հոնքերը բարձրացնելով հետաքրքրվեց.
- Գիրքը հակապատերազմակա՞ն է:
- Այո,- ասացի, - պիտի որ:
- Գիտե՞ս ինչ եմ հարցնում մարդկանց, երբ պարզում եմ, որ նրանք հակապատերազմական գիրք են գրում:
- Ոչ: Իսկ ի՞նչ ես հարցնում, Հարիսոն Սթար:
- Ասում եմ` "Իսկ ինչու հակասառցադաշտային գիրք չես գրու՞մ":
Նրա ասածն իհարկե այն էր, որ պատերազմներ միշտ լինելու են, եւ որ պատերազմը կանխելը նույնքան հեշտ է, որքան սառցադաշտի առաջացման դեմն առնելը:
Ես լրիվ համամիտ էի:
Եթե անգամ պատերազմը վրա չէր տալիս, ինչպես սառցադաշտ, միեւնույն է, միշտ կար աշխարհի պես հին մահը:
----------------------------------
Գուգենհայմի ֆոնդ - Հիմնադրվել է 1925-ին, ԱՄՆ-ի սենատոր Սայմըն Գուգենհայմի կողմից: Հիմնադրամն ունի ամենամյա մրցույթներ, որի հաղթողներըէ արվեստագետներ հիմնականում, ստանում են դրամային մրցանակներ իրենց գործունեության մեջ ներդնելու համար:
շարունակելի
Էջանիշներ