շարունակություն
Հարավային Քարոլինայի զորաշարժերի ժամանակ Բիլլին կարդում էր բոլոր աղոթքները, որ դեռ մանկությունից գիտեր, նվա•ում էր այդ երգերը փոքրիկ, ջրակայուն երգեհոնի վրա: Այն երեսունինը ստեղն ուներ և երկու ձայնային համակարգ` vox humana և vox celeste: .Բիլլիի հսկողության տակ էր նաև շարժական խորանը, ձիթենու մուգ փայտից դեսպանատան կցորդի ճամպրուկ՝ բացվող-փակվող ոտքերով: Այն պատված էր կարմիր մահուդով: Եվ այդ կրակոտ մահուդի վրա հանգչում էին էլեկտրականացված ալյումինե խաչը և Աստվածաշունչը: Խորանը և երգեհոնը պատրաստվել էին Նյու Ջերսիի Քամդեն քաղաքում (Նյու Յորք, Քամդեն), փոշեկուլներ արտադրող ընկերության կողմից: Եվ այսպես շարունակ:
Զորաշարժերից մեկի ժամանակ Բիլլին կատարում էր "Հզոր ամրոց է մեր աստվածը"` Յոհան Սեբաստյան Բախի երաժշտությամբ և Մարթին Լյութերի բառերով: Կիրակի առավոտ էր: Բիլլին ու իր քահանան Քարոլինայի բլրալանջին հիսունի չափ զինվոր հավաքեցին իրար գլխի: Չգիտես որտեղից հայտնվեց ինչ-որ միջնորդ դատավոր: Միջնորդ դատավորներն ամենուր էին. մարդիկ, որ ասում էին, թե ով է հաղթել կամ պարտվել տեսական մարտում, ով էր կենդանի և ով` մեռած:
Միջնորդ դատավորի լուրերը զավեշտական էին: Հավաքույթն օդից տեսականորեն նշանառության տակ էր առնված տեսական թշնամու կողմից: Նրանք բոլորն այժմ տեսականորեն մեռած էին: Տեսական դիակները ծիծաղում էին և ուտում իրենց կեսօրվա առատ կերակուրը:
Տարիներ անց այդ միջադեպը հիշելիս Բիլլին ցնցվում էր. դա իսկական խաղ էր մահվան հետ` թրալֆամադորյան ոգով. լինել մեռած և միևնույն ժամանակ ուտել:
Զորաշարժերի վերջում Բիլլին արտահերթ արձակուրդով տուն ուղարկվեց, քանի որ իր հայրը, որ սափրիչ էր Նյու Յորք նահանգի Իլիոնում, եղջերուի որսի ժամանակ գնդակ էր ստացել ընկերոջից:
Նրանն էլ այդպես էր ստացվել:
Երբ Բիլլին վերադարձավ արձակուրդից, նրան սպասում էր ծովից այն կողմ մեկնելու հրամանը: Նա պետք էր Լյուքսեմբուրգում կռվող հետևակային գնդի շտաբ-կայանի վաշտին: Գնդի քահանայի գերմանացիներն իրականացնում էին վերջինիս ոչնչացման գործընթացը հանրահայտ Bulge ճակատամարտի ժամանակ: Բիլլին այդպես էլ չհանդիպեց քահանային, որի օգնականն էր լինելու, նրան այդպես էլ պողպատե սաղավարտ ու մարտական կոշիկներ չհատկացրեցին: 1944-ի դեկտեմբերն էր, •երմանացիների վերջին հզոր գրոհը:
Բիլլին ողջ մնաց, բայց նա մի շվարած թափառաշրջիկ էր գերմանական նոր զորաշարքի խորը թիկունքում: Երեք ուրիշ թափառաշրջիկներ, արդեն ոչ այնքան շվարած, հանդուրժում էին իրենց պոչից կպած Բիլլիին: Նրանցից երկուսը հետախույզ էին, իսկ մյուսը՝ հակատանկային գնդացրորդ: Նրանք ուտելիք ու քարտեզ չունեին: Խուսափելով գերմանացիներից` նրանք միշտ հեռատեսորեն գյուղական լռության միջով էին շարժվում: Նրանք ձյուն էին ուտում: Քայլում էին շարքով, մեկը մյուսի հետևից:
Առջևում հետախույզներն էին՝ խելացի, վայելչագեղ, անխռով: Նրանք հրացաններ ունեին: Հետո գալիս էր հակատանկային գնդացրորդը` անճոռնի ու լխկլխկան, որ գերմանացիներին զգոն հեռավորության վրա էր պահում` մի ձեռքում քառասունհինգ տրամաչափի ինքնաձիգ Քոլթը, մյուսում խրամատ փորելու դանակը: Վերջինը Բիլլի Փիլգրիմն էր` առանց որևէ զենքի, ակնհայտորեն պատրաստ մեռնելու: Բիլլին անհեթեթ տեսք ուներ` վեց ոտնաչափ և երեք մատնաչափ հասակ, կրծքավանդակով ու ուսերով, որ լուցկու տուփ էին հիշեցնում: Նա չուներ ոչ սաղավարտ, ոչ վերարկու, ոչ զենք, ոչ ճտքավոր կոշիկ: Ոտքերին էժանագին, կոճերը հազիվ ծածկող քաղաքացիական կոշիկներ էին, որ հոր թաղման առիթով էր գնել: Բիլլին կորցրել էր կոշիկի կրունկը ու հիմա կաղում էր` վերև-ներքև, վերև-ներքև:: Այդ պարտադրված պարը` վերուվար, վերուվար, վերքեր էր առաջացրել ազդրերի հոդերին: Բիլլիի հագին բարակ զինվորական բաճկոնակ էր, վերնաշապիկ և վատ բրդից կարված տաբատ և երկար ներքնազգեստ, որ ներծծված էր քրտինքով:
Չորսից միակն էր, որ մորուք ուներ: Խառնիխուռն, խոզանակի պես կոշտ մորուք էր, և խոզանի որոշ մազեր սպիտակ էին, թեև Բիլլին ընդամենը քսանմեկ տարեկան էր:
Բացի այդ նա ճաղատանում էր: Քամին, սառնամանիքը և դաժան զինավարժանքը բոսորագույն էին ներկել նրա դեմքը: Նա ոչնչով նման չէր զինվորի: Նա նման էր կեղտի մեջ կորած ֆլամինգոյի:
Եվ դեգերումների երրորդ օրն ինչ-որ մեկը հեռվից կրակեց այդ չորսի ուղղությամբ. կրակեց չորս անգամ` մինչ նրանք կտրում էին նեղլիկ ճանապարհը: Մի կրակոցը հետախույզների համար էր: Մյուսը` հակատանկային գնդացրորդի, որի անունը Ռոլանդ Ուիրի էր: Երրորդ գնդակը նախատեսվում էր կեղտի մեջ կորած ֆլամինգոյին, որը սառածի պես տնկվեց ճանապարհի մեջտեղում, երբ մահաբեր մեղուն բզզալով անցավ ականջի մոտով: Բիլլին սիրալիր կանգնել էր`ընձեռելով նշանառուին ևս մեկ հնարավորություն: Բիլլին ուներ պատերազմական օրենքների սեփական նեխած ընկալումը. նշանառուին պետք է տալ երկրորդ հնարավորությունը: Մյուս կրակոցը մազաչափ վրիպեց Բիլլիի ծնկոսկրից` հարվածաբար արձագանքելով մինչև վերջ` ինչպես ցանկացած վրիպած կրակոց:
Ռոլանդ Ուիրին և հետախույզներն իրենց գցել էին փոսը, և Ուիրին մռնչաց Բիլլիի վրա.
- Մի կողմ քաշվիր, ես քո մաման, բոզարած էշի գլուխ…
1944-ի սպիտակ մարդկանց համար վերջից երրորդ բառը դեռևս նորույթ էր: Բիլլիի համար, որը դեռ երբեք ոչ ոքի արած չկար, դա նոր ու ապշեցնող հայտարարություն էր, որն իր նպատակին ծառայեց: Դա ուշքի բերեց նրան և ստիպեց հեռանալ ճանապարհի մեջտեղից:
- Նորից փրկեցի կյանքդ, շշկռված բոզի տղա,- ասաց Ուիրին Բիլլիին արդեն փոսի մեջ:
Օրեր շարունակ նա փրկում էր Բիլլիի կյանքը` հայհոյելով, տշելով, չափալախելով, ստիպելով շարժվել: Դաժանությունը, որ նա գործի էր դնում, առանց որևէ կասկածի անհրաժեշտ էր, քանի որ Բիլլին ոչինչ չէր անում ինքն իրեն փրկելու համար: Բիլլին ուզում էր թողնել ամեն ինչ: Նա մրսում էր, քաղցած էր, շփոթված էր ու անբարեհույս: Նա դժվարությամբ էր զանազանում քնած և արթմնի վիճակը, իսկ երեք օր անց նա ոչ մի էական տարբերություն չէր տեսնում նաև քայլելու և զգաստ կանգնելու միջև: Նա ուզում էր, որ բոլորն իրեն հանգիստ թողնեն:
- Տղերք, առանց ինձ գնացեք,-նորից ու նորից ասում էր նա:
շարունակելի
Էջանիշներ