շարունակություն
Երբ ես դեռ քիչ թե շատ երիտասարդ էի ու աշխատում էի Դրեզդենի մասին հանրահայտ գրքիս վրա, հարցրեցի Բեռնարդ Օ’Հեյըր անունով պատերազմական հին ընկերոջս, թե կարող եմ արդյոք այցելել իրեն: Նա շրջանային հավատարմատար էր Փենսիլվանիայում: Ես գրող էի Քեյփ Քոդում: Պատերազմի ժամանակ մենք հետևակային հետախուզության շարքայիններ էինք: Երբեք առանձնապես հույսեր չէինք փայփայում, թե պատերազմից հետո փող կունենանք, բայց արի ու տես` հեչ էլ վատ չէր:
Նրան իմ խնդրանքով գտել էր Բելլի հեռախոսային ընկերությունը: Իսկական վարպետ էին այդ գործում: Ալկոհոլն ու հեռախոսը ներառող այդ հիվանդությունը հաճախ էր ինձ այցելում: Ես խմում եմ, ու իմ շնչառությունից կինս շշմում է, ինչպես մանանեխի առաջացրած գազերից ու վարդերից: Իսկ հետո անդրշիրիմյան նրբագեղ ձայնով խոսում եմ հեռախոսով: Խնդրում եմ հեռախոսավարներին միացնել ինձ այս կամ այն ընկերոջս հետ, որին հարյուր տարի չեմ տեսել:
Օ’Հեյըրին հենց այդպես գտա: Նա ցածրահասակ էր, իսկ ես` բարձրահասակ: Մենք պատերազմի Մաթն ու Ջեֆն էինք:
Մենք միասին գերի ընկանք պատերազմին: Ասացի` ով է հետը խոսում: Նա որևէ խնդիր չուներ դրան հավատալու հետ: Նա արթուն էր: Գիրք էր կարդում: Մնացած բոլոր տնեցիները քնած էին:
- Լսիր,- ասացի.- ես այն գիրքն եմ •րում Դրեզդենի մասին: Լավ կլիներ ինչ-որ մեկն օգներ որոշ բաներ հիշել: Ինչ ես կարծում, կարո՞ղ եմ գալ մոտդ. կխմեինք, կխոսեինք, կհիշեինք:
Առանձնապես չոգևորվեց: Ասաց, որ շատ բան չի հիշում: Բայց, ասաց, որ միևնույն է, այցելեմ:
- Կարծում եմ գրքի բարձրակետը կլինի այն դժբախտ ջահելի` Էդգար Դերբիի մահապատիժը: Ծաղրը պարզապես սպանող է: Քաղաքը հիմնովին այրվում է, հազարավոր մարդիկ սպանված են: Եվ հանկարծ ամերիկացի հետևակային զինվորը ձերբակալվում է` ավերակների վրայից թեյաման վերցնելու համար: Եվ ամենասովորական դատից հետո նրան գնդակահարում է հրաձիգների ջոկատը:
- Ըըը...,- ասաց Օ’Հեյըրը:
- Համամիտ չե՞ս, որ հենց սա պետք է լինի բարձրակետը:
- Գաղափար չունեմ դրա մասին: Այդ մեկը քո տնամերձն է, իմը չի:
Որպես գրական բարձրակետերի, հուզական տողերի, բնութագրումների, հրաշալի երկխոսությունների ու կասկածների ու առերեսումների վաճառական, ես մի քանի անգամ ուրվագծել եմ դրեզդենյան պատմությունը: Ամենահաջողված համառոտ ուրվագիծը կամ գոնե ամենասիրունը պատի պաստառի հակառակ կողմում էր:
Ես օգտագործել էի դստերս գունավոր մատիտները`յուրաքանչյուր հերոսին գրելով տարբեր գույնով: Պաստառի մի ծայրը պատմության սկիզբն էր, մյուսը` վերջը, և մեջտեղի մասում մեջտեղի մասն էր: Եվ կապույտ տողը միանում էր կարմիրին ու կարմիրը դեղինին և դեղինը ոչ մեկին չէր միանում, որովհետև այդ գույնի հերոսը մեռած էր: Եվ այդպես շարունակ: Եվ Դրեզդենի ավերածությունը ներկայանում էր նարնջագույն գծերի խաչուղիներով, որոնց հակառակ կողմից նշմարվում էին այդ գծերը հատող դեռևս ապրող տողերը:
Վերջում, ուր ընդհատվում էին բոլոր տողերը, ճակնդեղի դաշտ էր`Էլբայի ափին, Հալե չհասած: Անձրև էր թափվում: Պատերազմը Եվրոպայում արդեն երկու շաբաթ էր, ինչ ավարտվել էր: Մեզ խմբավորել էին դասակներով, և ռուս զինվորներն առաջնորդում էին մեզ` անգլիացիների, ամերիկացիների, հոլանդացիների, բելգիացիների, ֆրանսիացիների, կանադացիների, հարավաֆրիկացիների, նորզելանդացիների, ավստրալացիների. հազարավոր մարդիկ, որ շուտով դադարելու էին ռազմագերի լինել:
Իսկ դաշտի մյուս կողմում հազարարավոր լեհեր, հարավսլավացիներ ու ռուսներ ու այլք էին, որոնց առաջնորդում էին ամերիկացի զինվորները: Փոխանակումը կատարվեց հենց այդտեղ, անձրևի տակ, մեկին մեկ հարաբերությամբ: Օ’Հեյըրը և ես շատերի հետ միասին մագլցեցինք ամերիկյան բեռնատարը: Օ’Հեյըրը ոչ մի հուշանվեր չուներ: Մնացած գրեթե բոլորն ունեին: Ես օդուժի արարողակարգային թուր ունեի, հիմա էլ ունեմ: Մի մոլեգին, փոքրիկ ամերիկացի, որին այս գրքում կոչում եմ Փոլ Լացարո մոտ մեկ քվարտ ադամանդ, զմրուխտ, սուտակ ու այլ քարեր ուներ: Նա վերցրել էր դրանք Դրեզդենի նկուղների մեռած մարդկանց վրայից: Նրանցն էլ այդպես էր ստացվել:
Տխմար մի անգլիացի, որ իր բոլոր ատամները կորցրել էր այստեղ-այնտեղ, դրել էր իր հուշանվերը քաթանե պայուսակի մեջ: Պայուսակը ոտնաթաթերիս վրա էր դրված: Նա րոպեն մեկ ծիկ էր անում պայուսակին, այսուայն կողմ էր ֆռռացնում աչքերը ու գրեթե հարյուր ութսուն աստիճան պտտեցնում էր լղար վիզը, որ տեսնի արդյոք որևէ մեկը քաղցած հայացքներ չի՞ նետում իր պայուսակին: Եվ նա պարծենում էր ոտքերիս դրված պայուսակով:
Մտքովս չէր անցնում, որ դիտմամբ է պարծենում: Բայց սխալվում էի: Նրան պետք էր, որ ինչ-որ մեկը տեսնի, թե ինչ կա պայուսակում, և նա որոշեց, որ ինձ կարելի է վստահել: Նա որսաց հայացքս, աչքով արեց ու բացեց պայուսակը: Այնտեղ Էյֆելյան աշտարակի գիպսե նմուշն էր: Ոսկեգույն էր ներկված: Ներսում ժամացույց էր հարմարեցված:
- Կարող է հանկարծ կոտրվել,- ասաց նա:
----------------------------------------------------
Մաթ ու Ջեֆ - երգիծական հերոսներ, որոնց նկարները տպվել են San Francisco Cronicle-ում, սկսած 1907-ից: Կերպարները ստեղծել է ռեժիսոր և գրող Բադ Ֆիշերը:
Քվարտ - ամերիկյան չափման միավոր` հավասար 67.2 խորանարդ մատնաչափի
շարունակելի
Էջանիշներ