Ներողություն եմ խնդրում այսքան ուշացնելու համար: Պարզապես իմ ձեռքի տակ եղած գրքում ոչ մի կոնկրետ սահմանում չկար, իսկ ընթերցասրահ էլ քիչ էի գնում, այն էլ՝ կոնկրետ նպատակներով:
Բարեբախտաբար, այսօր ազատ ժամանակ ունեցա և կարողացա մի քանի գիրք քանդել: Պատկերացրեք, ահագին զարմացա, երբ գտա 2006թ. լույս տեսած Ս. Հ. Սուքիասյանի և Ս. Պ. Մարգարյանի հեղինակած «Հոգեբուժություն» դասագիրքը: Ընդամենը մի քանի օր առաջ մի հինգերորդ կուրսեցու հետ էի խոսում: Նա կարծում էր, թե ամենանոր հայերեն դասագիրքը ավելի քան տասը տարի առաջ լույս տեսածն է: Իմ աչքով էլ ավելի նորը չէր ընկել: Իսկ այսօր ահա հայտնաբերեցի նշված դասագիրքը, որն, ի դեպ, բավական հաջող էր:

Հիմա անցնենք բուն նյութին: Անահիտն ինձ խնդրել էր, որ տամ «հոգեկան հիվանդության» սահմանումը: Մեջբերում եմ նշված գրքից. «"Հոգեկան հիվանդություն" հասկացությունը ներառում է ոչ միայն ավանդական փսիխոզները, այլև նևրոզները, թուլամտությունը, անձնային խանգարումները և այլն»:

Այս տողերը արտագրելիս ես միանգամից պատկերացրեցի հաջորդ հարցը. «Իսկ ի՞նչ է փսիխոզը»: Այդ պատճառով շարունակեցի արտագրությունը.
«Ավանդաբար, փսիխոզ հասկացությունը վերաբերում է հոգեկան գործունեության այն ախտաբանական վիճակներին, որոնց ժամանակ հոգեկան հակազդումները (ռեակցիաները) էականորեն հակասում են իրական հարաբերություններին, ինչն արտահայտվում է արտաքին աշխարհի խաթարված ճանաչմամբ (արտացոլմամբ) և լուրջ վարքագծային շեղումներով»:

Առայժմ այսքանը: Շատ լավ գիտեմ, թե ինչ հարցեր կամ կարծիքներ են հաջորդելու այս գրառմանը: Պատասխաններն էլ մոտավորապես պատրաստ են: Ինձ կներեք, եթե դրանք ուշանան, որովհետև դասագիրքը ձեռքիս տակ չկա, ստիպված գնում եմ գրադարան ու արտագրում: