Այո, միասին են գրվում։
Որքան գիտեմ, ժամանակին նմանատիպ բառերն անջատ են գրվել։ Ենթադրում եմ, որ այնուհետև որոշ ժամանակ երկու ձևերն էլ ընդունելի են եղել՝ թե՛ միասին, թե՛ անջատ գրելաձևերը, բայց ներկայումս ճիշտ է համարվում միասինը՝ անցուդարձ, հարցուփորձ։
Լուսաբանելու համար մեջբերում եմ հատուկ միասին, անջատ կամ գծիկով գրվող բառերի վերաբերյալ բառարանից մի հատված, որտեղ բացատրվում է, թե որ դեպքերում և ինչու են տվյալ բառերը գրվում միասին կամ անջատ.
Ինչպես տեսնում եք, սահմանազատումն, այնուամենայնիվ, այնքան էլ հստակ չէ, շատ դեպքերում դժվար է ինքնուրույն գլխի ընկնել, թե տվյալ բառն ինչպես է գրվում՝ անջատ, թե միասին... Սակայն վերը նշված պայմաններին բավարարող բառերը, կարծում եմ, ապահովության համար արժե միասին գրել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես ասված էր մեջբերված հատվածում, նույնիսկ երկու գրելաձև ունեցող բառերը միտում ունեն հետագայում միասին գրվելու։Անջատ են գրվում ու/և շաղկապով այն բարդությունները, որոնց առանձին շեշտվող բաղադրիչները՝
ա) հոմանիշներ են կամ արտահայտում են առնչակից իմաստներ, ինչպես, օրինակ՝ դեղ ու դարման, բուք ու բորան, նետ ու աղեղ
բ) հականիշներ են, ինչպես, օրինակ՝ ահել ու ջահել, վեր ու վար
գ) միևնույն բառի (կամ բառաձևի) կրկնությունն են, ինչպես, օրինակ՝ չեմ ու չում, քեզ ու քեզ, ծակ ու ծուկ։
Առանց ու շաղկապի գործածվելիս սրանք գրվում են գծիկով, ինչպես, օրինակ՝ նետ–աղեղ, ահել–ջահել, բուք–բորան։
Այսպիսի բարդությունների զգալի մասը զուգագրություն ունի, թեև կցական դառնալու միտում կա, ինչպես, օրինակ՝ կարգ ու կանոն//կարգուկանոն, խաղ ու պար//խաղուպար, ահ ու դող//ահուդող և այլն։
Ու, և շաղկապներով բազմաթիվ բարդություններ, որոնց բաղադրիչներն իմաստով առավել սերտ են, միասնաբար են արտասանվում և հիմնականում նոր, ավելի լայն նշանակություն են արտահայտում, գրվում են միասին՝ վերածվելով կցական բարդությունների, օրինակ՝ տեղնուտեղը, առևտուր, առուծախ, այրուձի, ելումուտ, հալումաշ, այբուբեն, անցուդարձ։
Այնուամենայնիվ, անցուդարձ և հարցուփորձ բառերը երկու գրելաձև ունեցողների թվին չեն պատկանում (հաստատ ստուգել եմ), դրանք միասին են գրվում։
Էջանիշներ