ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հուսահատ դիմում էր ասուլիսը լուսաբանող լրագրողներին. «Լավ, դուք սա ըսենց պտի թողնե՞ք»,- եւ առաջարկեց, որ յուրաքանչյուր լրագրող իր օրվա ժամերից մի 15-20 րոպե տրամադրի հեռախոսով խոսելուն եւ այդ ընթացքում իր հարազատներին, բարեկամներին եւ ծանոթներին համոզի, որ պետք է դուրս գալ ընդդեմ «ԱրմենՏելի» վաճառքի: Արշակ Սադոյանը որոշել է կանխել նաեւ «ԱրմենՏելի» մատուցած ծառայությունների սակագները բարձրացնելու կառավարության փորձը` այս անգամ լրագրողների օգնությամբ:
Արշակ Սադոյանը չթաքցրեց, որ ինքն այլեւս լուրջ սպասելիքներ չունի քաղաքական ուժերից, սակայն ակնարկեց, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր համապատասխան ուժի առկայության դեպքում հնարավորություն կունենան ներսից պայքարել «ԱրմենՏելի» սեփականաշնորհման դեմ: Երեկվա ասուլիսում Արշակ Սադոյանը կոչ արեց. «Ստեղծենք քաղաքացիական հասարակություն, որը թույլ չի տալիս, որ իրեն երկարականջի տեղ դրած՝ ոնց ուզեն խաբեն: Իսկ սրա մեջ 4-րդ իշխանության դերը կարեւոր է»: Ըստ պատգամավորի, 4-րդ իշխանությունը չի կարող կտրված լինել հասարակությունից, դրա համար էլ պետք է մասնակցի Արշակ Սադոյանի նախաձեռնած հանրահավաքին: Արշակ Սադոյանը վստահեցնում է, որ եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «մի հազար մարդ տեսնի` բավական է»: Սադոյանի կարծիքով, «ԱրմենՏելի» սակագները բարձրացնում են պոտենցիալ գնորդի համար, որը լինելու է ռուսական ընկերություն. «Հենց ռուսներն են մեր կառավարությանը ճնշում, թե ձեր վարչական լծակների չարաշահմամբ բարձրացրեք սակագները, որ մեր գումարները կարճ ժամանակում հետ գնվեն»,- համոզված է Սադոյանը: Արշակ Սադոյանը դեռեւս չի կարող համոզված պնդել, թե իրականում ով է «ԱրմենՏելի» ապագա նոր սեփականատեր ընկերության թիկունքում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Էջանիշներ