Շարունակություն...


Հայ է նա, ով.

1) Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական եւ արդի սահմաններում.

2) Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.

3) անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ.

4) արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.

5) հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.

6) ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:

Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց հայրենիք են համարում ոչ թե Հայաստանը, այլ իրենց ծննդավայրի կամ քաղաքացիության երկիրը, ովքեր Հայաստանի նկատմամբ քաղաքական պարտավորություններ ու հոգեբանական կապվածություններ չունեն, ովքեր չեն ուզում մտածել Հայրենիքում ապրելու մասին, չեն ուզում լինել հայոց լեզվի կրողը, գիտակցաբար կամ անգիտակցորեն հաշտվել են իրենց սերունդների անխուսափելի ուծացման ու ձուլման հետ, կարող են համարվել ընդամենը ծագումով հայ, քանի որ իրականում նրանք կամ աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) են, կամ էլ՝ այլ ազգության ներկայացուցիչ: Եվ բոլորովին կարեւոր չէ, որ նրանք այդ ամենով հանդերձ կուրծք կծեծեն ու կբղավեն, թե իրենք են ամենաիսկական հայերը (ակնհայտ ինքնախաբեություն): Էականն այն է, որ այդպիսի անհատը այլեւայլ պատճառներով հայտնվել է ազգի կենսագործունեությունից դուրս եւ նրանում որեւէ անձնական մասնակցություն այլեւս չի ունենում, այն էլ ազգի համար օրհասական պահին:

Այդ առիթով հարկ է նաեւ նկատել, որ ինչպես յուրաքանչյուր ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է նրա` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ եւ ներդրած ավանդով:

Այսպիսով, հային պետք է տարբերել հայկական ծագում ունեցող մարդուց: Սա ամենեւին չի նշանակում առաջինին համարել լավը, իսկ երկրորդին՝ վատը: Պարզապես երկրորդն արդեն չի կարող եւ չի ուզում որեւէ զոհողության գնալ հանուն Հայաստանի եւ արդեն արմատապես տարբեր ազգային ինքնագիտակցություն ունի:

Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության եւ երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին՝ հայոց լեզվի ու մշակույթի վերագտնում, մասնակցություն ազգային կյանքին: Այս իմաստով Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայաստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր ամբողջովին կամ մասնակիորեն հեռացել, խորթացել ու կտրվել են հայոց լեզվից, մշակույթից ու քաղաքականությունից, չեն գիտակցում ամբողջ հայությանը սպառանացող ոչնչացման ընդհանուր վտանգը:

Ուզում եմ կրկնել այն, ինչ բազմիցս գրել եմ: Հայության պահպանումն արտերկրում ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այսօրվա Հայաստանում, այն տարածքում, որը գտնվում է հայկական զինված ուժերի հսկողության տակ: Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն «հայապահպանման» կարեւորագույն տարրերը:

Ֆիզիկական գոյատեւման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանցքն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում եւ կազմում է հայկական ինքնության հիմնասյունը՝ անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգային նպատակների իրագործման:

Այսօրվա դրությամբ դրանք են.

1) ցանկացած գնով պահպանել Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն անհրաժեշտ տարածքը (ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն՝ իր շուրջն ազատագրված բուն հայկական հողերով հանդերձ), որի վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ ժամանակահատվածում,

2) իր հայրենիքում հայ ժողովրդի թվաքանակի մեծացում,

3) Ջավախքի հայության պահպանում,

4) սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքների, հայոց լեզվի եւ մշակույթի, ազգային մյուս արժեքների ու շահերի պաշտպանության ու զարգացման հիման վրա ազգային իրավական պետության կառուցում:

Այդ պայքարի ճանապարհին հարկ է լինում հաղթահարել հսկայական խոչընդոտներ, գործնական, գաղափարախոսական ու հոգեբանական զանազան արգելքներ եւ քարացած կաղապարներ, որոնք թեեւ իրականում բխում են ոչ հայկական աղբյուրներից, բայց հաճախ են կյանքի կոչվում հե՛նց հայկական քաղաքական կառույցների ձեռքերով, այն կառույցների, որ վաղուց կամ նորերս են ընկել արտաքին ուժերից ստրկական կախվածության մեջ:

Այդ նպատակներով պայքարի մեջ հայի ներգրավվածությունն ի վիճակի է նրան տալ էթնիկ դիմադրողականությունն ամրապնդող հույզերի, զգացմունքների ու գիտելիքների այնպիսի պաշար ու հարստություն, որ նրա մոտ ձգտում եւ պահանջարկ կառաջանա նաեւ յուրացնելու եւ կրողը դառնալու ազգային ինքնագիտակցության հիմնարար տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական բարքերի ու սովորույթների:

Ընդհանրացնելով ասվածը, կարելի է եզրակացնել. քանի որ իբրեւ ազգ եւ պետություն Հայաստանը ներքաշված է երկարատեւ պայքարի մեջ թվաքանակով, նյութական պաշարներով ու տարածքով իրեն գերազանցող ուժերի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, ապա այդ պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով:

Արմեն Այվազյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն