Մի հատ տափակագույն պատմվածք տափակագույն անձի մասին ու մի քիչ էլ անհասկանալի:
Տան մոռացված անկյուններից մեկում մի հին ձայներիզ գտավ: Լսեց: Երբեմնի սիրելի, իսկ այժմ ոչ մի արժեք չունեցող երգեր են, որոնց ուղեկցում էր ռադիոյի անտանելի խշշոցը: «Մի ժամանակ խշշոցը նշանակություն չուներ…»,- մտածեց:
Երգերից մեկն ընդհատվեց ծանոթ ծիծաղով և անծանոթ լեզվով մի քանի բառի արտասանությամբ: Մարմնով սարսուռ անցավ: Stop. Rewind. Նորից լսեց: Հիշեց: Վաղուց էր: Միասին խմում էին, երբ ձայնագրելու միտք ծագեց, իսկ նա ծիծաղեց և օտար լեզվով մի քանի բառ արտասանեց, որ այդ ամենը հիշվի, չմոռացվի: Ի՞նչ ասաց: Չհասկացավ ու չիմացավ… Stop, Rewind. Նորից Play: Մի քանի անգամ: Նա չկար, թող ձայնն էլ չլինի: Միակ մասնիկն էր, որ պահպանվել էր: Ծիծաղի կարիքը չկար, դրա տիրոջ՝ առավել ևս: Ջնջել էր պետք: Անհապա՛ղ: Իրար հետևից ձայներիզի վրա ձայնագրեց երգեր, որոնք նրա հետ կապ չունեին, որովհետև շատ հին էին: Bob Dylan - "House Of The Rising Sun", Joan Baez - "Love Is Just A Four-Lettered Word", Joan Baez - "Diamonds & Rust", Joan Baez - "Forever Young", Bob Dylan - "Forever Young", Bob Dylan - "Blowin' In The Wind", Joan Baez - "Blowin' In The Wind"… Ոչ մի րոպե, նույնիսկ վայրկյան չպետք է պահպանվի… Անցյալը թող անցյալ մնա:
Դա էլ չբավարարեց: Վերցրեց ձայներիզը, որն արդեն ծանրաբեռնված էր ինչ-որ ուրիշ երգերով, երկար պահեց ձեռքում ու որոշեց: Մոտեցավ պատուհանին, ամբողջ ուժով դուրս նետեց անցյալը: Թեթևացավ:
Փողոցում մարդ չկար: Շոգ էր: Արևի տակ փայլում էր վնասված երիզը, որը քիչ առաջ ինչ-որ նշանակություն ուներ…
Էջանիշներ