Թեև ընդհանուր առմամբ համաձայն եմ Ivy-ի ասածների հետ, բայց կուզեի իմ խիստ սուբյեկտիվ փոքրիկ ուղղումը մտցնել: Ես գտնում եմ, որ «ներսից» ու «դրսից» ստեղծագործություններ չկան: Դրանք բոլորը ներսից են: Ավելին, այն, ինչ իսկապես դրսից է, կեղծ է, չընթերցվող: Պարզապես հաճախ այն, ինչ մենք կոչում ենք «դուրս», ինչն ընթերցողների լայն զանգվածներին դուր է գալիս, իրականում ներսից է ծնվել, բայց դրսից ներկայացվել: Օրինակ բերեմ. Թումանյանը հանճարեղ գրող է, գրել է պարզ ու հասկանալի լեզվով՝ բարձրացնելով զանազան համամարդկային ու համահայկական խնդիրներ: Բայց դա, իմ համեստ կարծիքով, նրա ներսն էր: Դուրս կլիներ, եթե նա տանը նստած Աֆրիկայի ծառերի վրա ապրող մարդկանց խնդիրների մասին գրեր:
Կարդում ես Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպը, և քեզ թվում է, թե դա նրա ներսի հետ որևէ կապ չունի, որովհետև չկան ներքին մտորումներ, չկա առաջին դեմք, մինչդեռ եթե ծանոթ ես նրա կենսագրությանը, հասկանում ես, որ դրանից ավելի «ներս» ստեղծագործություն հնարավոր չէր գրել:
Իսկ հիմա անդրադառնամ այն չափանիշներին, որոնցով անձամբ ես գնահատում եմ գրքերը: Երբ դեռ փոքր էի, ինձ համար ամենակարևոր պայմանը սյուժեն էր. գիրքը պետք է լիներ հետաքրքիր կարդացվող, որ ես ասեի, թե այն սիրում: Հիմա այլ չափանիշներ ունեմ:
Նախ, գրողը պետք է ասելիք ունենա: Կարծում եմ՝ հենց այդպիսի ստեղծագործություններն անմահանում: Եթե չի ունենում և գրում է միայն գրած լինելու կամ օրիգինալ երևալու համար, ընթերցողը միանգամից զգում է, չի մարսում կարդացածը: Եվ միայն նրանք են հավանում նման գործերը, ովքեր չեն տեսնում, որ թագավորը մերկ է:
Անձամբ ինձ համար ամենակարևորն այն է, որ գիրքը կարդալուց հետո պետք է ինչ-որ բան քաղած լինեմ: Օրինակ, Կոելիոն ինչքան էլ «խորը» մտքեր օգտագործած լինի իր գործերում, որոնցից յուրաքանչյուրը կարող է որպես աֆորիզմ ծառայել, ոչինչ չփոխեց ո՛չ իմ ներսում, ո՛չ դրսում, ոչ մի զգացողություն չառաջացրեց, հետևաբար դա վատ գիրք էր ինձ համար: Մինչդեռ Մարկեսի «100 տարվա մենության» մասին ուղիղ մի ամիս մտածել եմ: Մինչև հիմա էլ, չգիտեմ ինչու, գիրքը երազներիս մեջ տեսնում եմ: Ու թեկուզ բացի հերոսների անուններից ու մի քանի աղոտ դրվագներից ուրիշ ոչինչ չեմ հիշում, այն շարունակում է մնալ իմ ամենասիրած գրքերից մեկը:
Եթե ես ստեղծագործության մեջ գտնում եմ ինքս ինձ կամ իմ մի մասնիկը, այն ավելի եմ սիրում: Այսինքն, գնահատում եմ, երբ գրողի ներսը խոսում է իմ ներսի հետ: Օրինակ, Մարկեսի «100 տարվա մենությունը» որքան էլ սիրեմ, այնտեղ ինձ չեմ գտել, մինչդեռ Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծում» ես կայի:
Մեկ այլ կարևոր չափանիշ եմ համարում լեզուն: Ես սիրում եմ Բակունցին, Հեմինգուեյին, Սելինջերին, և Փոլ Օստերին հենց իրենց լեզվի, գրելաոճի համար… Երբ կարող ես առանց շտապելու մի քանի անգամ նույն պարբերությունը բարձրաձայն կարդաս: Բայց սրա համար կարևոր է ստեղծագործություններն իրենց սկզբնական լեզուներով կարդալ: Թարգմանությունները, որքան էլ հաջող լինեն, կորցնում են այն համը, որը կզգաս բնագրով կարդալիս: Կարելի է ասել, որ ստեղծագործության լեզուն համեմունք է, անհրաժեշտ է, որպեսզի դու «ախորժակով» ուտես:
Նոր վերջում գալիս է սյուժեն: Իհարկե, սյուժեի իսպառ բացակայությունը չի նշանակում, որ ես հաստատ այդ գործը չեմ կարդա, բայց այդ դեպքում գրողի խնդիրն ավելի բարդ է. նա առանց սյուժեի պետք է կարողանա այնպես գրել, որ ոչ մի վայրկյան չձանձրանաս: Նորից պետք է հիշեմ Հեմինգուեյին, որի սյուժեները (գոնե հենց այն վեպերի, որ ես կարդացել եմ) խիստ աղքատ են, բայց մի շնչով կարդացվում է:
Քիչ մնաց՝ մոռանայի պարզությունը: Գնահատում եմ նաև ստեղծագործության պարզությունը, բայց ոչ պարզունակությունը: Հանճարեղ է այն գրողը, որը կարողանում է բարդ ասելիքները պարզ բառերով ներկայացնել: Իսկ խուճուճությունը մեծ մասամբ միայն թվացյալ բարդություն է:
Իսկ թե ինչն է ստիպում ստեղծագործությանը դարերով ապրել, դժվարանում եմ ասել: Միայն գիտեմ, որ իմ նշած չափանիշներին բավարարող գործերը կապրեն գոնե իմ և շատ ուրիշների կյանքում, որից հետո կփոխանցվեն մեր սերունդներին… Չէ՞ որ եթե «100 տարվա մենությունը» մորս սիրած գրքերից չլիներ, երբևէ իմ մտքով չէր անցնի այն կարդալ:
Էջանիշներ