Ես ուղղակի Ուլուանայի և Հայկոյի ասածներին կավելացնեի միայն այն, որ ԳՐՈՂԸ կարող է ամենագրական բառապաշարով ժարգոնային խոսքի տպավորություն ստեղծել: Այո, գողական աշխարհի ներկայացուցիչը գրական ստեղծագործության մեջ կարող է ոչ թե ժաժիգալկա, այլ կրակայրիչ օգտագործել, և ԳՐՈՂԸ կարող է դա այնքան համոզիչ արտահայտել, որ ոչ ոք չտարակուսի: Ոչ ոք չի զարմանում, որ Տիգրան Մեծը կամ Վարդան Մամիկոնյանը գրական երկերում արևելահայ գրական լեզվով են խոսում, ընդ որում նույն ստեղծագործության մեջ արևելահայ գրական լեզվով են խոսում նաև պարսիկները կամ հռոմեացիները: Ինքս սովորական կյանքում էլ աշխատում եմ հնարավորինս գրական խոսել միաժամանակ այնպես, որ խոսքս վերամբարձ և կեղծ չթվա, ու պատկերացրեք` ստացվում է: Կարելի է նույնիսկ գրական հայհոյել, մինչդեռ մեր շատ գրողներ համարձակ թվալու համար իրենց ստեղծագործությունները լցնում են այնպիսի բառերով, որ...
Իսկ ո?վ է ասում, որ այսօրվա մեր երիտասարդությունը այդաստիճան ժարգոնացված է, ինքս բանակում տեսել եմ` ինչպես են երտասարդ տղաները իրարից ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ խնդրում, իրար անվանում ՆԵՆԳ և ՍՐԻԿԱ բառերով: Դա շատ նորմալ էր նայվում: Մեր երիտասարդությունը հակված է դեպի լավը, ուղղակի դեպի վատը ուղղորդողներն են շատ: Եթե ամեն կողմից քարոզվում է պպզել, թքել, ժարգոնավատ լինել կենսաձևը, ուրեմն ոչ ոք իրավունք չունի մարդկանցից այլ բան պահանջելու: Եվ եթե գրողները, ես հատուկ եմ այստեղ այս բառը փոքրատառով գրում, արդարացնում են իրենց կողմից ժարգոնի կիրառումը հասկանալի լինելու պատճառաբանությամբ, սրանով իրենք միայն ցույց են տալիս իրենց անգիտակ, չասեմ` տգետ, լինելը ընթերցողի իրական մակարդակից և միաժամանակ, այո, վիրավորում են դրանով իսկ մեզ` ընթերցողներիս: Մենք շատ ավելի կիրթ ենք, ու սա վերաբերվում է պոտենցիալ ընթերցողների բացարձակ մեծամասնությանը` սկսած ամենախուլ գյուղի ութնավարտ միջակ սովորողից և երրորդ մասեցի լավերից: Ի միջի այլոց, եթե այդ գրողները գոնե մի անգամ ներկա եղած լինեին տղայական թեմաների, հիմա թեմա են ասում և ոչ ՌԱԶԲՈՐԿԱ, ապա կհարստացնեին իրենց բառապաշարը այնպիսի բառերով, ինչպես բացատրվել, արտահայտվել, ի վիճակի լինել ընկալելու, հարգալից վերաբերմունք, ուշադրություն հրավիրել և այլն, և այլն...
Էջանիշներ