Դժվար է պատկերացնել մարդու կողմից առաջ բերած ավելի դաժան, սարսափելի և զզվելի չարիք, քան պատերազմն է: Երբեմն առիթ եմ ունենում հանդիպելու մարդկանց, ովքեր այնպիսի ոգևորվածությամբ ու ռոմանտիկ պատկերացումներով են խոսում պատերազմի մասին, որ ապշել կարելի է: Յուրաքանչյուր նորմալ մարդ, հատկապես որ ականատես է եղել պատերազմի պատճառած չարիքներին ու կրել դրա դաժան հարվածները, երբևէ չի կարող համաձայն լինել պատերազմ տեսնելու: Սակայն ուզենք, թե չուզենք, ստիպված ենք արձանագրել, որ հաղթանակի ու խաղաղության գինը պատերազմն է: Պատերազմից փախուստ տալով կամ խուսափելով, երբ այն անխուսափելի է, երբևէ չենք խուսափի պատերազմի չարիքներից ու դառը հետևանքներից. ավելին` կկորցնենք եղածը: Այո, միշտ պատրաստ պիտի լինենք պատերազմի, միշտ պատրաստ պիտի լինենք պաշտպանելու մեր իրավունքներն ու արժեքները, Աստծո կողմից մեզ շնորհված Հայրենիքը: Եվ պատրաստ պիտի լինենք պատերազմի` անկախ բոլոր ցավալի հանգամանքներից, ի շարս որոնց շատերիս կրած հիասթափություններից, որոնք կարող էին և չլինել (ավելի չեմ ցանկանում բացել փակագծերը): Մենք պետք է ապրենք մեր տանն ու Հայրենիքում ոչ թե օտարի կամ հյուրի նման, այլ տանտիրոջ իրավունքով, պետք է ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, և ոչ թե` ինչպես ուրիշները: Հանուն հաղթանակի ու խաղաղության պատրաստ պետք է լինել պատերազմի ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի և մեր կորուսյալ Հայրենիքի բոլոր հատվածների համար: