- Դու Ակումբում գրանցված ես վաղուցվանից, կարելի է ասել՝ առաջին օրերից, բայց ակտիվորեն գրառումներ սկսեցիր անել ավելի քան մեկ տարի անց: Ինչու՞:
- Ես Vision ֆորումի անդամ էի: Այնտեղ մի օր տեսա Ակումբի մասին հայտարարությունը, առանց երկար մտածելու գրանցվեցի: Դրանից անմիջապես հետո ֆորումներում մասնակցելու բոլոր տիպի ցանկություններս հօդս ցնդեցին, Vision-ում պասիվացա, Ակումբում այդպես էլ չակտիվացա: Մի օր՝ շատ ժամանակ անց, Մալազիայում էի ու ինձ մի տեսակ մենակ էի զգում… Հայերեն շփվելու կարիք ունեի: Հիշեցի Ակումբի մասին, սկսեցի գրել:
- Բայց դու ժամանակ առ ժամանակ հայտնվում էիր Ակումբում, կոչ անում, որ բոլորը «Հայ սուպերսթարում» Աննա Ավետյանի օգտին քվեարկեն: Դու նրա հետ ինչ-որ կա՞պ ունես, թե՞ պարզապես դուրդ եկել էր:
- Դա հենց գրանցմանս ժամանակներն էին ոնց որ: Բոլոր տեղերում էլ էդ կոչն անում էի, շատ էի սիրում նրան… Ուրիշ ոչ մի կապ չունեմ:
- Իսկ Մալազիայում ի՞նչ գործ ունեիր:
- Ընկերս, որը հիմա ամուսինս է, գործուղման էր էնտեղ, ես էլ գնացել էի մոտը, ու քանի որ երկու ամսից ավելի էնտեղ էի բնակվում, ժամանակն իզուր չկորցնելու համար նաև պրակտիկա էի անցնում մի միջազգային դպրոցում՝ որպես կրթական կոնսուլտանտ:
- Կպատմե՞ս մի քիչ ամուսնուդ մասին: Ինչպե՞ս եք ծանոթացել:
- Ուղիղ մի տարի առաջ էր: Մի քանի ամիս էր, ինչ եկել էի Գերմանիա, ու էնպես էր ստացվել, որ պիտի էստեղի իմ հին բնակարանը հանձնեի: Նորը գտնելու անհրաժեշտություն էր առաջացել: Ինտերնետում հայտարարություններ կարդացի, որոնցից մեկն էլ ամուսնուս էր պատկանում: Հանձնում էր իր բնակարանը, քանի որ մի քանի ամսով պետք է գործուղման գնար Մալազիա: Գնացի բնակարանը տեսնելու: Բնակարանը չվերցրի… բայց սկսեցինք հանդիպել: Հետո էլ իրար հետ գնացինք Մալազիա, հետ եկանք ու սկսեցինք ապրել այդ նույն բնակարանում, որտեղ էլ ապրում եմ մինչև օրս:
- Բոլորս գիտենք, որ Գերմանիայում ես: Ի՞նչ ես անում այնտեղ:
- Սովորում եմ Մյունխենի պետական համալսարանում: Չորս ամսից ավարտում եմ:
- Ինչու՞ հենց Գերմանիա:
- Գերմանիան ինձ համար ինքնանպատակ չէր: Ուզում էի գնալ Հայաստանից ու նաև ուզում էի արտասահմանում կրթություն ստանալ իմ ուզած մասնագիտությամբ, որը նաև մեծ ծախսերի հետ կապված չէր, Գերմանիայում էր: Դիմեցի, ընդունվեցի (դե Գերմանիայում ուսումն անվճար էր մինչև վերջերս):
- Ինչու՞ էիր ուզում Հայաստանից գնալ: Միայն կրթություն ստանալու՞, թե՞ ուրիշ պատճառներ էլ կային:
- Արդեն էնքան եմ խոսել դրա մասին, որ քիչ է մնում՝ հոդված գրեմ: Լավ չէր ինձ Հայաստանում ոչ մի իմաստով… Ավելի ճիշտ, բոլոր իմաստներով վատ էր: Հայաստանն իմ երկիրը չէ, իմ տունը չէ… Ինչքան էլ տխուր է դա խոստովանելը, բայց դա այդպես է: Երբ ամեն վայրկյան զգում ես, որ դու այդ հասարակության անդամ չես, որ դու ապրում ես ոչ քո կյանքով, երբ ինքնակայացման ու ինքնաիրացման դաշտ չկա… և ուղեղդ երկու կես է լինում, երբ սիրտդ կամաց-կամաց հալվում է ցավից, չարժե մնալ այդ երկրում:
- Գերմանիան քո տու՞նն է:
- Քիչ-քիչ դառնում է:
- Կարո՞ղ ենք ենթադրել, որ դու երբևէ չես վերադառնա Հայաստան ապրելու:
- Ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք, դրա համար չեմ ասում… Բայց եթե կա մի բան, որը ամենամոտն է երբեքին, ապա դա իմ՝ Հայաստան վերադառնալն է:
- Հյուր չե՞ս գա:
- Հյուր կգամ, արդեն եկել եմ մի անգամ՝ հոկտեմբերին:
- Իսկ երբ գնացիր Գերմանիա, միանգամից քեզ էդպես լա՞վ զգացիր, թե՞ ինչ-որ դժվարությունների հանդիպեցիր:
- Դժվարությունների չեմ հանդիպել, մշակութային շոկ չեմ ունեցել: Առաջին օրվանից ամեն ինչ շատ լավ է անցել: Էստեղ եթե մի քիչ խելք ունես, հետևում ես օրենքներին ու կարգին, դժվար որևէ խնդիր ունենաս ցանկացած ասպարեզում: Ես մշակութային շոկ Հնդկաստանում եմ ունեցել վերջերս: Ա՛յ, էնտեղ ահագին դժվար էր:
- Հնդկաստանում ի՞նչ էիր անում:
- Այցելության էի գնացել ամուսնուս հարազատներին:
- Ամուսինդ հնդի՞կ է:
- Հա՛: Ուրիշ ազգ և ուրիշ կրոն… Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն:
- Դա ի՞նչ մշակութային շոկ էր: Ի՞նչն էր քեզ էդպես ցնցել:
- Եթե ուղղակի գնայի այցելելու այդ երկիրը, երևի էդքան մեծ շոկ չէր լինի: Իսկ երբ հասկանում ես, որ դու հիմա ինչ-որ իմաստով դրա մի մասնիկն ես կամ այն պիտի դառնա քո մի մասնիկը, մի քիչ դժվար է ներգրավվել դրա մեջ… ավանդույթները, սովորույթները, նորմերը, արժեքները… Ու պիտի էդ ամեն ինչը սովորեմ, որովհետև ապրում եմ այդ մշակույթը կրող մարդու հետ ու մի օր երեխաներս են լինելու դրա կրողը:
- Երգչուհի Ալանիս Մորիսեթը Հնդկաստանից վերադառնալուց հետո այնքան էր ոգեշնչվել, որ մի ամբողջ ալբոմ գրեց: Իսկ դու՞: Քո ստեղծագործական մտքի վրա ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ այդ ճամփորդությունը:
- Վերջին հեքիաթս, որը տեղադրված է Ակումբում, ծնվել է Հնդկաստանից հետ գալու ճանապարհին: Մի քիչ սիրային երանգներ ունի. հաստատ Հնդկաստանի և ամուսնուս ազդեցությունն է կրում: Համ էլ շատ ցնդած բաներ է պարունակում: Դա էլ իմ մշակութային շոկից առաջացած կիսախփնված վիճակի ազդեցությունն է: Իմ ստեղծագործական վերելքն էլ ցնդած հեքիաթներն են… դե ես ու՜ր, Ալանիս Մորիսեթն ու՜ր:
- Քո ցնդած հեքիաթների հերոսներին որտեղի՞ց ես ճարում: Նախատիպեր ունե՞ն, թե՞ երևակայությանդ ծնունդն են:
- Ես ինքս ցնդած եմ ոտքից գլուխ: Դրանից ավելի էլ ի՞նչ նախատիպ է պետք: Գլխումս չգիտեմ որտեղից առաջացող բոլոր խելառությունները հանձնում եմ թղթին: