Ապրիլի 17-ի մամլո ասուլիսում Վազգեն Մանուկյանը մի քանի հանճարեղ "միտք" է արտահայտել, որոնք արժանի են տեղ զբաղեցնելու արդի քաղաքագիտության անգերազանցելի նվաճումների շարքում: Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է.
ա) "2008-ի ընտրություններն ավելի քիչ են կեղծված եղել, քան 2003 թվականին": Վ. Մանուկյանը, լինելով մաթեմատիկոս, ըստ երեւույթին, լուրջ հիմք ունի` նման պնդում անելու համար: 2003 թվականի ընտրություններում նա ստացել է 0,6% ձայն, իսկ 2008-ին՝ 1,1%, այսինքն՝ 0,5%-ով ավելի, ինչը նշանակում է, որ վերջին ընտրություններն իր համար ավելի լավ են եղել, քան նախորդը: Այս պարզ թվաբանությունը Մանուկյանին նաեւ լավատեսություն է ներշնչել այն առումով, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ կես տոկոս ավել ձայն հավաքելով` ինքը 100 ընտրությունից հետո վերջապես կհասնի իր բաղձալի նպատակին, այն է՝ կբազմի Հայաստանի Նախագահի գահին: Թեեւ դրա համար կպահանջվի 500 տարի, բայց դա Մանուկյանի համար մանրուք է, քանի որ նա անմահ է:
բ) "Ես պայքարել եմ, որ ընտրություններին ժողովուրդն ինձ ընտրի. ես պարտվել եմ, իրան են ընտրել": Վազգեն Մանուկյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պարտվել է Սերժ Սարգսյանին: Իրականում իր կողմից լավ համարված ընտրություններում նա պարտվել է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Արթուր Բաղդասարյանին եւ թե՛ Վահան Հովհաննիսյանին՝ գրավելով 5-րդ պատվավոր տեղը: Վազգենի իրական փորացավը, սակայն, մյուսները չեն, այլ բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին նա իբր հաղթել է 1996-ին, բայց 2008-ին, չգիտես ինչու, նրանից 20 անգամ պակաս ձայն է ստացել: Ինչ-ինչ, սակայն այս անարգանքը Վազգեն Մանուկյանը չի կարող մարսել:
գ) "Սերժ Սարգսյանը կարող է լավ նախագահ լինել": Հիշեցնենք. շուրջ մեկ տարի առաջ Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին ասել էր, որ նա "կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք": Սերժ Սարգսյանը սրան հակադարձել էր` ասելով. "Իդիոտն ինքն է": Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ, ի հարգանս ընդդիմախոսների, երկուսին էլ կարելի է իրավացի համարել: Սակայն կարեւորը տվյալ պարագայում Վազգեն Մանուկյանի տրամաբանության հետ կապված այն առեղծվածն է, թե ինչպես իդիոտը կամ տականքը կարող լավ նախագահ լինել:
Ինչպես տեսնում ենք, Վազգեն Մանուկյանի մտքերը քանի գնում, այնքան հանճարեղ են դառնում: Համենայնդեպս, չի կարելի արժանին չմատուցել նրան եւ չխոստովանել, որ վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մի այլ գործիչ այնպիսի դեգրադացիա չի ապրել, ինչպիսին արձանագրել է Վազգեն Մանուկյանը:
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Էջանիշներ