Գարնանամ՞ուտն էր պատճառը, թե՞ ջերմ արևը, կամ էլ այդ ժպտացող ծաղկած բալենին, որ Անահիտն այդքան լավ տրամադրություն ուներ: Կամ թե պատճառը նոր աշխատանքի մեջ է՞ր: Արդեն մեկ ամիս է, ինչ աշխատում է: Ուսումն ավարտելուց հետո անմիջապես տեղավորվեց աշխատանքի: Ոչ բոլորի բախտն էր այդպես բերում: Դե պարզ է, իր համար դժվարություն չկար, մայրը ճանաչված բժշկուհի է, ինքն էլ ստանալով բժշկի որակավորում, շնորհիվ մոր ծանոթների, գտավ աշխատանք: Սկզբում դժվարությամբ ընդունեց այս աշխատանք առաջարկը, դե ավելի շուտ կցանկանար մեծ հիվանդանոցում աշխատել, ոչ թե ծերանոցում: Մի տեսակ մենակ էր իրեն զգում, բոլորը տարիքն առած մարդիկ էին: Կարծես աշխատողներն էլ հատուկ մեծահասակներ էին ընտրված, գուցե երիտասարդները չեն էլ ցանկանում այստեղ աշխատել: Սկզբում նեղվում էր, իրեն պարտադրված հասնում աշխատանքի: Օրերն էլ թվում էին երկար ու ձանձրալի: Իսկ այսօր չկար այդ զգացումը: Ի?նչն էր պատճառը, ի՞նչ էր փոխվել այս մեկ օրվա մեջ, որ այսքան ուրախ է: Նստել էր ծաղկած բալենու տակ դրված նստարանին ու նայում էր բակում գարնան արևով ջերմացող ծերունիներին: Հիմա բոլորն էլ հարազատի պես էին, անգամ այն կամակոր պապիկը, որ հաճախ էր իրեն բարկացնում, հունից հանում, նույնիսկ մեկ անգամ լացացրել էր: Միշտ թերահավատորեն էր նայում իրեն, նշանակած դեղերը չէր խմում, պատճառաբանում էր, թե այս երեխան ինչ գիտի, որ իրեն բուժի: Հիմա դա հիշում էր որպես մի կամակորություն, ոչ թե չարություն:
Նորից հերթով նայեց ծերունիներին: Մի տաք ալիք անցավ մարմնով, երբ հայացքը կանգ առավ իրենից քիչ հեռու նստած փոքրամարմին կնոջ վրա: Նախորդ օրը այս տատիկի սենյակում սովորականից ավելի երկար մնաց: Պատճառը ոչ թե նա էր, այլ այդ սենյակի մեկ այլ տարեց: Նա անկողնային հիվանդ է: Վիճակը բավականին վատ էր: Ծերունական հիվանդությանը գումարվել է նաև քաղցկեղը, որը մաշում ու քայքայում է խեղճ կնոջը: Ցավերն այնքան ուժեղ էին, որ ստիպվածէին ցավազրկող ներարկել: Բուժել հնարավոր չէր, փորձում էին ինչ-որ կերպ ցավերը մեղմել:Ա յստեղ շատ հազվադեպ էր պատահում, որ ծերանոցի բնակիչներին այցելուներ ունենան: Այս կնոջն էլ իր աշխատած մեկ ամսվա ընթացքում ոչ-ոք չէր այցելել: Մինչև այդ օրը: Այդ օրը մի երիտասարդ էր եկել` հիվանդի քրոջ որդին էր: Սենյակի մի անկյունում նստած` լուռ հետևում էր բուժաշխատողների աշխատանքին: Անահիտը հաճախ էր զգում իրեն սևեռած հայացքը, որի մեջ մի տեսակ ջերմություն կար: Փորձում էր ցույց չտալ, որ նկատում է: Դեմքի լուրջ հայացքով թաքցնում էր ներքին հուզմունքը, բայց շառագունած այտերը մատնում էին իրեն:
Գործն ավարտելուց հետո գնաց աշխատասենյակ: Նստել էր սեղանի մոտ, բայց գրառումներ անելու փոխարեն տարվել էր մտքերով: Անկախ իրենից այդ տղայի մասին էր մտածում, փորձում հիշել դեմքը, պահվածքը: Սթափվեց դռան թակոցից:
-Մտեք,- ասաց ու գրիչն առավ ձեռքը: Ներս մտնողը հենց այդ պատանին էր: Մի պահ շփոթվեց, թվաց, թե մատնեց իրեն, իր մտքերին: Բայց շուտ կարողացավ թաքցնել շփոթմունքը և պատրաստակամ նայեց նրան.
-Լսում եմ:
-Բժշկուհի, եկել եմ շնորհակալությունս հայտնեմ:
_Դե դա մեր գործն է, դրա համար շնորհակալ լինել պետք չէ:
-Հասկանում եմ, բայց Դուք այնքան հոգատար ու սրտացավ եք: Շատերը հարազատից չեն ստանում այն, ինչ Դուք եք տալիս:
Պատմեց, որ ինքը բանակում ծառայելիս է եղել, այդ պատճառով չի մորաքրոջն այցելել: Մորաքույն այստեղ միայնակ է, բոլոր հարզատները օտարության մեջ են: Այստեղ մանցած միակ հարազատն ինքն է: Ուզում է ինչ-որ կերպ թեթևացնել, մեղմել եթե ոչ ցավը, ապա գոնե հոգու կարոտի մորմոքը:
Առաջին անգամ էր տեսնում այդ տղային, բայց մի տեսակ ջերմություն, հարազատի շունչ էր հաղորդում իրեն: Զրուցում էր, պատմում իր անցյալի մասին, ապագա ծրագրերի մասին: Անահիտը չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր այսքան երկար զրուցել, այն էլ տղամարդու, այն էլ օտար, անծանոթի հետ: Միշտ խուսափել էր մարդաշատ միջավայրից: Բարեկամները գիտեին իր մելանխոլիկ բնավորությունը և շատ չէին անհանգստացնում: Ուսանելու տարիներին ավելի շատ էր մեկուսացել, դարձել ինքնամփոփ: Կուրսեցիներից չորս տարով մեծ էր: Միայն չորրորդ տարն էր, որ կարողացավ իր համռության շնորհիվ ընդունվել: Ու մի տեսակ ամաչում էր իր մեծ լինելուց: Իր հասակակիցները բարձր կուրսում էին` իրենց ընկեր- ընկերուհիներով, իր համար կարծես տեղ չկար: Իսկ կուրսում էլ չէր գտնում իրեն հարմար մեկին: Հետո շատ ուշ կարողացավ մտերիմ ընկերուհի ունենալ:
Իսկ հիմա նստել ու զրուցում է տարիքով իրենից բավականին փոքր ու անծանոթ մի տղամարդու հետ:
Գնելի գնալուց հետո էլ երկար ժամանակ մտովի շարունակում էր զրուցել: Հիմա նորից նրան մտաբերեց…
շարունակելի...
Էջանիշներ