ԱրմենՏել»-ի ղեկավարը հուսով է, որ բոլոր օպերատորները խելամտություն կունենան գնային պատերազմի մեջ չմտնելու համար

//08.12.2009
Երեւան /Մեդիամաքս/.

«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) նպատակ չունի վարել այն աստիճանի դեմպինգային քաղաքականություն, որի դեպքում եկամտաբերությունը կհասնի զրոյի, եւ հուսով է, որ բոլոր օպերատորներն այնքան խելամտություն կունենան, որ չեն մտնի գնային պատերազմի մեջ:

Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` նշելով, որ «գնային պայքարի մեջ մտնելը հեշտ է, սակայն շատ դժվար է դրանից դուրս գալը»: Միաժամանակ նա ասել է, որ Beeline-ի թե ինտերնետի, եւ թե բջջային կապի սակագներն ամենալավն են հայաստանյան շուկայում: «Հատկապես այն պայմաններն ու գները, որ մենք առաջարկում ենք ինտերնետին միացման համար, Հայաստանում նմանը չունեն, եւ չեմ կարծում, որ մրցակիցներից որեւէ մեկը կկարողանա մոտ ապագայում կրկնել դրանք»,- եզրափակեց Իգոր Կլիմկոն: