Ինչո՞ւ է ինտերնետը դանդաղ
«ԱրմենՏելը» մեղավորներ է փնտրում դրսում
Արմենակ Չատինյան
«ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը Hi-Line ինտերնետի ցածր արագությունները բացատրում է հիմնական երեք պատճառով, որից միայն մեկն է վերաբերում «ԱրմենՏելին»: Հայաստանում ինտերնետ հասանելիության շուկայում կրքերը շարունակում են բորբոքվել: «ԱրմենՏելը» հայտարարում է, որ որոշ հայկական պրովայդերներ, որոնք հայելիացնում են մի շարք ճանաչված կայքէջեր, Hi-Line-ի բաժանորդների համար մտցրել են մատչումի արագության սահմանափակում: «Ком в горле» - «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսպես է մեկնաբանում իրենց Hi-Line ծառայությանը որոշ պրովայդերների մոտեցումը: Խոշոր պրովայդեր ADC ընկերության (որը նաև իրականացնում է կայքէջերի հայելիացում) գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանն էլ ասում է, որ իրենք սահմանափակումներ չեն մտցրել:
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Hi-Line ծառայությունից (ինտերնետ հասանելիության ծառայություն ADSL տեխնոլոգիայով) օգտվող մի շարք բաժանորդների մոտ ինտերնետի ցածր արագությունները բացատրեց հիմնական երեք պատճառով, որից միայն մեկն է վերաբերում «ԱրմենՏելին»:
Ըստ նրա՝ մի շարք բաժանորդների մոտ ինտերնետ արագությունների անկումը պայմանավորված չէ հայտարարված ակցիայի արդյունքում ցանցի, կապուղիների ծանրաբեռնվածությամբ:
«Մինչև ակցիան սկսելը «ԱրմենՏելն» ավելացրել է թե՛ ներքին, թե՛ արտաքին կապուղիների թողունակությունը: Մասնավորապես` այսօր արտաքին կապուղիների ընդհանուր թողունակությունը կազմում է 2,2 Գբիթ/վրկ, որից 1,2 Գբիթ/վրկ-ը հատկացված է Hi-Line-ին»,- նշեց Կլիմկոն՝ հավելելով, որ եթե բաժանորդը նույնիսկ ունի բարձր արագությամբ ինտերնետ, նա մի շարք կայքէջերից չի կարող այդ արագությամբ ներբեռնում կատարել, քանի որ այդ կայքէջերն իրենք են սահմանափակում ներբեռնման արագությունը:
«Այստեղ «ԱրմենՏելը» մեղքի բաժին չունի»,- ասաց Կլիմկոն:
Կլիմկոն նշեց, որ բաժանորդների մոտ ինտերնետի արագությունը նաև կախված է առկա հեռախոսագծերից, որոնք հաճախ չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: «Մենք պատրաստ ենք վերացնել առկա խնդիրները, բարելավել ենթակառուցվածքները»,-նշեց Կլիմկոն՝ հավելելով, որ գալիք տարի ամրակցված հեռախոսակապի ենթակառուցվածքում նախատեսվում են լուրջ ներդրումներ, մասնավորապես՝ ամբողջովին կթվայնացվի Երևանը:
«ԱրմենՏելի» ինտերնետ բաժանորդների մոտ մի շարք էջերից ներբեռնման ցածր արագությունները Կլիմկոն բացատրում է նաև հայկական մի քանի պրովայդերների գործողություններով: «Մեր Hi-Line-ը պրովայդերների կոկորդին մնացած ոսկոր է, և նրանք սահմանափակում են իրենց կողմից հայելիացած մի շարք ճանաչված կայքէջերի արագության մատչումը»,- նշեց նա:
Պրովայդերների այս գործողությունները, ըստ Կլիմկոյի, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, և «ԱրմենՏելը» պատրաստվում է բողոքել համապատասխան պետական ատյաններին:
«ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ADC (Armenian Datacom Company) ընկերությունը դեկտեմբերի 16-ից («ԱրմենՏելի» Hi-Line ծառայության ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 5-ին) սահմանափակել է հայելիացրած gmail, youtube կայքէջերի մատչումի արագությունը:
Նշենք, որ «ԱրմենՏելի» տրաֆիկի արագության գրաֆիկից երևում է, որ դեկտեմբերի 16-ից վերոնշյալ կայքէջերի մատչումի արագությունը նվազել է շուրջ 40 անգամ:
ADC ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը «Կապիտալին» այսպես մեկնաբանեց «ԱրմենՏելի» մեղադրանքը. «Մի փոքր զարմացած եմ «ԱրմենՏելի» նման վարվելակերպի վրա: Մենք հայելիացված կայքէջերի նկատմամբ արագության սահմանափակում չենք մտցրել, այլ ցանցում կատարում ենք սպասարկման աշխատանքներ, և հայելիներն անջատվել են»:
Այսօր ինտերնետ բաժանորդները ճանաչված կայէջերից օգտվելու համար միանում են արտերկրում տեղադրված սերվերներին, ինչը նշանակում է, որ «ԱրմենՏելի» բաժանորդները պետք է խնդիրներ չունենան: Վ. Խաչիկյանը նշեց, որ ցանցում կատարված աշխատանքներն ակնկալում են ավարտել երկու օրից:
«Մենք մի քանի անգամ «ԱրմենՏելի» առջև բարձրացրել ենք հայելի կայքէջերից օգտվել հարցը, մասնավորապես՝ կոմերցիոն հիմունքներով, բայց նրանք դրան վերաբերվել են որպես երրորդական կամ չորրոդական հարց: Մենք միակողմանի չենք պարտավորվել սպասարկել, կատարել ֆինանսական ծախսեր այդ հայելիների համար»,- նշեց Խաչիկյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում նման ծառայությունների համար սովորաբար վճարում են:

Էջանիշներ