ԴԻՄԱԿՆԵՐ
Քայլում ես փողոցով... Բազմաթիվ դեմքեր են անցնում կողքովդ՝ միանման, սառը, անտարբեր, անհաղորդ ու օտար... Այսպես անընդհատ աշխարհում անհամար դեմքեր են անցնում իրար կողքով՝ չտեսնելով ու չնկատելով միմյանց... Եվ ոչ ոք չգիտի՝ ինչեր են թաքնված այդ անթափանց դիմակների տակ. սե՞ր, ատելությու՞ն, տխրությու՞ն, քնքշությու՞ն, գուցե քիչ առաջ ստացած ուրախալի լուրից առաջացած հրճվա՞նք, կամ գուցե անտարբերության քողի տակ ծպտված անմխիթար մենակություն ու անօգնականությու՞ն... Ո՞վ գիտե... Եվ ընդհանրապես ո՞վ կարող է իմանալ...
Անցնող դիմակներից մեկից ժամն ես հարցնում, մի պահ կարծես սթափվում է, մի տեսակ դուրս է գալիս մինչ այդ հագած դիմակից ու փոքր-ինչ «կենդանանալով»՝ պատասխանում հարցիդ (դրանից առաջ դու չէիր էլ կասկածում, որ նա ժպտալ գիտի), կամ գուցե պարզապես այդ պահին, ինքն էլ չնկատելով, թե ինչպես, ակնթարթորեն մեկ ուրիշ դիմակ է դնում, և դու այդպես էլ չես իմանում, ասենք, խոստովանիր, որ առանձնապես չես էլ ուզում իմանալ, թե իրականում ինչպիսի դեմք է բնակվում այդ դիմակի տակ։ Շատ հնարավոր է, որ քո հարցից ընդամենը մի քանի րոպե առաջ նրան դաժանորեն դավաճանել են կամ նման մի բան, և հիմա նրա ապրելն էլ չի գալիս... բայց դիմակի շնորհիվ դու դրա մասին չես իմանում ու երբեք էլ չես իմանա։ Չէ՞ որ ուրիշներն էլ քո դեմքը չեն տեսնում...
Ահա քո դիմացից մեկ ուրիշ դեմք է գալիս... կամ դիմակ (երբեք չես կարող համոզված լինել)... Գուցե նա հենց այն դեմքն է, որին սպասել ես ամբողջ կյանքում, թեև արտաքինից ընդամենը մի դիմակ է՝ մյուս բոլոր դիմակների նման։ Ձեր միջև եղած տարածությունը անասելի արագությամբ փոքրանում է... բայց, որքան էլ տարօրինակ է, նա էլ է մյուս բոլոր դեմքերի նման անհաղորդ անցնում կողքովդ՝ անգամ չնայելով քո ոչ պակաս անհաղորդ դեմքին, կամ, լավագույն դեպքում նայելով դրա միջով, իսկ մի քանի վայրկյան հետո ձեր միջև եղած տարածությունը կրկին սկսում է մեծանալ, մեծանում է այնքան, մինչև դու նրա գոյության մասին այլևս չես էլ հիշում։ Եվ այդպես էլ երբեք չես իմանում, որ հենց նոր կորցրիր կյանքիդ գուցե ամենաթանկ ու հարազատ մարդուն կամ գոնե հիանալի ընկերոջը՝ առանց նույնիսկ ձեռք բերելու...
Ո՞վ գիտե, թե օրական քանի մարդ է հարազատ հոգի կորցնում՝ անգամ չկասկածելով դրա մասին...![]()
Էջանիշներ