Այս տարի Նոր Տարվա գիշերը 23:45–ից մինչև մոտավորապես ժամը 3–ը 15–16 թաղամասից մինչև Դավիթաշեն ու Զովունի գյուղ հոսանքազրկված էր։ Տարբեր ծանոթներիս հետ հարցուփորձի արդյունքում պարզեցի, որ Երևանի այլ թաղամասերում էլ են հոսանքազրկումներ եղել։ Որոշ տեղերում ավելի վաղ են անջատել, ու 23:45–ին միացրել են։
Վերջին 10 օրերին տարբեր թաղամասերում էլի մի քանի անգամ մի քանի ժամով հոսանքի անջատումներ են եղել։

Նախորդ տարիներին էլ Նոր Տարվա գիշերը մեր թաղամասում անջատումներ էին լինում, սովորաբար դեկտեմբերի 31–ին 18:00-ից մինչև 23:55–ի սահմաններում։ Բայց մինչև այս տարի ոչ մի անգամ չէր եղել, որ ժամը 12–ին ու դրանից հետո լույս չլիներ։
Անցյալ տարիներին այդ հոսանքազրկումները պատճառաբանվում էին, թե իբր ամսի 31–ի երեկոյան բոլորը էլեկտրական պլիտաների վրա ամանորյա ճաշեր են պատրաստում, հոսանքի լարերը գերծանրաբեռնվում են ու չեն դիմանում։ Տրամաբանական հիմնավորում էր։
Բայց հիմա, երբ շենքերը գազաֆիկացված են ու ոչ մեկ էլեկտրական պլիտայի վրա ճաշ չի եփում, տների ջեռուցումն էլ հիմնականում էլի գազով է, հին պատճառաբանությունն արդեն տրամաբանական չի թվում։

Ի՞նչ եք կարծում, այս հաճախակի հոսանքազրկումների պատճառը ո՞րն է։ Որևէ ինֆորմացիա ունե՞ք։ Ձեր թաղամասու՞մ ինչպես է։ Լույսերը հաճա՞խ են գնում։


Լուրեր են պտտվում, որ իշխանությունները միտումնավոր են հոսանքազրկումներ կազմակերպում, որպեսզի ժողովրդի ենթագիտակցության մեջ լույս չլինելն ասոցացվի Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական ակտիվության հետ։
Ի՞նչ կարծիքի եք։